«Ադրբեջանի վերջին գործողությունները պատրաստված սցենար է». Լարիսա Ալավերդյան
«Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի դիտարկմամբ՝ քառօրյա պատերազմը ճիշտ բնութագիր չէ, քանի որ ապրիլին սկսված «սողացող» պատերազմը շարունակվում է։
«Դա հասարակության և, մասնավորապես, մեր պետական մարմինների և իշխանության համար շատ կարևոր է։ Ինչքան էլ ասեն, որ ինչ-որ բան փոխվել է ապրիլից հետո կառավարման համակարգում, ես մնալու եմ իմ կարծիքին, որ առայժմ կառավարման համակարգը պատշաճ ձևով չի վերակազմավորել իր աշխատանքները, քանի որ մենք չենք հայտարարել պատերազմը, բայց մեզ են հայտարարել սողացող պատերազմը»,- նկատեց Լ. Ալավերդյանը։
Նրա խոսքով՝ պատերազմն ընթանում է վաղուց և մի քանի ձևերով, որոնցից առաջինը տեղեկատվական պատերազմն է՝ իր բոլոր դրսևորումներով. «Իմ կարծիքով, մենք դեռ չենք մշակել համապատասխան հայեցակարգ և կոնկրետ քաղաքականություն։ Մենք պետք է կարողանանք հստակեցնել կանխարգելիչ միջոցները»,- նշեց բանախոսը։
Լ. Ալավերդյանի գնահատմամբ՝ միջազգային հարթակներում մեր աշխատանքի դրական փոփոխությունը զգացվում է. «Բայց, կարծես թե, մենք դառնում ենք գնացքի հետևից վազող, այնինչ մենք պետք է կարողանանք շոգեքարշում հայտնվել, կամ ստանձնել շոգեքարշի դերակատարությունը»։
Նա Ադրբեջանի վերջին գործողությունները որակեց որպես սադրանք՝ ասելով, որ այն պատրաստված սցենար է, իսկ պատճառը հետևյալն է. «Բոլորիդ հայտնի է, որ Եվրոդատարան են տրվել ապրիլի 2-ին Ներքին Ճարտար գյուղի դպրոցի ուղղակի կետային ռմբակոծումը, ինչի արդյունքում զոհվել էր մեկ երեխա, 3-ը բավականին ծանր վիրավորվել էին, 2-ն էլ՝ թեթև։ Ես համոզված եմ, որ այդ լուրն արդեն իսկ հասել է Ադրբեջանին, Ադրբեջանից ներկայացուցիչ այդ նույն դատարանում անշուշտ կա, ըստ երևույթին՝ ուղղակի ճիգեր են գործածվել, և, եթե կան այդ զոհերը, ապա դրանք Ադրբեջանի հանցագործ քաղաքականության զոհերն են»։
Լ. Ալավերդյանի գնահատմամբ՝ Արցախի Հանրապետությունը գործում է համաչափ, և մեր իշխանությունը թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում պետք է գործի այնպես, ինչպես գործում են պատերազմական վիճակում։ Իսկ Հայաստանը, ըստ նրա՝ պետք է ավելի ակտիվ աշխատի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, և կարելի է վերջապես առաջարկություններով հանդես գալ, որոնց հիմնական թեզը պետք է լինի Ադրբեջանին խաղաղության պարտադրելը. «Չկա այլ բախում, որի կարգավորմամբ զբաղվի այդքան բարձր կարգավիճակ ունեցող խումբ, ինչպիսին է Մինսկի խումբը, և, մասնավորապես՝ համանախագահները»։
Նա նաև նշեց, որ հայկական կողմը պետք է դիմի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովին՝ սահմանամերձ հայկական գյուղերի բնակչության կյանքի վտանգված լինելու հարցով, քանի որ Ադրբեջանը սահմանամերձ բնակավայրերին շատ մոտ զինտեխնիկա է տեղադրում։
«Քաղաքական հարթակները մեր կողմից պատշաճ ձևով գնահատված չեն։ Այստեղ գործը քիչ է արվում ինչպես՝ իշխանության կողմից, այնպես էլ՝ քաղաքացիական հասարակության կողմից»,- նկատեց Լարիսա Ալավերդյանը։
Անդրադառնալով երկու օր անց կայանալիք Մամեդյարով-Նալբանդյան հանդիպմանը՝ բանախոսն ասաց, որ անգամ չի ողջունում այդ հանդիպումը, որովհետև ակնկալիք չունի այդ հանդիպումից։
Ռոզա Հակոբյան