Բաժիններ՝

ՌԴ-ն պահանջել է Ադրբեջանից դադարեցնել խտրականությունը հայկական ազգանունով քաղաքացիների նկատմամբ

Ռուսաստանի Դաշնությունը պահանջել է Ադրբեջանի իշխանություններից դադարեցնել խտրական վերաբերմունքն այդ երկիր ժամանող այն ՌԴ քաղաքացիների նկատմամբ, ովքեր ունեն հայկական ազգանուններ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ստիպված ենք հաստատել, որ Ադրբեջան ժամանող ռուսաստանցիներն իսկապես խտրականության են ենթարկվում էթնիկ սկզբունքի հիման վրա: Շարունակում ենք պահանջել դադարեցնել այդ զայրացնող խտրական գործելաոճը, որը չի համապատասխանում երկու երկրի միջև բարեկամական հարաբերություններին: Բնականաբար, եզրակացություններ ենք անելու ստեղծված իրադրությունից»,- հայտարարել են ՌԴ արտաքին գործերի նախարարությունից:

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնել են, որ 2017 թվականի ընթացքում ՌԴ 25 քաղաքացու արգելել են մուտք գործել Ադրբեջան: Նրանց մի քանի ժամով սպասեցրել են, որոշ դեպքերում անգամ առանց ուտելիք, ջուր և բժշկական օգնության, այնուհետև իրենց իսկ հաշվին հետ էին ուղարկել: Որպես պատճառաբանություն է նշվել նրանց հայկական ազգանունները, սակայն եղել են նաև դեպքեր, երբ «ռուսական ազգանուններով, անուններով ու հայրանուններով անձանց հարցաքննել են հայկական նախնիներ ունենալու փաստը բացահայտելու նպատակով»:

ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ իրենք բազմիցս, այդ թվում և պաշտոնական նոտաների միջոցով պահանջել են դադարեցնել նման գործելաոճը, սակայն այդպես էլ չեն ստացել բավարարող պատասխան: «Ադրբեջանի ԱԳՆ պատասխան նոտայում ասվում է, որ «անցանկալի էքսցեսները կանխելու նպատակով Ադրբեջանը ստիպված է կիրառել համապատասխան կարգավորումներ մի շարք անձանց նկատմամբ»,- նշել են ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունից

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս