«ՌԴ պետական քաղաքական գործիչների վերջին դեմարշները, ինձ թվում է, կապված են ԵՄ-ՀՀ համաձայնագրի առաջիկա կնքման հետ»
Հարցազրույց ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Համլետ Հարությունյանին
– Պարոն Հարությունյան, «Ռ-էվոլյուցիա» հաղորդաշարին տված հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի հարցն անվանել է ռուս-հայկական հարաբերությունների ամենացավալի կողմը՝ միաժամանակ նշելով, որ, «եթե ինչ-որ մի ժամանակ լուրջ հետևանքներ լինեն, այն ժամանակ կարելի է մեղադրել»։ Ի՞նչ «լուրջ հետևանքների» մասին է խոսքը։
– Նրանք, ովքեր փորձում են մտնել նախագահի վիճակի մեջ, շատ ճիշտ ընկալում են։ Նախագահն ասում է այն, ինչ պետք է ասեր։ Նա նկատի ունի, որ Ռուսաստանը, ես այդպես եմ կարծում, չնայած զենք է վաճառում, բայց թույլ չի տա Ադրբեջանին լայնամասշտաբ գործողություններ սկսել և կիրառել այդ զենքերը։ Իսկ եթե կիրառեն, և մեծ պատերազմ լինի, այդ դեպքում արդեն հաջորդ քայլը կարող է անել Հայաստանը։
Գիտեք, պետք է ուղղակի ճիշտ հասկանալ աշխարհաքաղաքական իրավիճակը, Ռուսաստանի հետ ունեցած մեր հարաբերությունները, և «դրության մեջ մտնել»։ Հետևապես, երբ նայում եմ որոշ քաղաքական մեկնաբանների հայտարարություններին՝ շատերը հրահրում են, որ Հայաստանն ուլտիմատում ներկայացնի, բայց ես կարծում եմ, որ Հայաստանն այս դեպքում սխալ կանի, որ ուլտիմատումով դիմի Ռուսաստանին։ Դա պետք է փոխադարձ համաձայնությունների շրջանակներում լինի։
– Այնուամենայնիվ, չե՞ք կարծում, որ Ռուսաստանը Հայաստանին չի դիտում՝ որպես հավասար պետության։
– Աշխարհի ոչ մի երկիր՝ Գերմանիան, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Ռուսաստանը, երբեք փոքր պետություններին որպես իրավահավասար դաշնակից չի ընդունում։ ԱՄՆ-ը նույնիսկ Եվրոպային չի ընդունում իրավահավասար դաշնակից, Անգլիայի, Գերմանիայի նման հզոր պետություններին իրավահավասար չի ընդունում։ Դա պատմական փաստ է։ Եթե որևիցե մեկը՝ քաղաքական գործիչ, պատմագետ, փորձի հակառակը համոզել, ես ուղղակի չէի համաձայնի այդ տեսակետի հետ։ Այո, փոքր երկրներն ունեն իրենց ճակատագիրը՝ քաղաքական, տնտեսական, ռազմական, խոշոր տերությունները՝ իրենցը։ Հետևապես՝ ասել, որ խոշոր տերությունները պետք է նայեն դաշնակիցներին՝ որպես հավասարը հավասարի, սխալ է։
– Պարոն Հարությունյան, բայց վարորդական իրավունքների հետ կապված՝ Ռուսաստանը բացառություն է անում ԵԱՏՄ այն երկրների համար, որոնք ռուսերենը պաշտոնական լեզու են հռչակել, իսկ ՀՀ քաղաքացիների համար սահմանափակումներ է մտցնում։ Այստեղ խտրականություն չե՞ք տեսնում։
– Իհա՛րկե տեսնում եմ։ Ի դեպ, ՌԴ պետական քաղաքական գործիչների վերջին դեմարշները, ինձ թվում է, կապված են ԵՄ-ՀՀ համաձայնագրի առաջիկա կնքման հետ։ Այդտեղ պարզ ճշմարտություն է, որ Ռուսաստանն իր քաղաքական գործիչների շուրթերով իր պետական դիրքորոշումն է արտահայտում։ Եվ կարծում եմ՝ էլ ավելի կմեծանա ճնշումը, և նմանատիպ քայլեր կանեն։ Իսկ եթե մենք ստորագրենք այդ համաձայնագիրը, ավելի կկոշտացնեն իրենց դիրքորոշումը։
– Այսինքն՝ Ռուսաստանն ամեն ինչ կանի, որպեսզի Հայաստանը ԵՄ-ի հետ համաձայնագիրը չստորագրի՞։
– Իմ անձնական տեսակետով՝ Ռուսաստանն իր ոչ մի դաշնակից երկրի այդպես հեշտությամբ թույլ չի տա, որպեսզի նրանք Եվրոպայի հետ ցանկացած համագործակցություն անեն։
– Բայց այս դեպքում ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ԵԱՏՄ համաձայնագրին չի հակասում։
– Անկախ նրանից՝ հակասո՞ւմ է, թե՞ չի հակասում, համենայն դեպս, եթե որևէ մեկը ծանոթ է ՌԴ արտաքին քաղաքական դոկտրինին, նրանք միշտ կոշտ մեթոդների վրա են կառուցել իրենց արտաքին քաղաքական դոկտրինը։ Դրա համար, ես ուղղակի այն կարծիքին եմ, որ նրանք այդպես հեշտ ու հանգիստ թույլ չեն, որ մենք այդ համաձայնագիրը ստորագրենք։ Ես կարծում եմ, որ եվրոպական պետությունները, եթե մենք այդ համաձայնագիրը ստորագրենք, որոշակի գարանտ պետք է կանգնեն Հայաստանի համար, այլապես հնարավոր է, որ բավականին բարդանան հայ-ռուսական հարաբերությունները։
– «Գարանտ»՝ ի՞նչ առումով, ինչպե՞ս։
– Մենք մեծ ռիսկի ենք գնում, իմ կարծիքով։ Բայց դա նաև վկայում է, որ Հայաստանը, այո, ճիշտ է անում, որ ունի սեփական արտաքին քաքականություն վարելու իրավունքը և վարում է։ Ինչքա՞ն պետք է անընդհատ զիջումների գնանք։
– Կարծում եք՝ Հայաստանն առանց Մոսկվայի հետ համաձայնեցնելո՞ւ է ԵՄ-ի հետ բանակցում համաձայնագրի շուրջ։
– Տա Աստված, որ համաձայնեցված լինի։ Դա արդեն ներքին խոհանոց է, ես այդ գաղտնիքներին չեմ տիրապետում։ Եթե համաձայնեցված լինի, դա այլ հարց է, և ուրեմն՝ մենք մեծ ռիսկի չենք գնում, հակառակը՝ փոխշահավետ իրավիճակ է ստեղծվում մեզ համար։