Բաժիններ՝

Ճամբարակի տարածքում կաթի մթերման գները նախորդ տարվա համեմատ բարձր են եւ շահավետ

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում եւ տարածքի համայնքներում կաթի մթերման գները նկատելիորեն բարձր են նախորդ տարվա ամռան ամիսների համեմատ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանը, քաղաքում գործող տնտեսություններից կաթ մթերում են մի քանի կազմակերպություններ, ինչը նպաստում է ոչ միայն մրցակցության ծավալմանը, այլ նաեւ՝ կաթի մթերման գների բարձրացմանը եւ տնտեսությունների համար շահավետ վիճակի պահպանմանը:

«Նախորդ տարվա համեմատ այս տարի կաթի մթերման գները քաղաքում բարձր են 25-30 դրամով:Այն ժամանակ եւ ավելի վաղ, երբ մեկ ընկերություն էր ճամբարակի տարածքում զբաղվում կաթի մթերմամբ, մթերման գինը չէր բարձրանում 100-110 դրամից, իսկ այժմ, երբ մրցակցություն է ծավալված մի քանի մթերող կազմակերպությունների միջեւ, մթերման գները հասնում են 130-140 դրամի: Իսկ եթե անասնապահական տնտեսությունները չեն դժգոհում, ուրեմն դա նշանակում է, որ մթերման գները նրանց համար արդեն շահավետ են»,-ներկայացրեց Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանը:

Վահանի գյուղապետ Գուրգեն Բալյանի ներկայացմամբ՝ Վահանում կաթի մթերման գինը տատանվում է 135-140 դրամի սահմաններում:«Մի քանի կազմակերպություն կաթը մթերում են Վահանի տնտեսություններից, ինչի արդյունքում նախորդ տարվա համեմատ մթերման գները բարձրացել են 25-30 դրամով: Չի բացառվում, որ առաջիկայում եւս մրցակցության շնորհիվ գները բարձրանան»,-ներկայացրեց Գուրգեն Բալյանը:

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս