Ռուսական և ադրբեջանական նավթն ու գազը մի օր պահանջարկ չեն ունենա
Մեր օրերի տեխնոլոգիական առաջընթացը կարող է լիովին փոխել ավանդական տնտեսության գաղափարը, մասնավորապես, զգալիորեն նվազեցնելով ավանդական էներգակիրների՝ նավթի ու գազի նշանակությունը, համոզված են ամերիկյան փորձագետները: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Միացյալ Նահանգների Կոնգրեսի շենքում տեղի ունեցած մարդու իրավունքների Հելսինկյան հանձնաժողովի լսումների ընթացքում Եվրոպական քաղաքականության վերլուծությունների կենտրոնի փոխնախագահ Փիթեր Դորանը նշել է, որ նավթի եւ գազի ռազմավարական նշանակության նվազեցումը ազդում է ոչ միայն դրա վաճառքից կախված Ադրբեջանի ու Ռուսաստանի վրա.
«Նույնիսկ հարուստ Սաուդյան Արաբիան կարող է մի օր իրավիճակում հայտնվել, երբ իրենից նավթ գնել ցանկացողներ այլեւս չլինեն»:
Փորձագետների խոսքով, էներգետիկ անվտանգությունը յուրաքանչյուր երկրի տնտեսական եւ աշխարհաքաղաքական անվտանգության անհրաժեշտ բաղադրիչն է: Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի ինստիտուտի վերլուծաբան Մամուկա Ցերետելիի կարծիքով, Հայաստանի,, ինչպես նաեւ Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի էներգետիկ անվտանգությունը չափազանց մեծ կախվածության մեջ է Ռուսաստանից: Մոսկվայի շահերից չի բխում թուլացնել իր ազդեցությունը հարեւան երկրների վրա, ավելացնում է Ցերետելին: Ավելին, Հարավային Կովկասում էներգետիկ անվտանգություն հնարավոր չէ հաստատել, մինչեւ չգտնվի ղարաբաղյան հակամարտության կարգավորումը.
«Այս հակամարտության կարգավորման մեջ հետաքրքրված են բոլոր կողմերը. Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Եվրամիությունը, Միացյալ Նահանգները եւ Թուրքիան, որն ի դեպ, այդ դեպքում կկարողանար Հայաստանի հետ բացել սահմանները»:
Միեւնույն ժամանակ, յուրաքանչյուր երկիր պետք է ստույգ քայլեր ձեռնարկի սեփական էներգետիկ անվտանգությունն ապահովելու համար, նշում է Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Էդվարդ Չոն.
«Անշուշտ, հեշտ է մեղադրել Ռուսաստանին: Ռուսաստանը կարծես թե ցանկանում է շրջապատված լինել թույլ եւ կախյալ հարեւաններով, սակայն, երկրներն իրենց ներսում նույնպես բարեփոխումներ պետք է կատարեն»:
Վերլուծաբանի խոսքով, էներգետիկ անվտանգություն կառուցելու համար առաջին հերթին անհրաժեշտ է գրավել արտերկրյա ներդրողներին եւ ընկերություններին, ինչն իր հերթին պահանջում է կոռուպցիայի դեմ լուրջ պայքար եւ իրական մրցակցային տնտեսության հաստատում: