«Անցումային շրջանի համար կտրուկ փոփոխություններ անհրաժեշտ չեն». Գառնիկ Իսագուլյանը՝ Արցախում կայանալիք ընտրությունների մասին
«Մենք միահամուռ գտանք, որ այս անցումային շրջանի համար չպետք է գնալ լուրջ փոփոխությունների»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական, խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը՝ խոսելով Արցախում առաջիկայում կայանալիք նախագահական ընտրությունների մասին:
Նա նկատեց, որ մինչև ապրիլյան պատերազմը Արցախի Հանրապետությունում նույնպես ուզում էին անցնել խորհրդարանական կառավարման համակարգին, ու այնտեղ արդեն մշակվել էր խորհրդարանական համակարգին համապատասխանող Սահմանադրություն.
«Բայց ապրիլյան պատերազմը բավականին լուրջ ազդեցություն ունեցավ այդ համակարգի ներդրման առումով, ու Արցախի Հանրապետության քաղաքագետների, տարբեր կուսակցությունների, պաշտոնատար անձանց, ինչո՞ւ չէ, նաև Հայաստանի մասնագետների քննարկումները հանգեցրին նրան, որ Արցախում անհրաժեշտ է ուժեղ նախագահական համակարգ, որովհետև Ադրբեջանի գործողությունները ցույց տվեցին, որ գուցե անհրաժեշտ լինի, որ անգամ գիշերվա ժամը 3-ին մեկ հոգին շատ կտրուկ որոշումներ կայացնելու հնարավորություն ունենա»:
Գ. Իսագուլյանի խոսքով՝ քանի որ ԱԺ-ն նոր էր ընտրված, ուղղակի գնալ այդ կառույցի լուծարմանը` կարող էր առաջացնել որոշակի դժվարություններ, դրա համար որոշել են անցումային շրջան, ու դրա համար ԱԺ-ի կողմից պետք է ընտրվի նախագահ՝ 3 տարի ժամկետով:
«Մենք միահամուռ գտանք, որ այս անցումային շրջանի համար պետք չէ գնալ լուրջ փոփոխությունների: Այս եռամյա ժամկետի համար հիմնական քաղաքական ուժերը՝ «Ազատ Հայրենիքը», ՀՅԴ-ն, Ժողովրդական կուսակցությունը լուրջ քննարկումներից հետո հանգեցին այն եզրակացության, որ այս եռամյա ժամկետի համար անհրաժեշտ է, որ երկիրը ղեկավարի Բակո Սահակյանը: «Շարժում 88»-ն առաջադրել է Էդուարդ Աղաբեկյանին: Չեմ կարծում, որ այստեղ որևէ մեկը կարող է ասել, որ Արցախի Հանրապետությունը գնացել է ժողովրդավարական արժեքներին դեմ»,- նշեց Գ. Իսագուլյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: