«Ակնհայտ է, որ սա իրականացվում է իշխանությունների կողմից և պատվերով». «Սասնա ծռերի» քրեական գործով փաստաբան
Արարատ Խանդոյանի պաշտպան, փաստաբան Արա Ղարագյոզյանը՝ «Խոչընդոտվո՞ւմ է արդյոք փաստաբանների գործունեությունը «Սասնա ծռերի» քրեական գործի շրջանակում» քննարկման ժամանակ տեղեկացրեց, որ երեկ հանդիպել է իր պաշտպանյալ Ա.Խանդոյանի հետ, և նա պատմել է, որ դատարանում ենթարկվել է ծեծի։
Ըստ Ա. Ղարագյոզյանի՝ 15-20 ոստիկան հարձակվել են և հարվածել իր պաշտպանյալի աչքին, գլխին, ողնաշարին, ոտքերին։
«Քաղաքացիները, չակերտավոր ասված, արդարադատություն մարմիններից փնտրում են արդարադատություն, և այս ամեն ինչը կատարվում է դատարանում։ Մենք գործընթաց ենք սկսելու, ես հաղորդում եմ ներկայացնելու հանցագործության մասին, բացի այդ՝ ես նաև հարցում եմ անելու, որ ստանամ վնասվածքների մատյանը։ Սակայն ո՞ւմ ենք ներկայացնելու հաղորդումը։ Այն մարդուն, ով, չեմ կարծում՝ կիրականացնի օբյեկտիվ քննություն, սակայն սա միջոց է, պետք է դիմենք Գլխավոր դատախազություն՝ խոշտանգման փաստով, բայց համոզված եմ, որ չի իրականացվելու արդյունավետ քննություն, և դիմելու ենք Եվրոպական դատարան»,- նկատեց պարոն Ղարագյոզյանը։
Նրա գնահատմամբ՝ սա պատժիչ գործընթաց է, որը սկսվել է «Սասնա ծռերի» անդամների և նրանց պաշտպանների նկատմամբ։ Փաստաբանի կարծիքով՝ եթե նմանատիպ մարդկանց են ծեծի ենթարկում, հաջորդը լինելու են փաստաբանները, այն քաղաքացիները, որոնք գալիս են դատական նիստին, քանի որ, ըստ նրա՝ նրանց անձնական տվյալները դատական կարգադրիչներն ապօրինի հավաքում և պահում են։
«Սա մարդկային դաժան վերաբերմունք է, որն իրականացվում է մեր պետության կողմից։ Անկհայտ է, որ սա իրականացվում է իշխանությունների կողմից և պատվերով»,- ասաց բանախոսը։
Նրա խոսքով՝ զննության անվան տակ դատական կարգադրիչներն իրականացնում են խուզարկություն, փորձում են մտնել փաստաբանների պայուսակների մեջ.
«Երեկ ես ինձ հետ ջուր էի վերցրել, դատական կարգադրիչներն ասում էին, որ իրավունք չունեմ ջուր մտցնելու, ասում եմ՝ ո՞ր օրենքով, ցո՛ւյց տվեք, քաղաքացիական հագուստով մեկը կանգնած՝ ասում է՝ դրան դո՛ւրս հանեք, ինքը չպետք է մտնի դատական նիստերի դահլիճ։ Ես զանգեցի Մարդու իրավունքների պաշտպանին, նրանց միջոցով նոր կարողացա մտնել նիստերի դահլիճ և ջուր տանել։ Այսինքն՝ կատարվում են այնպիսի գործողություններ, որոնք օրենքի սահմաններում չեն»։
Իսկ Ժիրայր Սէֆիլյանի, Կարո Եղնուկյանի և Գևորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանի դիտարկմամբ՝ որևէ նորմով կարգավորված չէ, որ կարգադրիչներն իրավասու են զննելու դատավորին, փաստաբանին և դատախազին։
Նրա խոսքով՝ Դատական օրենսգրքում կա մի նորմ, որը դատավորին զննելու մասով է, և բովանդակությունը հետևյալն է. եթե ինչ-որ մեկը ցանկանում է դատավորին զննել, նա պետք է տեղեկացնի դատարանի նախագահին, նոր դրանից հետո զննության ենթարկեն դատավորին։
«Սահմանադրության մեջ նշված է, որ փաստաբանի պարտավորությունները, լիազորությունները սահմանվում են օրենքով, և որևէ օրենքում նշված չէ, որ փաստաբանը պարտավոր է ենթարկվել կարգադրիչի հրամաններին։ Դատավորը, Դատախազությունը և փաստաբանությունն արդարադատություն իրականացնող օղակներ են։ Դատախազը և փաստաբանը հատուկ սուբյեկտներ են, որոնք օգնում են արդարադատության իրականացմանը և մրցակցության սկզբունքով փորձում են իրականացնել իրենց գործառույթները»,- ասաց նա։
Փաստաբանի գնահատմամբ՝ այս ամենը ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի վառ երևակայությունն է, որը սկսվել է նրա «տղայական արժանապատվությունը» վիրավորվելուց։
«Երբ «Սասնա ծռերի» առաջին դատական նիստին մուտք գործեցի դատարանի շենք, և ցանկացան ինձ խուզարկել, դիմեցի դատարանի նախագահին, վերջինս ուղիղ հրահանգեց՝ փաստաբանի պայուսակը չխուզարկե՛լ։ Եվ երբ ես ասում էի՝ որտե՞ղ է նշված, որ ես պարտավոր եմ կատարել դատական կարգադրիչների հրահանգները և քանի որ էմոցիոնալ մարդ եմ, ձեռքերով բացատրում էի, պարոն Փոլադյանը կտրուկ վիրավորվեց՝ իմ հետ ձեռքերով մի՛ խոսեք, ձեռքերդ իջացրո՛ւ։ Ես ասել եմ, որ գողական, տղայական արժանապատվությունը մխրճված է պետական պաշտոնատար անձանց մեջ»,- ասաց պարոն Հայրապետյանը։
Նրա դիտարկմամբ՝ չի կարելի փաստաբանին և իր պաշտպանյալին նույնացնել, քանի որ նրանք տարբեր են, իսկ Դատական դեպարտամենտը չի տարբերում և պաշտպաններին նույնացնում է իր պաշտպանյալների հետ։
Փաստաբանը նշեց նաև, որ Փաստաբանության օրենքի 21-րդ հոդվածի 6 կետի համաձայն՝ փաստաբանը չի կարող ենթարկվել խուզարկության՝ չնայած դատական կարգադրիչները դա որակում են՝ որպես զննություն։
«Իրենք ասում են՝ խուզարկություն կլիներ, եթե ստիպողաբար բացեինք պայուսակը, իսկ հիմա ասում ենք, որ դուք բացեք։ Քրեական դատավարության օրենսգրքում ուղիղ նշված է, թե ի՞նչն է զննություն, ի՞նչն է խուզարկությունը։ Անգամ, եթե մենք ընդունենք, որ կարգադրիչն իրավունք ունի փաստաբանին զննել, ապա էդ դեպքում էլ՝ իրենք զննություն չեն կատարում, խուզարկություն են իրականացնում»,- նկատեց Տիգրան Հայրապետյանը:
Նրա խոսքով՝ Փաստաբանության մասին 21 հոդվածի 7-րդ կետում էլ ասված է, թե փաստաբանի մոտ գտնվող իրավաբանական ծառայություն իրականացնելու իրերն անձեռնմխելի են.
«Հետևաբար՝ սա նշանակում է, որ չեն էլ կարող զննության ենթարկվել, որովհետև այդտեղ կարող է փաստաբանական գաղտնիք լինել»։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Մարտիկ Մարտիրոսյանը, շարունակելով քննարկումը, նշեց, որ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել և հանդիպել են այն կալանավորված անձանց, որոնց վերաբերյալ մարմնական վնասվածքներ ստանալու մասին տեղեկություններ են հրապարակվել։
«Ինչ վերաբերում է փաստաբանի գործողություններին, մենք մտահոգված ենք տեղի ունեցող գործողություններով, որովհետև Փաստաբանության մասին օրենքով բարձր երաշխիքներ են սահմանվում՝ փաստաբանի գործողությունների հետ կապված։ Հստակ նշվում է, որ փաստաբանն իր անմիջական պարտականությունը կատարելիս չի կարող ենթարկվել խուզարկության։ Կան նաև օրենսդրական խնդիրներ՝ նույն կալանավորված անձին պահելու կանոնակարգի համաձայն, որը սահմանվել է կառավարության կողմից, այնտեղ օգտագործվել են և՛ զննություն, և՛ խուզարկություն հասկացությունները։ Շատ դեպքերում օրենսդիրը չի կարգավորում զննություն անցկացնելու կառուցակարգերը՝ որտե՞ղ, ինչպե՞ս պետք է իրականացնեն։ Առաջանում են խնդիրներ, որոնք նույնպես մեր ուշադրության կենտրոնում են»,- նկատեց պարոն Մարտիրոսյանը։
Նա կարևորեց նաև փաստաբանների վստահորդների՝ պաշտպանյալների իրավաբանական օգնություն ստանալու հանգամանքը. «որովհետև բոլոր այն դեպքերում, երբ փաստաբանը չի կարող մուտք գործել, վստահորդը տուժում է։ Օրինակ՝ ձգձգվում են նիստերը, և դատավարությունը ողջամիտ ժամկետներում չի իրականացվում։ Մենք կարծում ենք, որ օրենսդրությունը պետք է կարգավորվի»։
Ռոզա Հակոբյան