Մասնավոր հատվածի աշխատավարձերը հունիսին զգալիորեն աճել են
2017 թվականի հունիսին՝ 2016 թվականի հունիսի համեմատ, Հայաստանի ոչ պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը աճել է 6,8%-ով և կազմել 230 551 դրամ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության զեկույցից։
Պետական հատվածում հակառակը՝ գրանցվել է աշխատավարձի 0,4% նվազում։ Պետական հատվածի աշխատողների միջին ամսական անվանական աշխատավարձը այս տարվա հունիսին կազմել է 157 630 դրամ։
Ընդհանուր առմամբ, պետական և մասնավոր հատվածներում միջին ամսական անվանական աշխատավարձը հունիսին (նախորդ տարվա հունիսի համեմատ) աճել է 4,1%-ով և կազմել 190 711 դրամ։
Ավելացնենք, որ սպառողական գները նույն 12-ամսյա կտրվածքով աճել են 1,1%-ով։