Բաժիններ՝

«Ջրային ռեսուրսի օգտագործումը կամ արտոնության շնորհումն առանձին սուբյեկտներին, այո, նաև ուղիղ կապ ունի մեր տնտեսության մեջ մենաշնորհային վիճակի հետ»

«Սա մի ծրագիր է, որը, մեր կարծիքով՝ ՀՀ քաղաքացիների մասնակցությունը կբերի Հայաստանի ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման գործընթացում»,- այսօր այս մասին ասաց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի մեկնարկի ժամանակ:

Դեսպանը նշեց, որ վերջին տարիներին նկատվում է Արարատյան դաշտավայրի ջրային ռեսուրսների պահանջարկի մեծացում, սակայն, նրա խոսքով, առաջարկը չի մեծանում. «Մեր գնահատմամբ՝ կան ավելի քան 40 համայնքներ, որտեղ ջրի սակավության խնդիրը շատ խիստ է դրված: Հայաստանում բոլորը գիտեն, որ Արարատյան դաշտավայրը Հայաստանի հիմնական գյուղատնտեսական շրջանն է, և, եթե այստեղ մենք չենք կարողանում խնդիրները միանգամից կարգավորել, Հայաստանի գյուղատնտեսական ոլորտի համար կարող են լուրջ խնդիրներ առաջանալ, ինչպես նաև՝ ողջ տնտեսության համար: Այս ծրագիրը նախատեսված է, որպեսզի մենք աշխատենք բնակիչների, որոշում կայացնողների հետ 12 համայնքներում, որտեղ ջրային ռեսուրսների սակավություն է նկատվում, աշխատանքներ իրականացնենք կանոնակարգի բարելավման, ջրային ռեսուրսների օգտագործման համակարգերի հարցերում:

Մեր նպատակն այն է, որ քաղաքացիներն օժտված լինեն հնարավորություններով՝ մասնակցելու ջրային ռեսուրսների կառավարմանը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս 12 համայնքների ղեկավարներին, բնակիչներին, և այսօր մենք սկսում ենք մեր համագործակցությունը»:

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն էլ նկատեց, որ շատ վտանգավոր իրավիճակ է ստեղծվել. «Մենք փաստացի գերշահագործում ենք իրականացնում: Դա նշանակում է, որ նույն Արարատյան դաշտավայրում մենք ունենք փլուզման վտանգներ, ունենք շրջանառությունից դուրս եկած տարածքներ, բազմաթիվ բացասական այլ դրսևորումներ, որոնք, մեծ հաշվով, դառնում են նաև ազգային անվտանգության խնդիր: Պատահական չէ, որ ՀՀ նախագահի, Հայաստանի գործող կառավարության օրակարգում սա համարվում է գերակա խնդիրներից մեկը»:

Ա. Մինասյանի խոսքով՝ գյուղատնտեսության, արդյունաբերության և առհասարակ մեր տնտեսության բոլոր ուղղությունների համար ջրային ռեսուրսների ժամանակին, ճշգրիտ և արդյունավետ օգտագործումը դառնում է հրամայական. «Անշուշտ, այս ամենի մեջ կենտրոնական տեղում մասնակցային գործընթացն է: Առանց համայնքի, առանց ջրօգտագործողի, առանց հասարակության ակտիվ մասնակցության՝ մեզ չի հաջողվելու ձևավորել հստակ և աշխատող համակարգ»:

Նախարարն ընդգծեց, որ իրենց կարևորագույն խնդիրն օրենքի նկատմամբ բոլորի հավասարության սկզբունքի լիարժեք գործադրումն է այս կարևորագույն բնական ռեսուրսն օգտագործելու ժամանակ. «Լրագրողները որ անընդհատ շեշտում են՝ արդյոք խոշոր ձկնաբուծական տնտեսություններում ձեռնարկվելո՞ւ է այդ գործողությունը, արդյո՞ք այս կամ այն սուբյեկտի մոտ Բնապահպանության նախարարությունն աչք չի փակելու, մենք բացառում ենք դա: Մենք  ուզում ենք, որպեսզի օրենքը կիրառվի բոլորի նկատմամբ, բայց դրա համար շատ կարևոր է, որպեսզի մենք ունենանք այնպիսի կառավարման համակարգեր, որպեսզի թափանցիկությունը, հրապարակայնությունը, մասնակցային գործընթացը լինի լիարժեք: Հանրային այս ռեսուրսի օգտագործումը կամ արտոնության շնորհումն առանձին սուբյեկտներին, այո, նաև ուղիղ կապ ունի մեր տնտեսության մեջ մենաշնորհային վիճակի հետ, հետևաբար՝ այս մենաշնորհային վիճակը կազմաքանդելու, հավասար պայմաններ ստեղծելու գործում մեծ նշանակություն և դերակատարություն ունեն կառավարման այն համակարգերը, որ մենք  ձեզ հետ միասին ուզում ենք ներդնել»:

Լրագրողներից մեկի հարցին՝ Արարատյան դաշտի արտեզյան հորերի անխնա օգտագործումը որքա՞ն վնաս է հասցրել մեր երկրին, Ա. Մինասյանն այսպես պատասխանեց. «Տարիներ շարունակ օգտագործվել է շատ ավելի մեծ ջրային ռեսուրս, քան վերականգնվող պաշարն է, ինչը նշանակում է, որ մենք օգտագործում ենք ռեսուրսների այն ծավալը, որն անվտանգ շահագործման տեսակետից մեզ համար խնդիր է հարուցում: Սա է նաև պատճառներից մեկը, որ Արարատյան դաշտավայրում մենք մի շարք ուղղություններով բացասական գնահատումներ ունենք»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս