«ԵԱՏՄ տարածքում Հայաստանն ունի ամենաքիչ խոչընդոտները և ամենաբարենպաստ ներդրումային միջավայրը». ԵՏՀ նախարար
ԵԱՏՄ երկրների շարքում Հայաստանի սահմանափակումները ամենաքիչն են: Այս մասին հուլիսի 6-ին «Հայաստանի Հանրապետությունը երկու տարի Եվրասիական տնտեսական միությունում: Առաջին արդյունքները» թեմայով կլոր սեղան քննարկումից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ, ներքին շուկաների, տեղեկատվայնացման և տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների գծով հարցերով նախարար Կարինե Մինասյանը: Նրա խոսքով` Հայաստանը ԵԱՏՄ երկրների շարքում ունի ամենաբարենպաստ միջավայրը ներդրումների ներգրավման համար:
«Մենք մյուս երկրներում հայկական բիզնեսի խոչընդոտների վերացման համար լուրջ աշխատանքներ ենք տանում: ԵԱՏՄ երկրներն, ընդունելով ազգային օրենսդրությունները, որոշ չափով դրանք չեն համապատասխանեցնում ԵԱՏՄ օրենսդրությանը: Եթե մենք բացահայտում ենք նմանատիպ խոչընդոտներ, ապա անմիջապես վերացնում ենք, քանի որ դրանք չեն համապատասխանում ԵԱՏՄ օրենսդրության դրույթներին»,- ասաց Մինասյանը` հավելելով, որ կան նաև խոչընդոտներ, որոնք դեռևս չեն կարգավորվում ԵԱՏՄ-ում, բայց բիզնեսը բարձրացնում է դրանց հարցը: Նա, որպես օրինակ, բերում է հունիսի 1-ից ՌԴ-ում այլ երկրների վարորդական վկայականներով գործունեության ծավալման արգելքի հարցը, որի շուրջ հանձնաժողովը քննարկումներ է իրականացնում: