«Չկա որևէ բան, որ չեղարկվի». Արթուր Գևորգյանը՝ Դավիթ Խաժակյանի դիմումի մասին
«Ի՞նչը չեղարկենք, որևէ որոշում չկա, որ չեղարկենք, եղած բանն են չեղարկում, չեղած բանը ո՞նց չեղարկենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը՝ խոսելով «Ելք» դաշինքի անդամ Դավիթ Խաժակյանի՝ քաղաքապետարան ուղղված դիմումի մասին:
Հիշեցնենք, որ հունիսի 7-ն քաղաքացիները «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի կողմից ծանուցվեցին, որ օգոստոսի 1-ից SMS ծառայության միջոցով ավտոկայանատեղիի վճարը նախկին 100 դրամի փոխարեն՝ կլինի 149 դրամ, որից 100 դրամը ավտոկայանատեղիի վճարն է, 24.8 դրամը՝ օպերատորի միջնորդավճարը և 24.2 դրամ՝ ԱԱՀ-ն: Դրանից հետո «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ «չեղարկելու թանկացումը»:
«Լավ են արել՝ դիմել են, իրենց պատասխանը կտրվի: Չկա որևէ բան, որ չեղարկվի, որևէ թանկացում չի եղել»,- մեզ հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետը:
Նա պարզաբանեց, որ նախկինում «Փարքինգ սիթին»՝ որպես մասնավոր ընկերություն, այդ 49 դրամը վճարում էր իր եկամուտներից. «Հիմա, ինչպես գիտեք, այդ ընկերությունը դարձել է համայնքային կազմակերպություն, համայնքային կազմակերպությունը միջնորդավճար չի կարող տալ, որովհետև դա քաղաքացի-բջջային օպերատոր հարաբերություններ են, այդ ծառայությունը քաղաքապետարանին չի մատուցվում, այլ քաղաքացուն: Մենք ասում ենք՝ կան տերմինալներ, որոնք անվճար են, օգտվեք դրանից»:
Մեր այն հարցին, թե՝ ըստ Ձեզ՝ «Ելք» դաշինքի անդամների կողմից բարձրացված աղմուկն անհի՞մն է, Ա. Գևորգյանն այսպես պատասխանեց. «Որևէ բարձրացում չի եղել, համայնքը դա հիմա չի կարող վճարել, այն ժամանակ մասնավորն իր միջոցներից վճարել է, բայց թե մասնավորն ինչ է արել, դա իր գործն է»:
Նշենք, որ «Ելք» դաշինքի անդամները տարբեր մեկնաբանություններում ասում են, որ անելու են ամեն բան, որ հասնեն նրան, որ թանկացումը չեղարկվի: Մենք դաշինքի անդամ Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեցինք, թե հիմա ի՞նչ են անելու իրենք՝ հաշվի առնելով, որ Ա. Գևորգյանն ասում է, որ չեղարկելու ոչինչ չկա: Ի պատասխան՝ Ա. Հարությունյանն ասաց, որ իրենք դեռ պետք է սպասեն քաղաքապետարանի պաշտոնական պատասխանին, որից հետո կորոշեն հետագա գործողությունները: