Բաժիններ՝

Մենք պատերազմում հաղթել ենք. չէի ուզենա, որ խաղաղության հարցում պարտվեինք. Տավուշի թեմի առաջնորդ

Մեզ համար մեծագույն պատիվ և ուրախություն է Արցախում գտնվելը. Արցախը նաև մեր հոգու հաղթանակի խորհրդանիշն է:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստյանը, ով երկօրյա այցով գտնվում էր Արցախում:

«Երկու տարի առաջ նշանակվել եմ Տավուշի թեմի առաջնորդ: Այս տարիների ընթացքում փորձել ենք քրիստոնեական հավատը զարգացնել և զորացնել մեր սահմանամերձ բոլոր գյուղերում: Այս տարիների ընթացքում մեզ հաջողվել է ստեղծել 43 հատուկ դպրոց, որտեղ, քրիստոնեական դաստիարակությանը զուգահեռ, արվեստների և արհեստների, ինչպես նաև մարտարվեստի ուսուցումներ են անցկացվում: Ունենք 2100-ից ավել աշակերտություն: Ստեղծած կենտրոններում 70 ուսուցիչ է դասավանդում: Մենք մեր զորեղ հոգևոր քարոզչությամբ ուզում ենք մարդկանց փոխանցել քրիստոնեական հույս և հավատք: Մեր հոգևոր գիտակցությունը մեզ օգնում է, որ սոցիալական, տնտեսական կյանքում աջակցենք մարդկանց»,-ասել է Բագրատ եպիսկոպոս Գալստյանը:

Խոսելով Արցախ գալու իրենց այցի մասին՝ Տավուշի թեմի առաջնորդը նաև տեղեկացրել է, որ այցելության իրենց առաջին կանգառը եղել է Գանձասարի վանք, այնտեղից էլ՝ Ստեփանակերտ, Շուշի, Դադիվանք:

«Ուսումնական տարին ամփոփելուց հետո մենք մեր 55 ուսուցիչներին ուխտագնացության ենք բերել Արցախ: Մեզ համար շատ կարևոր է լինել Արցախում. մեր ուսուցիչների այցելությունները կրում են պարբերական բնույթ:

Ներկա ենք գտնվել նաև Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման 777-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին,-ասել է Բագրատ Եպիսկոպոս Գալստյանը և պատմել Տավուշի մարզում իրենց ստեղծած դպրոցների մասին,- Մենք հոգևորականների պակաս ունենք մեր համայնքում: Փորձել ենք Տավուշի մարզի յուրաքանչյուր համայնքից, ըստ իրենց ցանկության, վեցամսյա հատուկ դասընթացներ անցնելուց հետո ներկայացված 100 հոգուց ընտրել 70-ին, ովքեր էլ կդասավանդեն դպրոցներում: Իսկ այդ դպրոցներից շատերը գտնվում են սահմանին շատ մոտ՝ ուղղակի կրակոցների տակ»:

Խոսելով Հայրենիք-Սփյուռք կապի մասին՝ Բագրատ եպիսկոպոս Գալստյանը կարևորել է սահմանամերձ նման համայնքներին նյութական աջակցության անհրաժեշտությունը:

«Նոր սերունդ է մեծանում Սփյուռքում, ովքեր գալիս են Արցախ՝ տեսնելու այս հրաշք երկիրը, ծանոթանալու մարդկանց հետ: Այդ սերունդը տարիների ընթացքում գիտակցելու է հայրենիքին օգնելու, հայրենիք վերադառնալու անհրաժեշտությունը: Մենք պետք է մարդկանց համար բոլոր հնարավորություններ ստեղծենք, որպեսզի նրանք հայրենիքում ապրելու համար հպարտության զգացում ունենան»,-ասել է Բագրատ եպիսկոպոս Գալստյանը:

Անդրադառնալով խաղաղության հարցին՝ նա ընդգծել է. «Մենք պատերազմում հաղթել ենք. չէի ուզենա, որ խաղաղության հարցում պարտվեինք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս