«Ռուսաստանի կողմից հերթական պաշտոնյան հերթական անհաջող առաջարկությունն արեց». Աշոտ Մանուչարյան
«Ես կուզեի՝ նման հարցերը սկզբում մեզանում քննարկեինք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը՝ խոսելով ռուսերենը պետական լեզու դարձնելու առաջարկի մասին: Հիշեցնենք, որ ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն առաջարկել էր, որ Հայաստանի իշխանությունները երկրում օրենսդրորեն պաշտոնական կարգավիճակ տրամադրեն ռուսերեն լեզվին:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի կողմից հերթական պաշտոնյան հերթական անհաջող առաջարկությունն արեց.
«Մեկ էլ ինչ-որ շրջանակ քննարկում է ինչ-որ հարցեր, որոշում է ընդունում, որ փորձարկենք էսինչ բանը: Ինձ քիչ է հետաքրքրում, թե ով՝ ինչ է անում, որովհետև հիմա ամբողջ աշխարհը զբաղված է անհեթեթությամբ, բոլորն իրարից փորձում են ինչ-որ բան պոկեն-տանեն, Ռուսաստանն էլ չի ուզում հետ մնալ: Այդ մեծերից ամեն մեկը փորձում է հաջողության հասնել, բայց այստեղ ֆունդամենտալ ուրիշ հարց կա՝ ինչպես է ռուսական քաղաքակրթությունը, անգլիական քաղաքակրթությունը, ֆրանսիական քաղաքակրթությունը նայում մեկ հարցի՝ ազգերն իրենց լեզուն, իրենց մշակույթը, ինքնությունը պետք է պահպանե՞ն, թե՞ պետք է վերացնեն: Այս իմաստով՝ ես լրիվ համաձայն եմ, որ, եթե որևէ մեկը ոտնձգություն է կատարում մեր լեզվի նկատմամբ, նա արժանի է պարսավանքի»:
Ա. Մանուչարյանի դիտարկմամբ՝ մենք չենք խոսում այն բանից, որ հայերենն այսօր չկա՝ որպես համակարգչային լեզու, որովհետև մենք գումարներն այլ տեղ ենք ծախսում. «Այդ համակարգիչները պետք է արձագանքեն հայերենին, ինչպես արձագանքում են էստոներենին: Ես ուղղակի տեսնում եմ մի բան, եթե սա լիներ լեզվի, ինքնության պահպանման քարոզարշավ, ես կծափահարեի, կողմ կլինեի, բայց երբ ես տեսնում եմ հետևյալը՝ «ռուսերենի, ռուսների հետ կապված ևս մեկ բան գտնենք ու հարված հասցնենք»: Երկրի օրակարգը որոշողները որոշում են կայացրել, որ պահին Ռուսաստանը հերթական հիմարությունն անի, անպայման պետք է հարվածներ հասցնել, ինչպես կարող ես»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: