Սերժ Սարգսյանը ներո՞ւմ է շնորհել Վազգեն Խաչիկյանին. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. ««ՀԺ»-ի տեղեկություններով, Սերժ Սարգսյանը ներում է շնորհել Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ, «Վանաձոր» ՔԿՀ-ում իր պատիժը կրող Վազգեն Խաչիկյանին: Ըստ այդ տեղեկությունների՝ նա առաջիկայում կլինի ազատության մեջ: 13 տարվա ազատազրկման դատապարտված Խաչիկյանը ներման խնդրագրով դիմել էր դեռևս 2016 թվականին:

Նրան ներում շնորհելու տեղեկությունները ճշտելու համար օրեր առաջ հարցում էինք ուղարկել ՀՀ նախագահի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն: Գրավոր հարցման մեջ մասնավորապես նշել էինք, թե արդյոք Խաչիկյանի դիմե՞լ է ներման խնդրանքով, եւ ներում շնորհվե՞լ է, թե ոչ: Մեր գրավոր հարցմանը այսօր նախագահականից պատասխանել են, թե դատապարտյալների ներման խնդրագրի վերաբերյալ Սարգսյանի հրամանագրերն անհատական իրավական ակտեր են և ենթակա չեն պարտադիր հրապարակման: «Դրանք պարունակում են անձնական կյանքի վերաբերյալ տեղեկություններ և տվյալներ, որոնք, համաձայն 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 34 հոդվածի 1-ին մասի, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի, ենթակա են պաշտպանության և չի կարելի դրանք օգտագործել կամ տարածել՝ առանց տվյալ անձանց համաձայնության, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Հրամանագրի վերաբերյալ պատշաճ կարգով իրազեկում են ներման խնդրագրերով դիմված դատապարտյալները, ինչպես նաեւ միջնորդություններով հանդես եկած անձինք»,- ասվում է գրավոր հարցման պատասխանի մեջ:

Նախագահականից նաև հետաքրքրվել էինք, թե վերջին երեք ամիսների ընթացքում Սերժ Սարգսյանը քանի՞ դատապարտյալի է ներում շնորհել եւ քանիսին՝ մերժել: Ի պատասխան, նախագահականից հայտնել են, որ Սարգսյանի հրամանագրով ներում է շնորհվել 11 դատապարտյալի, մերժվել է 91 դատապարտյալի ներման խնդրագիր:

Թե ովքեր են «ներված» դատապարտյալները և արդյոք 11-ի մեջ Վազգեն Խաչիկյանը մտնում է, թե ոչ, այդպես էլ չեն պատասխանել: Մեր հարցին չպատասխանեց նաև Խաչիկյանի կինը` Լիլիթ Ասատրյանը, նա դեռ մեր հարցը չլսած, ասաց՝ «չեմ մեկնաբանում» և անջատեց խոսափողը:

Հիշեցնենք, որ 2014 թվականի դեկտեմբերին Վազգեն Խաչիկյանը դատապարտվեց 12 տարվա ազատազրկման: Նա կալանավորվել է 2012 թվականին: Դատարանի վճռով Խաչիկյանը մեղավոր է ճանաչվել կազմակերպված խմբով յուրացման եղանակով 211.680.984 ՀՀ դրամ և խարդախությամբ 29 միլիոն դրամ գումար հափշտակելու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու համար»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31