Բաժիններ՝

«Մարդու իրավունքների նկատմամբ հարձակումը սկսվել է՝ փաստաբանների ողնաշարը կոտրելով». Հայկ Ալումյան

Այսօր տեղի ունեցած  «Համակարգային անպատժելիությունը՝ որպես մարտահրավեր քրեական արդարադատությանը» խորագրով հանրային քննարկման ժամանակ «Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստան» ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը նշեց, որ քննարկմանը հրավիրել են բոլոր պետական կառույցների ներկայացուցիչներին՝ Ոստիկանությանը, Դատախազությանը, Հատուկ քննչական կոմիտեին, Քննչական ծառայությանը, Ազգային ժողովին, և, եթե այդ կառույցներից ներկայացուցիչներ եկել են, կարող են ևս ելույթ ունենալ։

Փաստաբան Հայկ Ալումյանն իր ելույթում նշեց, որ, երբ խոսքը վերաբերում է քրեական կամ վարչական արդարադատությանը, ապա անձը հայտնվում է մենակ պետության դեմ։ Փաստաբանի խոսքով՝ մի կողմից՝ պետությունն է՝ իր հզոր մեքենայով, որը մեղադրում է անձին, կամ որի դեմ որոշակի պահանջներ են ներկայացված պետության կողմից, մյուս կողմից՝ անձն է ինքը մենակ և առանց մասնագիտական իրավաբանական պատրաստության, իսկ այդ իրավիճակում միակ սուբյեկտը, որը գտնվում է անձի կողքին, իր փաստաբանն է։

«Չարագուշակություն չանեմ, բայց այն մարդիկ, որոնք այսօր պետության անունից մարդկանց մեղադրում են դատարաններում օրինական կամ անօրինական ձևով և պետության կողմից են մի մարդու դեմ, ցանկացած պահի կարող են իրենք հայտնվել մեղադրյալի, ամբաստանյալի կարգավիճակում և մեղադրվել այդ նույն պետության կողմից»,- նշեց Հայկ Ալումյանը։

Նրա խոսքով՝ փաստաբանի անհրաժեշտությունը կարող է զգալ «մեր 3 մլն բնակչությամբ հանրապետությունում» ցանկացած մեկը, և այդ պայքարի մեջ գոնե փաստաբանը պետք է լինի պետության ոտնձգություններից զերծ, նա պետք է ունենա անկախության այն անհրաժեշտ երաշխիքները, որ պետությունը չկարողանա փաստաբանին խեղդել, փաստաբանին ստիպել, որ իր վստահորդին պաշտպանելու փոխարեն՝ պաշտպանի ինքն իրեն։

«Վերջին մի քանի ամիսների ընթացքում մի շարք քրեական գործերով զարգացումները ցույց են տալիս, որ պետությունը, երբեմն՝ նույնիսկ մի կողմ թողնելով քրեական գործով մեղադրվողներին, կենտրոնացել է փաստաբանների նկատմամբ համատարած ճնշումների վրա, ձեռնամուխ է  եղել տարբեր միջոցներով փաստաբանների իրավունքների սահմանափակմանը և ստեղծում է իրավիճակներ, որտեղ նախապես կարելի է գուշակել, թե փաստաբաններն ինչպե՞ս իրենց կպահեն, և ա՛յ այդ իրավիճակներում փաստաբաններին դնում է անելանելի իրավիճակի մեջ»,- նկատեց բանախոսը։

Անդրադառնալով «Սասնա ծռերի» անդամներին ծեծի ենթարկելու դեպքին՝ Հ. Ալումյանն ասաց, որ տեղի է ունեցել բռնություն, ուժի ոչ օրինական և անհամաչափ կիրառում։

«Ամբաստանյալները, պարզապես բիրտ ու վիրավորական ձևով քարշ տալով, հանվել են դատարանից և իջեցվել են դատարանի նկուղում գտնվող խցեր, որտեղ էլ ենթարկվել են դաժան ծեծի։ Ամբաստանյալներից եղել են այնպիսիք, որոնց ձեռքերը ծեծերի ժամանակ եղել են ձեռնաշղթաներով, ու այդ վիճակում ոստիկանները նրանց ենթարկել են ծեծի։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ փաստաբանների աչքի առաջ, փաստաբանից 20 մետր հեռավորության վրա իր պաշտպանյալին ենթարկում են ծեծի։ Սա նշանակում է, որ փաստաբանին մասնագիտական առումով վիրավորում են, փաստաբանական գործունեությունը հավասարեցնում են զրոյի»,- նշեց փաստաբանը։

Վերջինս նկատեց, որ դա անողները, դա անողների հովանավորողներն ու իրադարձությունների հրահանգը տվողները լրիվ արհամարհել են փաստաբաններին և նրանց գործունեությունը։

Խոսելով փաստաբաների խուզարկության մասին՝ Հ. Ալումյանն ասաց, որ շատ տարօրինակ ձևով է կատարվում ընտրությունը, թե ո՞ւմ խուզարկեն, ո՞ւմ՝ ոչ, ե՞րբ խուզարկեն և ե՞րբ չխուզարկեն, և այդ հարաբերությունները կառուցված են բացարձակ կամայականության վրա. այսինքն՝  այդ գործողությունը՝ լինի դա խուզարկություն թե զննություն, կատարվում է բացարձակ կամայականորեն։ Փաստաբանի խոսքով՝ կարգադրիչներն իրենց ասում են, որ զննությունը կատարում են արգելված իրեր գտնելու համար, երբ այդ արգելված իրերի ցուցակն անգամ իրենք չունեն։

«Այսօր Հայաստանում ընթանում են շատ բացասական գործընթացներ՝ կապված մարդու իրավունքների հետ։ Այժմ մարդու իրավունքների նկատմամբ համատարած հարձակումներ են սկսվել, հիմա արդեն սկսել են փաստաբաններին հարվածել, որովհետև հասկացել են, որ, երբ մարդու իրավունքների դեմ ճակատային հարձակում են սկսում, փաստաբանները ձայն են բարձրացնում, Եվրոպական դատարան են դիմում, հարցազրույցներ են տալիս, կարող են նաև գործադուլ անել»,- ասաց Հ. Ալումյանը։

Նա ահազանգեց, որ մարդու իրավունքների նկատմամբ հարձակումը սկսվել է՝ փաստաբանների ողնաշարը կոտրելով. «Փորձելու են փաստաբանության ողնաշարը կոտրել, և, դժբախտաբար, դա փորձելու են անել Փաստաբանների պալատի միջոցով»։

Ռոզա Հակոբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս