Բաժիններ՝

«Ո՞վ ասեց, թե ջրամբարներից ջուրը դիտավորյալ բաց չեն թողել». «SOS Սևան» շարժումը բողոքի ակցիա է անում ԱԺ առջև

«Սևանում հավելյալ ջուր չկա» վերտառությամբ պաստառներով այսօր Ազգային ժողովի շենքի առջև բողոքի ակցիա են իրականացնում «SOS Սևան» շարժման մասնակիցները:

Բնապահպան Աիդա Իսկոյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ տարիներ շարունակ ստիպված են լինում իրականացնել «SOS Սևան» նախաձեռնությունը:

«Բավականին լուրջ խնդիր է, փորձում ենք վերին ատյաններին հասցնել, թե ինչ խնդիր ունենք այսօր Սևանում, չնայած ԱԺ ներկայացուցիչները, Սևանի հանձնաժողովը փորձում են որոշում ընդունել լրացուցիչ ջրբացթողումների մասին»,- ասաց նա:

Ա.Իսկոյանը հերքեց պաշտոնյաների հավաստիացումները, թե Սևանն այժմ բավականին լավ վիճակում է և կարելի է հավելյալ ջրբացթողումներ անել:

Կարդացեք նաև

Նա ներկայացրեց գիտնականների փաստարկները, որ ջրի մակարդակի անգամ 1 սմ իջեցումը կարող է մահացու լինել Սևանի էկոհամակարգի համար: Նա նշեց, որ այժմ բավականին լուրջ հետազոտություններ ու հիմնավորումներ են արվում.

«Բազմիցս սրա մասին խոսել ենք, որ իրականում ԱԺ-ում չունենք մի կոնտինգենտ, որը հասկանա, թե ինչ բան է բնական ռեսուրսը, ինչ բան է ազգային հարստությունը»:

Շարժման մասնակից Լևոն Գալստյանի խոսքով` 2001-2010 թթ. Սևանի ջրի մակարդակը բավականին արագ բարձրացավ` 3-3.5 մ, և ջրի որակը բավականին լավացավ` պղտորությունը պակասեց, թթվածնի պարունակությունն ավելացավ և այլն, բայց երբ 2011 թվականից պրոցեսը կանգնեց, ջրի որակի բարելավումը ևս դադարեց և նորից սկսեց վատանալ:

«Այժմ ջրի իջեցման վտանգ կա, որը սպառնում է որակի վատթարացմամբ: Իսկ եթե Սևանի ջուրը կորցնենք, նշանակում է կորցնել Հայաստան պետությունը: Նույնիսկ այսօրվա տվյալներով՝ ջրի որակը չի համապատասխանում էնդեմիկ ձկնատեսակների համար` Սևանի իշխան, Գեղարքունի և այլն: Կան որոշակի մետաղների պարունակությունը գերազանցում է նորմերը, որը նույնիսկ ոռոգման համար է անպիտան: Մեզ չի հետաքրքրում իրենց հիմնավորումները, մենք թույլ չենք տալու Սևանի ջրի իջեցում, մենք պաասխանատու ենք սերունդների համար:

Ու մենք ամեն ինչ անելու ենք, որ այդ ծրագիրը չիրականանա: Կառավարությանը խորհուրդ կտամ` բացի իրենց ականջներին շշնջացողներից, լսել նաև գիտնականներին: Որոշումները կայացվել են ո՛չ մասնագետ, ո՛չ կոմպետենտ մարդկանց կողմից»,- ասաց Լ.Գալստյանը` հավելելով, որ ժողովուրդը պետք է ընկալի և դուրս գա պայքարի:

168.am-ի դիտարկմանը, որ Ջրպետկոմի նախագահը հայտարարել է, թե ջրի մի մասն ուղղվելու է ջրամաբար, ո՞րն է դրա տրամաբանությունը, Լ.Գալստյանը պատասխանեց.

«Սուտ է ասում: Է, Սևանում ջուրը մնացել է, տանում ես ջրամբար, որ ի՞նչ անես: Ինքը բլթացրել է` հայերեն ասած: Էդ մարդիկ չեն հասկանում ինչի մասին է խոսքը, իսկ նման մարդկանց ասածները քննարկելն իմաստ չունի»:

Բնապահպանի կարծիքով` անգամ ոռոգման համար պետք չի ջուր բացթողնել: Ըստ նրա` հարկ չկա նույնիսկ քննարկել, որ այդ ծավալի ջրբացթողումն արվում է ՀԷԿ-երն աշխատացնելու համար.

«Ես չգիտեմ, իրենց հիմնավորումներն ինձ չեն հետաքրքրում: Եթե իրենք չեն ուզում հետազոտություններ անել, իրենց ասածները, կարող է, կեղծ է: Ով ասեց, թե ջրամբարներից ջուրը դիտավորյալ բաց չեն թողել: Տարիներ առաջ ասեցինք` ջրամբարների վրա սարքավորումներ տեղադրեք, որ մարդիկ տեսնեն, թե ինչքան ջուր կա ջրամբարում: Դու լցնում ես, դու բացում ես, դու փակում ես, ժողովուրդը չպիտի իմանա՞ էդ մասին: Չեմ հավատում ես ձեզ, կներեք: Ինչ՞ի պիտի հավատամ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս