
«Հայաստանը ՆԱՏՕ-ի համար վստահելի գործընկեր է». Ռոսարիա Պուգլիսի

Հայաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերություններում անակնկալներ չկան. Հայաստանը վստահելի գործընկեր է ՆԱՏՕ-ի համար։ «ՆԱՏՕ-ն Վարշավայից Բրյուսել՝ մարդկային անվտանգության և անվտանգության ոլորտի բարեփոխումները Հայաստանում» խորագրով միջազգային համաժողովի ժամանակ այս մասին ասել է Վրաստանում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավարի տեղակալ Ռոսարիա Պուգլիսին:
«Հայ խաղաղապահները մասնակցում են ՆԱՏՕ-ի խաղաղարար առաքելություններին Կոսովոյում և Աֆղանստանում։ Մենք սա շատ ենք կարևորում»,- ասել է նա:
Ռոսարիա Պուգլիսին կարևորել է նաև այն հանգամանքը, որ Հայաստանը, լինելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ, արդյունավետ համագործակցում է նաև ՆԱՏՕ-ի հետ: «Մենք այստեղ որևէ հակասություն չենք տեսնում»,- հայտարարել է նա:
Նա ուրախությամբ նշել է, որ Հայաստանը մասնակցում է նաև ՆԱՏՕ-ի բարեվարքության ծրագրերին, ինչն օգնում է պայքարել զինված ուժերում կոռուպցիայի դեմ. «Ձեր երկրի կողմից շատ համարձակ քայլ է այս ծրագրերին մասնակցելը»: