Խորագիր:

«Ոսկե Ծիրանի» 50 երանգները

«Ոսկե Ծիրանի» 50 երանգները

Արդեն 14-րդ տարին է, ինչ երևանյան հուլիսը թեժ է «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի շնորհիվ: Կազմակերպչական աշխատանքները և համաշխարհային մեծության աստղերի բացակայությունը շրջանցելով՝ պետք է նկատել, որ այս տարի փառատոնն աչքի է ընկնում ֆիլմերի բարձր որակով: Հասկանալի է, որ երևանյան կինոփառատոնի ֆինանսական միջոցները կարող են սահմանափակ լինել, և ողջունելի է, որ կազմակերպիչներն ուժեղ ֆիլմերի ներգրավումը գերադասել են գլամուր աստղերին հրավիրելուց:

Արտամրցութային ծրագրում այս տարի տեղ է գտել 4 ֆիլմ Կաննի վերջին փառատոնի մրցութային ծրագրից, այդ թվում՝ Սերգեյ Լոզնիցայի «Հեզը», Ֆրանսուա Օզոնի «Երկդիմի սիրեկանը», Ֆաթիհ Ակինի «Անէությունից» ժապավենները և Ռուբեն Էսթլունդի «Քառակուսին», որը Կաննում անսպասելիորեն արժանացավ «Ոսկե արմավենու»:

Բացի Կաննի մրցութայիններից՝ Երևանում էկրան բարձրացան նաև եվրոպական մյուս երկու հեղինակավոր կինոփառատոների գլխավոր մրցանակին արժանացած ժապավենները՝ հունգարացի Իլդիկո Էնյեդիի «Մարմնի և հոգու մասին» դրաման, որը Բեռլինի կինոփառատոնի «Ոսկե արջի» դափնեկիր է, և ֆիլիպինցի Լավ Դիասի 4 ժամ տևողությամբ «Հեռացած կինը», որը 2016թ. ստացել է Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծը»:  Երևանյան պրեմիերաների հարուստ ցանկն առավել ճոխացրեցին Կիմ Կի-դուկի և Ակի Կաուրիսմյակիի նոր գործերը:

Անդրադառնանք «Ոսկե Ծիրան» խաղարկային ֆիլմերի մրցութային ծրագրին, որում այս տարի ևս պայքարում են 12 ժապավեն Հայաստանից, Բրազիլիայից, Ուկրաինայից, Չեխիայից, Սերբիայից, Բոսնիա և Հերցեգովինայից, Հնդկաստանից, Կանադայից, Գերմանիայից, Իրանից, Վրաստանից և Թուրքիայից: Ուշագրավ վիճակագրական մի փաստ. մեր հարևան երեք երկրները մշտապես ակտիվ մասնակցություն են ունեցել «Ոսկե Ծիրանի» միջազգային մրցույթում. Թուրքիան մասնակցում է արդեն 10-րդ անգամ, Իրանը՝ 9-րդ, և Վրաստանը՝ 5-րդ: Ընդ որում, երեք երկրների արտադրության ֆիլմերն էլ տարբեր տարիների արժանացել են «Ոսկե Ծիրանի» գլխավոր մրցանակին:

Եթե նախորդ տարիներին, հետաքրքիր պատահականությամբ, մրցութային ֆիլմերի մեջ կարելի էր գտնել թեմատիկ ընդհանրություն, ապա այս տարի այդ «ընդհանրությունը» միայն նրանց յուրահատկության մեջ է: Օրինակ, իրանցի Մոհամադ Ռասուլոֆի «Անկաշառը» կարելի է նմանեցնել հոլիվուդյան թրիլերի՝ արդարության համար պայքարող երիտասարդ, որի ընտանիքը կարող է վտանգված լինել, լարված սյուժետային գիծ, գեղեցիկ դերասաններ… Սակայն այսքանով նմանությունն ավարտվում է, եթե հաշվի առնենք, որ ֆիլմը նկարահանվել է  «ազգային անվտանգության համար սպառնալիք ներկայացնող  հավաքների կազմակերպման և դավաճանություն»  մեղադրանքով 5 տարի ազատազրկման դատապարտված իրանցի ռեժիսորի կողմից և նկարագրում է Իրանի կոռումպացված իշխանական համակարգը ու դրա կապը տեղային կլանների հետ:

Ժանրային յուրօրինակությամբ է օժտված  նաև հնդկական արտադրության «Ցանկալի Դուրգան» ժապավենը: Imdb.com կայքում որպես այս ֆիլմի ժանր՝ պաշտոնապես նշվում է՝ «սարսափ»:  Իհարկե, գլոբալ իմաստով, հնդկական ֆիլմերում երգ ու պարի բացակայությունը կարելի է համարել «տխուր», բայց ոչ սարսափ: Երիտասարդ մի զույգ գիշերով փորձում է հասնել երկաթուղային կայարան: Ճանապարհին նրանք հանդիպում են մեքենայով զենք տեղափոխող երկու տղամարդու: Առաջին տեսարաններից թվում է՝ դիտում ես դասական էժանագին սարսափ, սակայն ընթացքում պարզ է դառնում, որ ֆիլմում չեն լինելու դաժան սպանություններ, սերիական հանցագործներ. ֆիլմի սարսափը մարդկային էության մեջ է, հատկապես, երբ գիշերային ճանապարհորդությանը զուգահեռ՝ նկարագրվում է մի ծիսակատարություն, որի ժամանակ նույնպես մեկին նվաստացնելը հանդիսանում է մյուսին արժևորելու հիմնական ուղին:

Վրացի ռեժիսոր Գիորգի Օվաշվիլին «Ոսկե Ծիրանի» սիրելի կինոգործիչներից է: Նրա «Մյուս ափը» ժապավենը 2009թ. արժանացավ փառատոնի գլխավոր մրցանակին, իսկ այս տարի ռեժիսորը ներկայացրել է իր «Խիբուլան», որը պատմում է Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի փախուստի օրերի մասին: Նրան ուղեկցող թիմակիցները համոզում են լքել երկիրը, սակայն նա հրաժարվում է հեռանալ իր հայրենիքից, քանի որ ժողովրդի կողմից ընտրյալ է: Պատմական փաստերի վրա նկարահանված ժապավենն արկածային կարելի է համարել, որի սյուժեն ծավալվում է վրացական լեռներում ապաստան փնտրող նախկին իշխանավորների շուրջ, որոնց հյուրընկալում են, մեծարում են, դավաճանում են: Կյանքի ու մահվան սահմանին պաշտոններ չկան, հրամաններ արձակողներ ու կատարողներ չկան:

Չեխոսլովակիայի պատմության մի փուլ էլ ներկայացրել է ԱՄՆ-ում կրթություն ստացած չեխ ռեժիսոր Յուլիուս Շևչիկը: «Մասարիկը» կենսագրական որակյալ դրամա է Չեխոսլովակիայի առաջին նախագահ Թոմաշ Մասարիկի որդու՝ Յան Մասարիկի մասին, ով Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ զբաղեցրել է Լոնդոնում Չեխոսլովակիայի դեսպանի պաշտոնը: Հատկանշական է, որ այս ֆիլմը փառատոնի ամենամեծ բյուջետային ժապավեններից մեկն է (թեև ֆիլմն արտադրողները պաշտոնապես չեն հրապարակում դրա բյուջեի մեծությունը) և այս տարի արժանացել է 12 չեխական «օսկարի»:

Պատմական հենք ունի նաև Վիգեն Չալդրանյանի «Վարդապետի լռությունը»: Սակայն յուրաքանչյուր պատմություն կերտվում է որոշակի ներկայում, և ժամանակի հերոսները պետք է ամեն ինչ անեն պատմության սխալները չկրկնելու համար: Հայտնի գրող և դասախոս Էդգար Նովենցն աշխատում է իր վեպի վրա՝ հենվելով պատմական փաստերի և արխիվային փաստաթղթերի վրա: Սակայն նրա համար առեղծվածային են Փարիզի Վիլժյուիֆի հոգեբուժարանում Կոմիտաս վարդապետի անցկացրած վերջին տարիները և նրա լռության պատճառը: Նովենցը ստանձնում է ներկայում անցյալը «վերարտադրելու» և ապագան ներկայում հստակեցնելու բարդ գործը, որի միջոցը մեկն է՝ խելագարության սահմանները որոշելը:

Այս տարի խաղարկային մրցույթում զգացվում է նաև ընտանիքի գերակայության շեշտադրումը, հատկապես՝ ուկրաինական, թուրքական և սերբական ժապավեններում: Ուկրաինացի ռեժիսոր Տարաս Տկաչենկոյի «Տատրակի բույնը» պատմում է ընտանիքի բարեկեցիկ ապագայի մասին մտածող և հայրենիքից հեռու արտագնա աշխատանքով զբաղվող կանանց մասին: Դարինկան Իտալիայում մի քանի տարի աշխատելուց հետո վերադառնում է տուն: Սակայն հայրենիքից հեռու, կամա թե ակամա, նա արդեն հասցրել էր կերտել իր կյանքի մի կարևոր փուլը: Այժմ նա կանգնած է մեծ ընտրության առաջ, ինչում միայն ընտանիքը կարող է իրեն օգնել…

Շատ նման հաղորդագրություն է ուղարկում նաև թուրք ռեժիսոր Զեքի Դեմիրքուբուզն իր «Անթեղ» դրամայում: Ծնողական սեր, խանդ, հավատարմություն, երախտագիտություն, պարտքի զգացում: Սակայն հերոսների ընտրությունն այս դեպքում ավելի բարդ է, քանզի այս ամենին գումարվում են արևելյան բարքերն ու հասարակական կարծիքի կարևորությունը, որոնք թեև ռեժիսորը փորձել է քողարկել, այնուամենայնիվ, առաջնային են համարվում այս պատմության մեջ:

Իսկ սերբական «Տիկին Յ.-ի ռեքվիեմը» ֆիլմի հերոսուհուն ավելի դժվար ընտրություն է սպասվում՝ մա՞հ, թե՞ ընտանիք: Ամուսնու մահվան առաջին տարելիցին մնացել է ընդամենը մեկ շաբաթ, և կինը, որի կյանքն արդեն իմաստ չունի, որոշում է «լքել» ընտանիքը և ինքնասպանություն գործել: Բայց նա դեռ անավարտ գործ ունի, ինչի համար աշխատանքային ստաժի վերաբերյալ փաստաթուղթ է պակասում: Այս իրադրությունում նրան օգնության են հասնում երկրի սոցիալական վիճակն ու վարչարարության մակարդակը:

Գերմանացի կինոգործիչ Ֆրեդ Քելեմենի «Սարաևոյի սգերգեր» գործը փառատոնի մրցույթում կարելի է համարել ամենահամարձակ մասնակիցը: Եթե տեսախցիկը երաժշտության հնչյունների ներքո կարող է կես ժամից ավելի ֆիքսել միայն փողոցում թափառող շներին, կամ մի քանի րոպե նկարագրել սոխը մաքրելու երկար ու մանրակրկիտ գործընթացը, ապա կարելի է փաստել, որ ռեժիսորը չի վախենում արտահայտվելու իր ուրույն ձևից: Ֆիլմը եռապատում է, երեք տարբեր պատմություններ Սարաևոյի փողոցներում թափառողների և անվերջ որոնողների մասին: Առաջինում ավստրիացի երիտասարդը տեսախցիկով քաղաքային կադրեր է որսում՝ փորձելով գտնել այն ուղին, որը նորից ցույց կտա իր և հաշմանդամ ընկերուհու սերը: Երկրորդ պատմությունն անվերջ թափառող շների մասին է՝ զուգահեռաբար հիշեցնելով նրանց բարեկեցիկ անցյալը, իսկ երրորդ պատմության հերոսը բոսնիացի մոլագար է, ով փորձում է ելք գտնել իր ներքին հրեշից ազատվելու համար:

Կանադուհի Սոֆի Գուայետի «Դեռ մութ, դեռ լույս» ժապավենը նույնպես բալլադ է երեք հերոսների մասին՝ երիտասարդ կանադուհու, ով մեկնում է Մեքսիկա դաշնամուրի դասեր տալու համար, նրա գործատուի և վերջինիս հոր, ով իր կյանքն ապրում է ծերանոցում: Երեքն էլ երազում են, քանի որ կյանքը կարճ է, երեքն էլ ինչ-որ բանի են սպասում՝ գեղեցիկ զրույցի, կորցրած մեծ սիրուց որևէ հուշի… Երեքն էլ ուզում են յուրովի երջանիկ լինել՝ ճիշտ բան անելով. «Մենք փորձում ենք լավագույնն անել մի աշխարհում, որը մենք չենք վերահսկում…»:

Գերմանուհի Վալեսկա Գրիզեբախը հետաքրքիր ձև է ընտրել մարդու գոյատևելու բանաձևը ներկայացնելու համար: «Վեսթերնը» դիտելու ընթացքում այն ինչ-որ առումով նմանեցնում ես ֆոն Թրիերի «Դոգվիլին»: Գերմանացի շինարարներն աշխատում են բուլղարական հեռավոր գյուղերից մեկում ու չեն տիրապետում լեզվին: Սակայն համամարդկային արժեքների ընդհանրությունն ավելի ուժեղ է գտնվում լեզվական և մշակութային տարբերություններից: Ֆիլմում հերոսն ասում է. «Երկրագունդը նման է գազաններին, որոնցից ուժեղը պետք է գոյատևի…»: Իսկ ուժը ոչ թե՝ ֆիզիկականը, մտավորը կամ ֆինանսականն է, այլ այն պարզ մարդկայինը, որը թույլ է տալիս մարդուն լիովին ընդգրկվել օտարների մեջ և դառնալ զորեղ:

Իսկ բրազիլացի ռեժիսորներ Աֆոնսու Ուշոան և Ժուան Դումանսը հաղորդակցման յուրօրինակ ուղի են ընտրել՝ խաղարկային ընթերցանություն: «Արաբիան» սոցիալական հենքի վրա կառուցված դրամա է, որում արդյունաբերական քաղաքում ապրող պատանի Անդրեն հանգամանքների բերումով հայտնաբերում է գործարանում դժբախտ պատահարից տուժած Կրիշտիանուի նոթատետրը: Դրանում երիտասարդը նկարագրել է իր կյանքը՝ առանց թաքցնելու որևէ դրվագ ու զգացմունք, հիացել է, երջանկացել է, տանջվել է ու մի պահ հասկացել է, որ կյանքը պատրանք է, իսկ մարդիկ ոչ թե՝ ապրում են, այլ՝ գոյատևում… Ֆիլմի հեղինակներն Անդրեի ընթերցանության միջոցով պարզ գծով և քիչ երկխոսություններով վերարտադրել են Կրիշտիանուի կյանքի պատմությունը:

Այս տարվա խաղարկային մրցույթի ֆիլմերը դիտելուց հետո կարելի է նշել, որ ժյուրիի անդամներն իրոք բարդ ընտրության առաջ են կանգնած ֆիլմերի ոճային, թեմատիկ և հաղորդակցման յուրահատկությունների պատճառով:

Թոմսոն

Գովազդ
Լրահոս
Ամենաընթերցված
ՕրվաՇաբաթվաԱմսվա
2017-11-23
Լավրովը կուլիսներում մեղադրում է Ադրբեջանին՝ պայմանավորվածությունները տապալելու մեջ
«168 Ժամի» տեղեկություններով՝ Անթալիայում ՌԴ ԱԳ նախարարը բավականին լարված բանակցություններ է ունեցել իր թուրք գործընկերոջ հետ, որից հետո հրաժարվել է պատասխանել նույնիսկ լրագրողների հարցերին, ինչը բնորոշ չէ նախարար Լավրովին: