Բաժիններ՝

«Որքան շատ է դեռահասի հետ խոսվում մահվան մասին, այնքան իր մոտ բթանում է մահվան ցանկությունը». հոգեբան

Հոգեբան Ռուբեն Պողոսյանի համոզմամբ՝ դեռ վաղ ժամանակներից ինքնասպանությունների թվի աճ գրանցվել է հիմնականում դեռահասության շրջանում: Ու ներկայումս էլ շարունակում է աճել ինքնասպանություն գործելու միտումը: Ինքնասպանությունը դեռահասության շրջանում այլ իրականության մեջ հայտնվելու ցանկությունն է:

«Մահը հասկացություն է, մենք մեր ներսում մահվան զգացողությունը չունենք, մենք հավերժականության զգացողության մեջ ենք, մենք չենք կարողանում մարդկանց դասել մահացածների շարքին, մահը գաղափար է դառնում բոլորիս համար»,- ասաց հոգեբանը:

Ռուբեն Պողոսյանի խոսքով՝ դեռահասության շրջանը կարևոր անցումային փուլ է. դա այն տարիքն է, երբ ո՛չ փոքր են, ո՛չ էլ մեծ: Այդ իսկ պատճառով էլ քայքայիչ կրոնական գործունեություն ծավալող կազմակերպությունները որպես թիրախ ընտրում են դեռահասներին: Դեռահասության շրջանում է հենց սկիզբ դրվում ապագայի հանդեպ պատկերացումներին, դրա համար էլ շատ կարևոր է, որ մեծահասակներն անեն ամեն ինչ, որ դեռահասները կարողանան հասկանալ, թե ի՞նչ է իրենց սպասվում:

«Աղանդավորները շատ լավ գիտեն, որ մարդաորսի ժամանակ դեռահասները շատ հեշտ կարող են դառնալ ինքնասպանության զոհ, քանի որ հենց այդ խմբերն ու աղանդավորներն ունեն այնպիսի գաղափար, որ ապագայում երջանիկ լինելու համար այսօր զոհեր են պետք: Ամեն ինչով կարելի է նրանց խաբել ու ներքաշել ինչ-որ գաղափարների մեջ»,- ասաց բանախոսը:

Կարդացեք նաև

Հոգեբանի կարծիքով՝ աղանդավորությունը գաղափարախոսություն է, իսկ երբ դեռահասն ընկնում է այդ գաղափարախոսության ճիրանների մեջ, նա կարող է «հալած յուղի տեղ ընդունել այն, ինչ իրեն ասվում է»:

Ռուբեն Պողոսյանը վիճակագրությամբ չկարողացավ ներկայացնել՝ ինքնասպանությունների թիվն աճե՞լ է, թե՞ նվազել, փոխարենն ասաց.

«Հստակ տվյալներ չկան, բայց կարող եմ ասել, որ դա կորագիծ է, և դա տարիների ընթացքում հանգամանքների բերումով ունի բարձրանալու և իջնելու միտում, հիմա մեզ մոտ բարձրանալու միտում ունի»:

Հոգեբանի խոսքով՝ ինքնասպանությանը խթանող հանգամանք կարող են հանդիսանալ սոցիալական վիճակը, ընտանեկան հարաբերությունները, ինչպես նաև ֆինանսական և տնտեսական վիճակը: Ըստ Ռուբեն Պողոսյանի՝ գերազանցիկության սինդրոմն էլ կարող է դառնալ ինքնասպանության պատճառ:

Նա նշեց, որ իր յուրաքանչյուր այցելուից երրորդը կոծկված ձևով խոսում է մահվան մասին: Նրա կարծիքով՝ շատ կարևոր է խոսել մահվան մասին, քանի որ, որքան շատ են խոսում դեռահասի հետ այդ մասին, այնքան իր մոտ բթանում է մահվան ցանկությունը: Մարդուն հատուկ է երևակայությամբ ըմբոշխնել այն, ինչ չի կարողանում ունենալ իրականում: Հետևաբար, նա կարևորեց նաև երազների մասին խոսելը, պետք է հասկանալ, որ դրանք կազմում են մեր իրական կյանքի մի մասը:

Անի Թորոսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս