«Ամռանը խորհուրդ է տրվում՝ շաբաթական երկու-երեք անգամից ավելի մսամթերք չօգտագործել». սննդաբանը՝ ամռանը ճիշտ սնվելու մասին
Սննդաբան Հասմիկ Աբովյանի դիտարկմամբ՝ «ինչպե՞ս սնվել ամռան շոգին» հարցն ամեն տարի շատ ակտուալ է լինում։ Նրա խոսքով՝ ամառը ձմեռվանից տարբերվում է նրանով, որ մենք ավելի շատ ենք ջրազրկվում։
«Քանի որ շոգ է, մեզ մոտ օդը չոր է, խոնավությունը՝ ցածր, հետևաբար՝ մենք շատ հեշտությամբ ջրազրկվում ենք: Ամենակարևորը սա է, և սրա վրա է պետք մեծ ուշադրություն դարձնել։ Մանավանդ փոքր երեխաները շատ շուտ են ջրազրկվում և կարող են չզգալ դա։ Պետք է շատացնել մաքուր ջրի օգտագործումը, և սնունդն էլ պետք է լինի ավելի ջրալի՝ միրգ, բանջարեղեն։ Այս շրջանի սննդակարգը նպաստում է նաև ջրի պաշարների ճիշտ մակարդակը պահելուն»,- նկատեց Հ. Աբովյանը։
Նրա խոսքով՝ ամռանը պետք է ավելի թեթև սնվել, որովհետև, ի տարբերություն տարածված կարծիքի, որ ամռանը մարդիկ քաշ են կորցնում՝ հակառակն է, որովհետև ձմռանը օրգանիզմը տաքացնելու համար բավականին մեծ քանակությամբ կալորիաներ են ծախսվում. «Եթե այս տեսակետից նայենք, ամռանն այդ կալորիաները չեն ծախսվում, որովհետև շատ շոգ է, և օրգանիզմը տաքացնել պետք չէ։ Հետևաբար՝ այդ ավելորդ կալորիաները մնում են»:
Սննդաբանը նկատեց նաև, որ շատերը մտածում են, թե կարելի է շատ մրգով սնվել և քաշ կորցնել, ըստ նրա՝ միրգը, անշուշտ, շատ օգտակար և բնական մթերք է, բայց սրա օգտագործման մեջ պետք է չափ ունենալ, որովհետև մրգի քաղցրությունը շաքար է, և ոչնչով չի տարբերվում այն շաքարից, որը մենք օգտագործում ենք:
«Մթերքները պետք է լինեն թարմ, մաքուր լվացված, եթե ջերմամշակվող մթերքներ են, օրինակ՝ մսամթերքը, պետք է լինի լավ ջերմամշակված, որը շատ կարևոր է, և էլ ավելի կարևոր է, որ մթերքները լինեն թարմ։ Քանի որ շոգ շրջանում վարակը շատ հեշտ է բազմանում մթերքի մեջ, պետք է հետևել, որ ի սկզբանե մթերքը լինի թարմ և մշակվելու ընթացքում ձեռքերի հետ չվարակվի, մի խոսքով՝ պահպանվեն մթերքների սանիտարական չափանիշերը պատրաստման ընթացքում»,- նշեց բանախոսը։
Խոսելով ամռանը յուղոտ մսի օգտագործման մասին՝ Հ. Աբովյանը նկատեց, որ ճարպոտ մսի հետ կապված խնդիրները սննդի և ամռան շոգի հետ ոչ մի կապ չունեն։ Եթե մթերքը թարմ է և ճիշտ ջերմամշակված է, բավականաչափ եփված է, և արդեն եփվելուց հետո վարակված չէ, ապա այն չի կարող վտանգ հանդիսանալ ո՛չ ամռանը, ո՛չ ձմռանը.
«Ճարպը շատ մեծ էներգիայի աղբյուր է, իսկ միսը միշտ ճարպոտ է՝ այն լինի տեսանելի՞, թե՞ ոչ։ Խորոված անելիս՝ ընտրվում են ճարպոտ մսի տեսակները, իսկ ամռանը մեր օրգանիզմը էներգիայի պահանջ չունի, քանի որ շատ կալորիաներ չեն ծախսվում»։
Սննդաբանը հավելեց նաև, որ ցանկալի է, որպեսզի օգտագործվող սնունդն ավելի շատ բուսական լինի, և ամռան շրջանում խորհուրդ է տրվում՝ շաբաթական երկու-երեք անգամից ավելի մսամթերք չօգտագործվի և նախապատվությունն էլ տրվի մսամթերքի թեթև տեսակներին՝ թռչունին և ձկնամսին։
Անդրադառնալով էկզոտիկ երկրներում ճանապարհորդությանը և այնտեղի սննդին՝ Հ. Աբովյանն ասաց. «Էկզոտիկ երկրներում խորհուրդ է տրվում էկզոտիկ կերակուրներին զգուշությամբ վերաբերվել, քանի որ այդ երկրներում մեծ մասամբ հիգիենային կանոնները չեն պահպանվում, մեր նախընտրած երկրները հիմնականում հետամնաց են, և բոլորովին չեն պահպանվում սնունդ պատրաստելու սանիտարահիգիենիկ պայմանները՝ սնունդը բացված վաճառվում է, շատ անգամ՝ փողոցներում, ճանապարհին»։
Սննդաբանը խորհուրդ տվեց նաև խուսափել զովացուցիչ ըմպելիքներում ավելացվող սառույցից, քանի որ այն միշտ պատրաստվում է ոչ եռացրած ջրից, և անգամ հայտնի չէ, թե որ աղբյուրից է վերցված ջուրը, և շատ հաճախ մարդիկ հենց սառույցից են վարակվում տարբեր աղիքային հիվանդություններով։
Խոսելով աղբյուրից հոսող ջրերի մասին՝ սննդաբանը նշեց, որ շատ վտանգավոր է աղբյուրի ջրեր խմելը, քանի որ դա բաց ջրավազան է, և ոչ ոք չի կատարում ջրի հետազոտություն, վնասազերծում։
«Մենք համարում ենք, որ աղբյուրի ջուրը զուլալ է, բայց հակառակն է. շատ վտանգավոր է։ Ամենաքիչը հեպատիտ Ա-ով, այսինքն՝ դեղնախտով շատ հեշտությամբ կարող ենք հիվանդանալ աղբյուրի ջրից»,- հավելեց սննդաբան Հասմիկ Աբովյանը։
Ռոզա Հակոբյան