Երկու ուսումնական հաստատություն իրավունք է ստացել ՀՀ-ում առաջին անգամ իրականացնել հեռավար ձևաչափով մագիստրոսական կրթական ծրագիր
ՀՀ պետական կառավարման ակադեմիայի պրոռեկտոր Թերեզա Խեչոյանի հաղորդմամբ՝ հեռավար ուսուցման ծրագրի աշխատանքները սկսվել են 2015 թվականի դեկտեմբերից: Ծրագրի տևողությունը երկուսուկես տարի է: Սա մագիստրոսական կրթական ծրագիր է: Հեռավար ուսուցումն իրականացվելու է հայերեն լեզվով: Ծրագիրն իրականացվում է ՀՀ-ի բարձրագույն կրթության նորարարությունների մրցակցային հիմնադրամի աջակցությամբ:
ՀՀ պետական կառավարման ակադեմիայի պրոռեկտոր Խաչատուր Բեզիրջյանի խոսքով՝ ծրագրի առավելությունն այն է, որ սովորելու հնարավորություն է ստեղծվում բնակչության այն խավերի համար, որոնք միջոցներ չունեն առկա ուսուցմամբ սովորելու: Նրա կարծիքով՝ ծրագիրը խնայում է և՛ ժամանակ, և՛ գումար:
«Հեռավար ուսուցումը երկու տարբերակով կարող է լինել՝ online և offline: online-ն այն է, երբ անմիջական, ռեալ ժամանակի մեջ դուք դասավանդում եք, ու ձեզ լսում են, իսկ offline-ը՝ երբ կարող եք դասավանդել, ու հետագայում ձեզ լսեն»,- ասաց Խաչատուր Բեզիրջյանը:
Թերեզա Խեչոյանի հավաստմամբ՝ ծրագիրն ունի երկու գործընկեր բուհ՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիան և Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնը: Ծրագրի հենց սկզբից եռակողմ հուշագիր է ստորագրվել ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի միջև, որի արդյունքում՝ երկու ուսումնական հաստատություններն իրավունք են ստացել առաջին անգամ ՀՀ-ում իրականացնել մագիստրոսական կրթական ծրագիր՝ հեռավար ձևաչափով:
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի արտաքին կապերի բաժնի պետ Արուսյակ Հարությունյանի դիտարկմամբ՝ ծրագիրը նախատեսված է հասուն մարդկանց համար, ովքեր արդեն իսկ ունեն մասնագիտություն, աշխատանք, սակայն ժամանակի առումով չեն հասցնում մագիստրոսական կրթություն ստանալ: Վերջինիս խոսքով՝ ծրագիրն ուղղված է բարձրագույն կրթության մատչելիության և հասանելիության բարձրացմանը:
«Փոխվում է ընդամենը ուսումնառության ձևը՝ լսարանային ուսուցումը տեղափոխվում է հեռավար ուսուցման հարթակ: Մնացածը նույնն է մնում. քննություններին մասնակցում, թեզերի պաշտպանություն, ատեստավորման ընթացակարգ»,- նշեց Արուսյակ Հարությունյանը:
ՀՀ պետական կառավարման ակադեմիայի իրավախորհրդատու Գայանե Հովհաննիսյանը նշեց, որ Կրթության և գիտության նախարարությանը տրամադրած փաստաթղթում ներկայացրել են պրոֆեսորադասախոսական կազմի վերբաերյալ տեղեկատվություն: Նրա խոսքով՝ օրենսդրական պահանջ էր դրված, որ կազմը պետք է պարտադիր անցնի վերապատրաստում և ունենա սերտիֆիկատ: Նաև ներկայացրել են փաստաթուղթ, որտեղ սահմանված է ընդունելության կարգը, ատեստավորման, գնահատման, ուսանողների հեռացման և վերականգնման կարգերը:
Հեռավար ուսուցման ծրագրի ղեկավարը Թերեզա Խեչոյանն է, համակարգողը՝ Արուսյակ Հարությունյանը: Խաչատուր Բեզիրջյանը և Գայանե Հովհաննիսյանը ծրագրին մասնակցում են երկու ձևով՝ հանդես են գալիս՝ որպես անհատ խորհրդատուներ, փորձագետներ, ովքեր մշակել են հեռավար ուսուցման կազմակերպմանն ու իրականացմանը վերաբերող հատվածներ: Ինչպես նաև՝ մշակում են առարկայական ծրագրեր և դասավանդելու են յուրաքանչյուրը՝ մեկական առարկա:
Տեղեկացնենք, որ ընդունելության փաստաթղթերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 20-ը: Ընդունելության քննությունները իրականացվելու են ինչպես՝ գրավոր, այնպես էլ՝ բանավոր՝ հարցազրույցի ձևով: Դասընթացը սկսվելու է սեպտեմբերի 25-ից: Ընդունելության կարգին կարող եք ծանոթանալ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի կայքերից:
Անի Թորոսյան