Քաղաքական որ ուժերն են ընտրակաշառք բաժանել
«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց խորհրդարանական ընտրություններին վարչական ռեսուրսի չարաշահման մոնիտորինգի արդյունքները։
Նա նշեց, որ այս անգամ օգտագործվել է մեթոդաբանական երկու հիմնական գործիք. «Առաջինը՝ լրատվամիջոցներից քաղված տեղեկությունների ուսումնասիրություն, վերլուծություն, կոնկրետ փաստերի հավաքագրում։ Երկրորդ՝ քանի որ և՛ «Բաց հասարակության հիմնադրամը», և՛ մեր կազմակերպությունն օժանդակում են մարզերի քաղաքացիական երիտասարդական կենտրոնների գործունեությանը, այդ ակտիվիստներին նույնպես ներգրավեցինք՝ որպես տեղի մոնիտորներ։ Երևանի դեպքում մենք վերցրել ենք «Քաղաքացիական դիտորդ» նախաձեռնության մոտ տասն անդամի։ Նրանք հարցումներով, հարևան-բարեկամների միջոցով, տեղամասերում պետք է ֆիքսեին վարչական չարաշահումները, նաև այլ տիպի խախտումների մոնիտորինգ իրականացվեց»։
Նա նշեց, որ մոնիտորներն ու լրատվամիջոցները ոչ միշտ են կոնկրետ դեպք մատնանշել. «Եթե լիներ իրավապահ մարմինների պրոակտիվ մոտեցում, ապա որոշակի կոնկրետություն ունեցող փաստերը կլինեին իրենց հետաքննության առարկան։ Երբ լրատվամիջոցները կամ մեր մոնիտորներն ասում էին՝ այսինչն ընտրակաշառք է բաժանում, կամ այսինչ կոնկրետ հասցեներում բաժանվել են, մենք հենց այս դեպքերն ենք վերցրել»։
Անցնելով արդյունքներին՝ նա նշեց, որ ամենատարածվածը եղել են ընտրակաշառքի դեպքերը. «Արձանագրվել է 90 դեպք, որից 37-ը՝ լրատվամիջոցների, և 53-ը՝ տեղական մոնիտորների հայտնաբերած դեպքերն են։ Սա կարող է քիչ երևալ, բայց սրանք որոշակի կոնկրետացում ունեն։ Հիմնական ընտրակաշառքը բաժանվել է ՀՀԿ-ի կողմից, կան նաև «Ծառուկյան» դաշինքի, «Հայկական վերածնունդի» և որոշ այլ կուսակցությունների վերաբերյալ նյութեր։ Եվ ընտրակաշառքն էլ իր հիմնական դերը խաղաց այս ընտրությունների ժամանակ»։
Երկրորդ չարաշահումը, ըստ նրա՝ աշխատանքային ժամերին պետական և համայնքային ծառայողների մասնակցությունն է եղել նախընտրական շտաբների գործունեությանը.
«Ոչ այնքան միջոցառումներին ժամանակ, որքան շտաբներում է մեծ եղել նրանց մասնակցությունը, ինչը հետաքրքիր է։ Վարչական ռեսուրսի տիրապետում են այն ուժերը, որոնք իշխանություն են, ընդդիմադիր ուժերը որևէ վարչական ռեսուրս չունեն, միայն այն դեպքում կարող ենք խոսել նրանց ռեսուրսների չարաշահման մասին, երբ որոշ ՏԻՄ-եր նրանց ձեռքում են։
Օրինակ, գիտենք, որ ԲՀԿ-ն մի շարք քաղաքներում ունի ռեսուրսներ, ու օրինակ՝ նույն Արտաշատում և Եղեգնաձորում ֆիքսվել են հենց իրենց կողմից այդպիսի խախտումներ։ Շիրակի և Արագածոտնի մարզերում մարզպետները ՀՅԴ ներկայացուցիչներ էին, և այստեղ նույնպես դիտարկվել են նրանք, բայց ՀՅԴ մասնակցության այդ մարզերից դուրս մեծ խախտումներ չեն գրանցվել։ Ունեցել ենք կոնկրետ 59 դեպք, երբ շտաբներում նրանք աշխատել են։ Ունեցել ենք դեպքեր, երբ ձևակերպված են եղել՝ արձակուրդում, բայց իրականում եղել են շտաբներում»։
Երրորդ խախտումը, բանախոսի խոսքով՝ բավականին հետաքրքիր է. «Երրորդը՝ կրթական հաստատությունների, հիվանդանոցների աշխատակիցների վրա ներազդումն է։ Նրանց ներգրավել են և՛ շտաբների աշխատանքներին, և՛ ճնշումներ գործադրել։ Նման 53 դեպք է գրանցվել»։