«Մեզ համար գուցե Ռուսաստանի կողմից զենքի վաճառքն Ադրբեջանին ինչ-որ առումով ավելի նպաստավոր է…». Գառնիկ Իսագուլյան

«ՀՀ նախագահի արած ցանկացած նախադասություն, ելույթ, հարցազրույց երբեք չպետք է անջատել այս ժամանակահատվածում նրա ունեցած որևէ ելույթի, հարցազրույցի կամ ասածի կոնտեքստից»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական, խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը՝ խոսելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ հարցազրույցի մասին:

Գ. Իսագուլյանը գտնում է՝ Արցախի խնդրի վերաբերյալ նախագահը շատ հստակ շեշտադրումներ արեց.

«Այդ հստակ շեշտադրումների մեջ ներառված են բոլոր այն մտահոգությունները, որ առկա են հասարակության մեջ: Զենքի վաճառքի հետ կապված նախագահի դիտարկումներում և՛ մտահոգություն կար, և՛ առաջարկություն, և՛ համաշխարհային հանրությանը հակառակ չգնալու պատրաստակամություն, բայց այդ ամբողջի հոլովույթում առաջին տեղում հայոց երկու պետականությունների շահերն են, իսկ եթե ոմանք որևէ կասկած ունեն, ապա կարծում եմ՝ բավական է կարդալ նախագահի շնորհավորական ուղերձը՝ Արցախի Հանրապետության նախագահի ընտրության հետ կապված»:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հետ կապված՝ Սերժ Սարգսյանն ասել էր.

«Այդ խնդիրը՝ հայ-ռուսական բարեկամության, հայ-ռուսական ռազմական համագործակցության, ընդհանրապես մեր հարաբերությունների ամենացավալի կողմն է: Այդ հարցը, իմ կարծիքով, ստվերում է շատ բան: Բայց մյուս կողմից էլ՝ կան հանգամանքներ, և միգուցե այդ հանգամանքները մեզ համար ընդունելի չեն, բայց իրենց համար ընդունելի են։  Դեռևս որևէ լուրջ բան չի պատահել։ Եթե ինչ-որ մի ժամանակ լուրջ հետևանքներ լինեն, այն ժամանակ կարելի է մեղադրել»։

Մեր դիտարկմանը, թե՝ նախագահի այս հայտարարությունից հետո շատերը մատնանշում էին, որ ապրիլյան քառօրյա պատերազմը կարելի է համարել լուրջ հետևանք և քայլեր ձեռնարկել Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում, Գ. Իսագուլյանն այսպես պատասխանեց.

«Դա բավականին բարդ և նուրբ թեմա է, որի մասին բարձրաձայն խոսել և՛ կարելի է, և՛ չի կարելի: Եթե մեկ տոկոս կարելի է, ապա 99 տոկոս չի կարելի, ոչ թե՝ նրա համար, որ մենք արհամարհում ենք այդ հանգամանքը և չենք ցանկանում մեր ռազմավարական գործընկերոջն ասել՝ «գիտե՞ք ինչ, եթե դուք մեզ հետ ռազմավարական գործընկեր եք, ապա Ադրբեջանի հետ այլևս որևէ անելիք չունեք»: Թե՛ համաշխարհային քաղաքականության, թե՛ նույնիսկ մեր օրինակով եթե դիտարկելու լինենք, դա արդարացի չէ: Գիտեք, որ Հայաստանն Իրանի Իսլամական Հանրապետության հետ բավականին լավ հարաբերությունների մեջ է, երբ շատ գերտերություններ, այդ թվում նաև՝ Արևմտյան գերտերությունները, մեզ ուղղակի առաջարկում էին՝ որևէ հարաբերություն չունենանք, բայց մենք կարողանում էինք բերել օրինակներ, որոնց հիման վրա մենք կարողանում էինք համոզել, որ այլընտրանք չկա, միևնույն է, մենք հարաբերություններ Իրանի Իսլամական Հանրապետության հետ պետք է ունենանք, որովհետև ինքը՝ որպես անմիջական հարևան պետություն, բոլոր հարցերում իրեն դրսևորել է հրաշալի»:

Գ. Իսագուլյանը նկատեց, որ, երբ Ռուսաստանն Ադրբեջանին զենք է վաճառում, շատերն ասում են, որ դա արդարացի չէ.

«Բայց միևնույն է, հավատացեք՝ այդ գումարը կա, և Ադրբեջանը կարող է գնել ավելի կատարյալ զենքեր նույն Իսրայելից, որից մեծ քանակությամբ գնում է, կամ Թուրքիայից և շատ ուրիշ պետություններից: Հիմա, երբ ինքը գնում է մեր ռազմավարական գործընկերոջից, դժվար է ասել, թե այդ վաճառքի հետ կապված՝ Հայաստանն ինչ խնդիրներ է դնում Ռուսաստանի առջև, և զինատեսակը, որ մենք ստանում ենք դրան համարժեք կամ հակակշռող, ինչ ձևով ենք ձեռք բերում, արդյոք դրանք նույն արժեքի՞ են, և այլն: Սրանք հարցեր են, որոնց մասին ո՛չ նախագահը, ո՛չ էլ պաշտպանության նախարարը, ո՛չ էլ շատերը չեն կարող բաց տեքստով խոսել: Չի բացառվում, որ հենց մեզ համար գուցե վաճառքը Ռուսաստանից ինչ-որ առումով ավելի նպաստավոր է, որ մենք դա օգտագործելով՝ կարողանում ենք Ռուսաստանի հետ շատ հարցեր լուծել այլ մակարդակով և այլ ձևերով»:

Տեսանյութեր

Լրահոս