Բաժիններ՝

Երբ է ազատագրվելու Կասկադը

Երկու օր առաջ Երևանի քաղաքապետարանն ապամոնտաժեց Թումանյան փողոցում գտնվող սննդի և սպասարկման մի քանի կետերի՝ մայթերին տեղակայված սեղանները, որոնք խոչընդոտում էին քաղաքացիների տեղաշարժին։ Այս գործողությանը նախորդել էր Երևանի քաղաքապետի հուլիսի 10-ի աշխատանքային խորհրդակցությունը, որտեղ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել էր մայրաքաղաքում բացօթյա սեզոնային սրճարանների գործունեության կազմակերպմանը՝ շեշտելով, որ դրանք չպետք է խոչընդոտեն հետիոտնի տեղաշարժին:

«Սեզոնային սրճարաններին և հասարակական սննդի օբյեկտներին բացօթյա գործունեություն կազմակերպելու համար մեր կողմից հատկացվում են հստակ տեղեր: Բայց պետք է խստորեն հետևել, որ այդ գործունեությունն անհարմարություն չստեղծի մեր համաքաղաքացիների համար: Անթույլատրելի է, երբ մայթի կեսից ավելին, որը պետք է ազատ լինի քաղաքացիների տեղաշարժի համար, զբաղեցնում են սրճարանների սեղան-աթոռները կամ առևտրի օբյեկտների սառնարանները»,- ասել էր Տարոն Մարգարյանը:

Armtimes.com-ը տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես էին ապամոնտաժում մայթերի կեսից ավելին զավթած սննդի օբյեկտների հիշյալ հատվածները: Դրանից հետո սոցիալական ցանցերում քննարկումներ սկսվեցին Երևանի այլ փողոցներում համանման պայմաններով աշխատող սրճարանների մասին, մասնավորապես՝ Հյուսիսային պողոտայից մինչև Աբովյան փողոց տեղակայված սննդի օբյեկտների վերաբերյալ: Դրանք ևս խոչընդոտում են հետիոտնի տեղաշարժը։

Այս քննարկումներից, սակայն, դուրս է մնացել Երևանի մեկ այլ ամենաբանուկ հատվածներից մեկը՝ Կասկադը, որի տարածքում գտնվող մայթերին տեղակայված սրճարանների պատճառով հետիոտնի շարժը ոչ թե՝ դժվարացել, այլ գործնականում դարձել է անհնարին։ Ժամանակին ամերիկահայ բարերար Ջերարդ Գաֆէսճեանը մեկ առ մեկ փոխհատուցում էր վճարում այդ տարածքի հանրային սննդի օբյեկտներին՝ այգին դրանցից ազատելու և գեղագիտական տեսքն ապահովելու համար։

Կարդացեք նաև

Արդյունքում՝ ստեղծվեց «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը և պուրակը, որը դարձավ Երևանի ամենագեղատեսիլ վայրերից մեկը։ Այսօր, սակայն, Կասկադի հարակից տարածքը՝ երկու ուղղությունների մայթերի ողջ երկայնքով, զբաղեցնում են սրճարանները՝ հետիոտնին ընդհանրապես շարժի հնարավորություն չթողնելով։

Այս հատվածի սրճարաններում, ի դեպ, ժամանակ առ ժամանակ լինում է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ու զարմանալի է, որ չի նկատում այն իրավիճակը, ինչի պատճառով երկու օր առաջ ապամոնտաժվեցին Թումանյան փողոցի սրճարանները։ Նույնը, որոշ բացառություններով, վերաբերում է նաև Սարյան փողոցին։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս