«Մարտական ծառայության համար 2-րդ աստիճանի» մեդալակիր Արթուր Պողոսյանը հպարտանում է իր մարտական կենսագրությամբ
Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքը շուքով է դիմավորել Հայոց բանակի շարքերից օրերս զորացրված զինծառայողին՝ «Մարտական ծառայության համար 2-րդ աստիճանի» մեդալակիր, ապրիլյան պատերազմի մասնակից, 2017 թվականի փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը թշնամու դիվերսիոն հարձակումը հետ մղելիս աչքի ընկած Արթուր Ռոմանի Պողոսյանին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ձորագյուղի գյուղապետ Լեւիկ Գրիգորյանը, Արթուր Պողոսյանը մեկն է Ձորագյուղի այն 12 զինծառայողներից, ովքեր զորակոչվել էին 2015 թվականի ամռանը: «Նրանց 80 տոկոսը ծառայությունն անցկացրել է Արցախում, եւ, բնականաբար, ակտիվ մասնակցություն ունեցել ինչպես 2016 թվականի ապրիլյան պատերազմում, այնպես էլ՝ դրան հաջորդած այլ նշանավոր իրադարձություններում: Մասնավորապես, Արթուր Պողոսյանն իրեն քաջաբար է դրսեւորել 2017 թվականի փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը՝ թշնամու դիվերսիոն հարձակումը կանխելու ժամանակ, ինչի համար էլ ՀՀ Նախագահի կողմից արժանացել է «Մարտական ծառայության համար 2-րդ աստիճանի» շքանշանի,հրամանատարության կողմից՝ ավագ սերժանտի կոչման: Ոչ միայն իրենց ընտանիքը, այլ նաեւ ողջ գյուղն է պատվով դիմավորել իր հերոս զավակին, իսկ գյուղապետարանը նրան խրախուսել է դրամական պարգեւով:Այս պահի դրությամբ 2015 թվականին զորակոչված 12 տղաներից 9-ն արդեն զորացրվել եւ վերադարձել են հայրենի գյուղ, իսկ օրերի ընթացքում կգան նաեւ մեր 3 զինվորները»,-ներկայացրեց Լեւիկ Գրիգորյանը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Արթուր Պողոսյանը ներկայացրեց իր տպավորությունները ապրիլյան պատերազմից եւ թշնամու դիվերսիոն հարձակումը հետ մղելու գործողություններից՝ գնահատելով հայոց բանակի սպաների ու զինվորների անձնուրաց, հայրենանվեր ծառայությունը:«Բանակ զորակոչվել եմ 2017 թվականի հուլիսի 16-ին: Երեւանի հավաքակայանում վիճակահանությանը մասնակցել եմ եւ միանգամից մեկնել իմ ծառայության վայր՝ Արցախի Հանրապետություն:Ծառայել եմ որպես հրաձիգ:Առաջին անգամ շփման գիծ եմ մեկնել 2016 թվականի փետրվարի 7-ին: Ապրիլի 1-ին մենք հերթական անգամ բարձրացանք դիրքեր, եւ հենց նույն գիշերն էլ թշնամին սկսեց չդադարող հրետակոծությունը, որը տեւեց մինչեւ ապրիլի 4-ը: Մենք անցել էինք դիրքավորված պաշտպանության: Մենք այդպես էլ մարտի մեջ չմտանք, թեեւ ամեն վայրկյան սպասում էինք թշնամու համընդհանուր ներխուժմանը: Շնորհիվ մեր դիվիզիոնի հրամանատարության, նրա զինվորների պատրաստվածության ու աչալրջության, հրետանավորների հստակ գործողությունների, թշնամին չհամարձակվեց առաջ գալ. մենք դիտում էինք նրանց տանկերի եւ հետեւակի շարժը: Ապրիլի 4-ից ես նույն ուղղությամբ տեղափոխվել եմ մեկ այլ դիրք, որտեղ, որպես դիրքի ավագ, առանց փոխարինման մարտական հերթապահություն եմ իրականացրել մոտ 80 օր:Մենք, բարեբախտաբար, զոհեր չունեցանք, բայց տվեցինք մի քանի վիրավոր»,-պատմեց Արթուր Պողոսյանը:
Իր զինվորական ու մարտական կենսագրության մեջ Արթուրն առանձնացնում է 2017 թվականի փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը, երբ թշնամին դիվերսիոն փորձ ձեռնարկեց Ասկերանի ուղղությամբ:«Փետրվարի 24- լույս 25-ի գիշերվա ժամը 3.45 րոպեին թշնամին միանգամից անցավ բացահայտ հարձակման: Սկզբից նա օգտագործեց «Տրատիլ» տեսակի ականազերծիչ սարք, հետո 60 եւ 72 միլիմետրանոց ականանետներով սկսեց կրակ վարել մեր դիրքերի վրա: Մենք ջերմադիտարկման սարքերի միջոցով բացահայտեցինք հակառակորդի առաջխաղացումը մեր ուղղությամբ եւ ընդունեցինք մարտը:Մեր կրակոցների արդյունքում մեզ վրա եկող 8 հոգուց 2-ը նահանջեցին, իսկ 6-ը շարունակեցին մարտը: Մեր անձնակազմից ամեն մեկը զբաղեցրեց իր դիրքը, եւ սկսեցինք ինտենսիվ կրակ վարել թշնամու ուղղությամբ:
Մեզ թիկունքից ականանետային կրակով ապահովեցին մեր հրամանատարական դիտակետը, ականանետային դասակը եւ Դ-20 հրետանային դիվիզիան: Մինչեւ ժամը 4.10 րոպեն թշնամին կարողացավ դիմանալ, սակայն, հանդիպելով մեր վճռական գործողություններին, դիմեց փախուստի՝ տալով 2 զոհ եւ 1 վիրավոր: Առավոտյան մեր դիրք այցելեց Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը՝ շնորհավորելով ու քաջալերելով մեզ: Հատուկ շնորհակալություն մեզ հայտնեց նաեւ զորամասի հրամանատարությունը:Ցուցաբերած արիության համար հրամանատարությունը բարձրացրեց զինվորական կոչումս՝ սերժանտից դարձնելով ավագ սերժանտ, եւ միաժամանակ շնորհակալական նամակ ուղարկեց ծնողներիս հասցեով:
Իսկ առավել հպարտություն ապրեցի, երբ զորամաս այցելած ՀՀ Նախագահ, ՀՀ ԶՈՒ Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի ձեռքից ստացա «Մարտական ծառայության համար երկրորդ աստիճանի» մեդալը:2017 թվականի ապրիլին էլ պարգեւատրվել եմ զինվորական վեցօրյա արձակուրդով»,- հպարտորեն պատմեց Արթուրը:
Թեեւ մի քանի օր է, ինչ նա անցել է քաղաքացիական կյանքի, բայց դեռ մտքով իր մարտական ընկերների կողքին է, պաշտպանական դիրքերում, որտեղ որոշել է այցելել առաջիկա ամիսներին, աշխատանք գտնելուց հետո:«Մեր տան միակ կերակրողը արտագնա աշխատանքում զբաղված հայրս է: Ես էլ կփորձեմ մի աշխատանք գտնել Հայաստանում: Մինչ ծառայության մեկնելը ուզում էի ընդունվել գեղարվեստաթատերական ինստիտուտ, բայց Ձորագյուղի ավագ դպրոցն ավարտելուց հետո զորակոչվեցի, իսկ հիմա արդեն հայացքներս կյանքի հանդեպ փոխված են, ուստի առայժմ պետք է մտածեմ աշխատանք գտնելու մասին: Ինչ վերաբերում է ծառայակից ընկերներիս, հայրենիքի պաշտպանությանը, ապա պետք է ասեմ, որ նրանց շատ եմ կարոտում, քանի որ ընդհանուր ուժերով մենք ամենաճակատագրական պահերին սուրբ հայրենիքի պաշտպանության խնդիր ենք լուծել, մի այլ մտերմությամբ ու հազար թելերով կապվել իրար:Չեմ ասում, թե նոր սպառնալիքի դեպքում անպայման պատերազմ կգնամ, բայց երբ հայրենիքը զգա իմ պաշտպանության կարիքը, ապա ես անպայման կլինեմ այնտեղ»,-եզրափակեց Արթուր Պողոսյանը:
Իրենց նախկին աշակերտով հպարտ են նաեւ Ձորագյուղի հիմնական եւ ավագ դպրոցների տնօրեններն ու ուսուցիչները, ովքեր գնահատելի ավանդ են ունեցել Արթուրի կրթության ու դաստիարակության, հայրենասիրական հայացքների ձեւավորման ու ամրապնդման գործում:
Խոսրով Խլղաթյան