Բաժիններ՝

«Բոլոր պաշտպաններով պետք է ոտքի կանգնենք և որևէ կերպ թույլ չտանք՝ նախագծված սցենարն իրականություն դառնա». «Սասնա ծռերի» գործով փաստաբան

«Սասնա ծռերի» գործով 4 ամբաստանայալների պաշտպան Ինեսսա Պետրոսյանն այսօր տեղի ունեցած «Համակարգային անպատժելիությունը՝ որպես մարտահրավեր քրեական արդարադատությանը» խորագրով հանրային քննարկման ժամանակ իր ելույթում նշեց, որ  առաջին դատական նիստերի ժամանակ նույնիսկ հնարավորություն չեն ունեցել դահլիճ մտնելու. «Դա, փաստորեն, շատ նպատակաուղղված գործողություն էր մեր նկատմամբ, դա նաև տարբերակված մոտեցում էր՝ որոշ փաստաբանների նկատմամբ հատկապես»։

Անդրադառնալով հունիսի 28-ի դատական նիստին՝ փաստաբանն ասաց, որ իրենք 6 փաստաբաններով մնացել են դրսում և որևէ կերպ չեն կարողացել ներս մտնել դատական նիստերի դահլիճ։

«Այդ օրն ուժեղացված խուզարկություն-զննություն էին փորձում իրականացնել մեր նկատմամբ, որպեսզի մենք ուղղակի չկարողանայինք մուտք գործել դատարանի դահլիճ։ Մեր կարծիքով՝ դա պայմանավորված էր նրանով, որ այդ օրը որոշակի գործողություն պիտի կատարվեր մեր պաշտպանյալների նկատմամբ»,- նկատեց Ինեսսա Պետրոսյանը։

Վերջինիս խոսքով՝ սկզբում մի քանի հոգու սկսել են քարշ տալով դուրս բերել դահլիճից, հետո տղաներից մեկին, որը, հետագայում պարզվել է՝ Գագիկ Եղիազարյանի եղբայրն է եղել՝ Դավիթ Եղիազարյանը, միանգամից եկել և քարշ տալով փորձել են տանել. «Երբ փաստաբան Լուսինե Սահակյանը և մենք փորձեցինք գնալ-ասել՝ կանգ առեք, ընդամենն իրավաբանական օգնության խնդիր կա, որ հասկանանք՝ ինչո՞ւ էին տանում, այնտեղ էր գտնվում գործով տուժող Վալերի Օսիպյանը, որը, ըստ էության, ղեկավարում էր և օպերացիայի գլուխգործոցն էր, և կարծես իրեն էր հանձնարարված դա, միշտ գտնվում է այստեղ, Ղազարյան ու Ավետիսյանն էլ համակարգում են ներքին աշխատանքները։ Հետագայում պարզեցինք, թե ինչպես են նրանք Մխիթար Ավետիսյանին դահլիճի դռների արանքում գցում ոտքի տակ, ուժգին ծեծի ենթարկում, որից հետ Մխիթար Ավետիսյանը պատմեց, որ խցերում իրենց անմարդկային վերաբերմունք են ցույց տվել, ծեծի են ենթարկել,  որը ղեկավարել է փոխգնդապետ Ղազարյանը՝ իր մնացած բոլոր աշխատակիցների հետ համատեղ»։

Կարդացեք նաև

Ըստ փաստաբանի՝ խնդիրն այն է, որ այդ ամենի նկատմամբ ոչ մի վերաբերմունք ցույց չի տվել նախագահող դատավորը։

Ինեսսա Պետրոսյանի խոսքով՝ որոշակի սցենար է մշակվել, որ իրենց պաշտպանյալներին հեռացնեն դատական  նիստերի դահլիճից. «Նրանք սադրում են, որ այնպիսի իրավիճակներ ստեղծեն, որ մեր պաշտպանյալներին հեռացնեն դատական նիստերի դահլիճից, այնուհետ հեռացնեն մեզ՝ պաշտպաններիս»։

Փաստաբանի կարծիքով՝ իրենք՝ բոլոր պաշտպաններով, պետք է ոտքի կանգնեն և որևէ կերպ թույլ չտան՝ նախագծված սցենարն իրականություն դառնա։

Ռոզա Հակոբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս