«Ապարանցի Պավլի՛կ, նստի՛». Պավել Մանուկյանը պահանջում է իր ընկերներին բերել նիստերի դահլիճ

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը շարունակում է «Սասնա ծռեր» խմբավորման անդամների վերաբերյալ գործի քննությունը:

Գործով ամբաստանյալ Արայիկ Խանդոյանի՝ «Միայնակ գայլի» պաշտպան Արա Ղարագյոզյանը հետաքրքրվեց, թե որտեղ է իր պաշտպանյալը: Ի պատասխան՝ դատավորն ասաց, որ Արայիկ Խանդոյանի նկատմամբ նախորդ դատական նիստի ընթացքում սանկցիա է կիրառվել, նա գտնվում է դատարանի շենքում՝ իրենց համար հատկացված տեղում: Արա Ղարագյոզյանն ասաց, որ նախորդ դատական նիստի ընթացքում իր պաշտպանյալները նիստերի դահլիճում և դրանից դուրս  խոշտանգման, ծեծի են ենթարկվել, դա կատարվել է փոխգնդապետի կողմից, և նա շարունակում է դատարան բերել ամբաստանյալներին, շփվել նրանց հետ: Պաշտպանն ասաց, որ հավանական է՝ իր պաշտպանյալը կրկին խոշտանգման ենթարկվի:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանն ասաց, որ խոշտանգումների դեպքով քրեական գործ է հարուցվել, կատարվում է նախաքննություն, որի արդյունքների մասին հարցն այսօր այդ դատական նիստերի դահլիճում չի կարող քննության առարկա դառնալ:

«Քննության առարկա պետք է դառնա, քանի որ ձեր դատական նիստն է եղել, ձեր պահանջով են մեր պաշտպանյալներն այստեղ բերվել»,- ասաց Արա Ղարագյոզյանը: Դատավորը կրկին ասաց, որ խոշտանգման հայտարարություններով քրեական գործ է հարուցվել, «այստեղ այս պահին խոշտանգումների վերաբերյալ հայտարարություններ անելն անիմաստ է, քանի որ, ինչպես ասացի, Ձեր պաշտպանյալը հիմա այստեղ է գտնվում»:

Կարդացեք նաև

Արա Ղարագյոզյանն ասաց, որ  դատավորը չի կարող այս գործով արդարադատություն իրականացնել, դատավորը չի կառավարում դատական նիստը: «Սա կառավարվում է Վլադիմիր Գասպարյանի, Դատական դեպարտամենտի և Բաղրամյան 26-ի կողմից, այսինքն՝ Դուք արդարադատություն, որպես այդպիսին, չեք կարող իրականացնել, որովհետև չի կարող մարդ դատարանում ծեծի ենթարկվել: Սա բացառիկ դեպք է»,- ասաց Արա Ղարագյոզյանը՝ նշելով, որ դատարանն այս գործով կողմնակալ և կաշկանդված է, արդարադատություն չի իրականացնում, քանի որ ինքնուրույն որոշում չի կայացնում, հասարակության և պաշտպանական կողմի մոտ դատարանը վստահություն չի ներշնչում՝ որպես արդարադատություն իրականացնող:

Նա նշեց, որ ինքնաբացարկ չի հայտնում դատավորին, քանի որ գիտի՝ որոշումը կայացվելու է ոչ թե՝ դատավորի, այլ՝ անձի կողմից:

Պաշտպան Լուսինե Սահակյանն էլ ասաց, որ պաշտպանը հարց է բարձրացրել՝ անձը, ով խոշտանգել է իր պաշտպանյալներին, այսօր էլ շարունակում է գտնվել այստեղ և ղեկավարել ոստիկաններին, ինչն անթույլատրելի է:

«Դուք ասում եք՝ գնացեք, դիմեք, քրեական գործ կա, քրեական գործը կքննվի: Դուք՝ որպես դատավոր, որպես իրավաբան, քաջ հասկանում եք, որ տվյալ անձն առնվազն կասկածյալի կարգավիճակ ունի այս պահին, և իրավունք չունի շփվելու անձի հետ, ով արդեն վաղուց պետք է տուժողի կարգավիճակ ունենար: Դուք տվյալ գործի շրջանակներում թողնում եք, որ կասկածյալը և տուժողը շփվեն: Մեզ համար դա անթույլատրելի է»,- ասաց Լուսինե Սահակյանը:

Դատավորը հետաքրքրվեց՝ արդյոք տվյալ անձը կասկածյալի կարգավիճակ ունի՞, ինչին ի պատասխան՝ Լուսինե Սահակյանը վկայակոչեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումը, արդեն մեղադրյալի կարգավիճակ ունի, նա հարց հնչեցրեց՝ եթե նույնիսկ տվյալ անձը վկայի կարգավիճակ ունի, ինչպե՞ս է դատարանը թույլ տալիս, որ տուժողն ու վկան շփվեն միմյանց հետ:

Լուսինե Սահակյանը խնդրեց դատական նիստերի դահլիճ վերադարձնել հեռացված ամբաստանյալներին, ինչպես նաև մինչ խոշտանգման գործով քննության ավարտը տվյալ անձն իրավունք չունենա ղեկավարել անվտագությունն ապահովող ոստիկաններին:

Պավել Մանուկյանն ասաց. «Ղազարյանին եթե փոխեք Բոզոյանով էլ, չի փոխարինվելու: Չի լինելու, որոհետև դուք երաշխիք չունեք, կատարվելու է նույն հանցագործությունը»: Պ. Մանուկյանն ասաց, որ դատավորի  դեմ ոչինչ չունի, բայց նա ի զորու չէ, չի կարող լավ դատավոր լինել, արդարադատություն չկա:

«Հիմա ես պահանջում եմ՝ իմ ընկերներին բերեք այստեղ, որովհետև խոշտանգումից հետո ես նրանց չեմ տեսել»,- ասաց Պավել Մանուկյանը: Դատավորն ասաց, որ հարցերը քննարկվեն հերթով: «Դուք հերթականությա՞մբ եք խախտում: Երբ ուզում եք՝ ոստիկաններին սարքում եք շերտավոր վարագույր, երբ ուզում եք՝ սարքում եք բորենի»,- ասաց Պ. Մանուկյանը:

«Մանուկյա՛ն»,- դատավորը դիմեց դատավորին, ինչից հետո Պավել Մանուկյանն ասաց. «Իմ անունն Ապարանցի Պավլիկ է»: «Ապարանցի Պավլի՛կ, նստի՛»,- ասաց դատավորը՝ նրան հորդորելով նստել՝ «Վատառողջ ես»:

Պաշտպանական կողմն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ամբաստանյալների մի մասը պաշտպան չունի. Մասնավորապես՝ դատարան չէր ներկայացել Սմբաստ Բարսեղյանի պաշտպան Հայկ Ալումյանը, ով դատարանին հայտնել էր, որ այլ դատական նիստերի մասնակցելու պատճառով հնարավորություն չունի ներկայանալ այս նիստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս