Բաժիններ՝

Սովորենք օգտագործել չհարմարվող մարդկանց ներուժը

Անցած շաբաթ «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերությունը ներկայացրեց Հայաստանի Ազգային մրցունակության 6-րդ զեկույցը՝ «Մեր դերը Չորրորդ արդյունաբերական հեղափոխության մեջ» խորագրով։

«Չորրորդ արդյունաբերական հեղափոխություն» արտահայտությունը վերջերս հատկապես քննարկվում է Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում։ Համանուն վերնագրով գիրք է հրապարակել կազմակերպության ղեկավար Կլաուս Շվաբը։

Առաջին արդյունաբերական հեղափոխությունը տեղի ունեցավ 18-19-րդ դարերում, երբ ագրարային հասարակությունից անցում կատարվեց արդյունաբերական հասարակության՝ երկաթի, տեքստիլի արդյունաբերության զարգացման արդյունքում։ Երկրորդ արդյունաբերական հեղափոխությունը տեղի ունեցավ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին՝ էլեկտրականության, հեռախոսի և մի շարք նմանատիպ գյուտերի արդյունքում։ Երրորդ հեղափոխությունը տեղի ունեցավ 20-րդ դարի վերջում առաջացած թվային տեխնոլոգիաների միջոցով։ Իսկ չորրորդ հեղափոխությունը կապված է ռոբոտիկայի, արհեստական բանականության զարգացման հետ։

Զեկույցը հիմնականում դիտարկում է տնտեսական խնդիրներ։ Բայց  հեղինակներն իրավիճակի բարելավման միջոցներից մեկը համարում են քննական և ստեղծագործ մտածողության զարգացումը, ինչն ուղղակիորեն առնչվում է կրթության հետ։ Համաձայն եմ հեղինակների հետ, քանի որ Հայաստանի զարգացման լավագույն ճանապարհներից մեկը հենց քննական և ստեղծագործական մտածողության զարգացումն է։ Խնդիրն այն է, որ այս առաջարկը նորություն չէ Հայաստանում։ 2004 թվականին Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց դպրոցական կրթության Կրթակարգին։ Այդ փաստաթղթում կարևորվում էր հանրակրթության ոլորտում քննական և ստեղծագործական մտածողության զարգացումը։ Ավելին, նշվում էր, որ կրթության ոլորտում պետք է խրախուսվի աշակերտներին ինքնուրույն մտածողությունը։

Կարդացեք նաև

Անցել է 13 տարի։ Ակնհայտ է, որ մեր կրթության համակարգում քննական և ստեղծագործական մտածողության զարգացման առումով էական տեղաշարժ չկա։ Գերիշխում է շտեմարանների ու դասագրքերի նյութերն անգիր անելու մոտեցումը։ Հավանաբար, առաջիկա տարիներին նույնպես կլինեն զեկույցներ, փաստաթղթեր, որոնցում կկարևորվի այս հարցը, քանի որ հենց սա է Հայաստանում ճեղքում անելու և փոփոխությունների շարժիչ ուժը։ Ի դեպ, զեկույցի շնորհանդեսի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը խոստացել է, որ այս հմտությունները կարևորվելու են կրթության զարգացման առաջիկա ծրագրում։

Ամեն դեպքում, ինչո՞ւ չի զարգանում քննական և ստեղծագործական մտածողության վրա հիմնված մոտեցումը Հայաստանի կրթական համակարգում։ Մանավանդ, Հայաստանի կրթության ոլորտի տարբեր մակարդակի ղեկավարներ հաճախ են ասում, որ իրենք ուզում են, որ իրենց աշխատողները ստեղծագործաբար մոտենան աշխատանքին, նոր գաղափարներ առաջարկեն, ակտիվ լինեն, բայց աշխատողները պասիվ են, անտարբեր։ Այդպես էլ պետք է լինի։

Խնդիրն այն է, որ կրթության ոլորտը շատ ընդհանրություններ ունի հողագործության հետ։ Դու չես կարող պարզապես քարոզելով ու պահանջելով այգուց լավ բերք ստանալ։ Դու պարտավոր ես միջավայր ստեղծել, հոգ տանել, խնամել, ուշադիր լինել։ Դու չես կարող միանգամից բերք պահանջել։ Դու պետք է նախ ցանես։ Ինչո՞ւ պետք է աշխատողները, մանկավարժները նախաձեռնող լինեն, եթե մեզանում դեռևս նախաձեռնությունը պատժվում է։ Ինչո՞ւ պետք է ոլորտի աշխատողները քննական և ստեղծագործական մտածողություն զարգացնեն, եթե գործում է ղեկավարին հաճոյանալու, նրա կուսակիցը դառնալու միջոցով առաջ գնալու ավելի հեշտ ճանապարհը։ Մենք չենք կարող փաստաթղթերում ամրագրելով, ծրագրեր ու դասագրքեր գրելով՝ ինչ-որ բան զարգացնել, եթե չկա աջակցող միջավայր։

Աշխարհի հայտնի ընկերություններից մեկի՝ Բրիդջուոթերսի աշխատակիցներն իրավունք ունեն ազատորեն արտահայտել սեփական տեսակետները կազմակերպության ներսում տեղի ունեցող զարգացումների մասին։ Ժողովներից մեկից հետո, ընկերության աշխատողներից մեկը տնօրենին էլեկտրոնային նամակ է գրում, որում նշում է, որ տնօրենի այսօրվա ելույթն անհաջող էր։ Եվ ի՞նչ արեց տնօրենն այդ նամակը ստանալուց հետո։ Նա էլեկտրոնային նամակ ուղարկեց ժողովի բոլոր մասնակիցներին՝ խնդրելով անաչառ գնահատել իր ելույթը։ Հայաստանի կրթության ոլորտում քանի՞ աշխատակից է ազատորեն արտահայտում իր տեսակետը, և, եթե արտահայտում է, արդյո՞ք չի մարգինալացվում։ Քանի՞ մարդ կհամարձակվի իր ղեկավարին ասել, որ ելույթն անհաջող էր։ Ազատ արտահայտվելու հնարավորությունն այն բարենպաստ հողն է, որի վրա պետք է զարգանա քննական և ստեղծագործական մտածողությունը։ Եթե այդ միջավայրը չկա, ապա քննական և ստեղծագործական մտածողության զարգացման հնարավորությունը թղթից այն կողմ չի գնա։

Իսկ ի՞նչ է պետք անել։ Կրթության համակարգում պետք է հանդուրժող լինենք չհարմարվող, այլ կարծիք ունեցող մարդկանց նկատմամբ։ Պետք է սովորենք  չհարմարվող մարդկանց ներուժն օգտագործելու արդյունավետ ձևեր։ Այսօր մենք հեռացնում ենք այդ մարդկանց, օտարում, լռեցնում։ Մինչդեռ հենց այդ մարդիկ կարող են դառնալ մեր կրթության Սթիվ Ջոբսը։ Փոխարենը՝ ղեկավարներն իրենց շրջապատում են լոյալ մարդկանցով, լսում գովեստի խոսքեր, քննադատողներին համարում դասակարգային թշնամիներ և այդպես ապրում իրենց բացառիկության խաբկանքով։ Այդպիսի ղեկավարը որքան էլ ժողովի ժամանակ խոսի նախաձեռնող լինելու, քննական կամ ստեղծագործական մտածելու մասին, ոչնչի չի հասնի։ Հայտնի է, որ հաղորդակցության մեջ խոսքային բաղադրիչը չնչին մաս է կազմում։ Մարդիկ ավելի լավ են արձագանքում ոչ թե կոչերին, խոսքերին, այլ միջավայրին, ոչ խոսքային միջոցներին։ Իսկ այդ առումով մեր կրթական համակարգում լիակատար բրգաձև կառուցվածք է։

Հայտնի մի անեկդոտ կա։ Ուրիշների հետ անընդհատ համաձայնող մարդուն հարցնում են. «Իսկ դու սեփական կարծիք չունե՞ս»։ «Իհա՛րկե ունեմ։ Բայց համաձայն չեմ իմ կարծիքի հետ»,- պատասխանում է հարմարվող մարդը։

Մի շարք բեսթսելլերների հեղինակ Մալքոլմ Գլեդուելն իր գրքերից մեկում գրում է, որ Հարավային Կորեայում տեղի ունեցած որոշ ավիավթարներ կարող էին կանխվել, եթե հրամանատարի օգնականը վթարից առաջ հակադրվեր ակնհայտ սխալ թույլ տվող հրամանատարին։ Բայց չի արել, քանի որ ընդունված չէ ղեկավարին հակադրվել, նույնիսկ, եթե նա կործանում է տասնյակ մարդկանց։ Լուսանկարչության ոլորտի երբեմնի առաջատար Polaroid ընկերությունը չէր սնանկանա, եթե ընկերության հիմնադիրը չլռեցներ ընդդիմախոսներին։

Հայաստանում մարդկանց մեծ մասի մտածողությունը երկատված է։ Մի բան լուռ մտածում են, մի ուրիշ բան՝ բարձրաձայն ասում։ Մի բանի հավատում են, մի ուրիշ բան՝ անում։ Այսպիսի հասարակությունը չի կարող քննական ու ստեղծագործական մտածողություն զարգացնել։ Այսպիսի հասարակությունում հնարավոր չէ երեխաների մոտ զարգացնել այդ հմտությունները։

Հիշենք մանկավարժության հայտնի կանոններից մեկը. մեր սովորեցրածի 80%-ը մենք ենք, մեր էությունը։ Ու վատն այն է, որ մենք հարմարվել ենք, դարձել այս իրավիճակի գերիները և կորցրել տեղից շարժվելու, փոխվելու կարողությունը։

«Կյանքը փոխվում է. որքան արագ փոխվենք, այնքան ակտուալ կլինենք»,- զեկույցի շնորհանդեսի ժամանակ հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս