«Եթե տնային մահ է, ապա դիակի տեղափոխման արժեքը 5000 դրամ է». Շտապօգնության ծառայության ղեկավար Թագուհի Ստեփանյան
Օրերս ֆեյսբուքյան օգատերերից Էմիլ Մարկոսյանն այսպիսի բովանդակությամբ գրառում էր կատարել իր էջում, որն ուղղված էր ՀՀ Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին.
«ԱԼԹՈՒՆՅԱՆ, ԲՌՆՎԻ…
Քիչ առաջ հեռախոսազանգ ստացա։ Զանգահարողը երևանյան դիահերձարաններից մեկի շտապ օգնության մեքենայի վարորդ էր, իր հետ էր նաև մարզերից մեկի դիահերձարանի շտապ օգնության բրիգադի վարորդը և ուղեկցողը։ Բոլորի հետ խոսեցի առանձին, ուշադիր և համբերատար լսեցի մարդկանց խնդիրը և խնդրանքը, մասնավորապես՝ նրանք պատմեցին, թե ինչպես են հիվանդանոցներից կամ շտապ օգնության մեկնած բժիշկների կողմից դիակ ունենալու ահազանգից հետո տեղյակ պահում դիահերձարան, և ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` յուրաքանչյուր «պաս» տված դիակի համար դիահերձարանից մեկնած բրիգադից պահանջում 2000-ական դրամ, սակայն խնդիրն այսքանով չի ավարտվում. երբ մեկնած բրիգադը, ժամանելով դեպքի վայր, չի կարողանում մահացածի բարեկամներից կորզել գումարը, ապա իրենք ստիպված իրենց գրպանից են վճարում. տականքության սխեման այսպիսին է. ես Ձեզ ուղարկում եմ դիակի մոտ, Դուք տեղափոխման համար հարազատներից կամ բարեկամներից պոկում եք 5000-10.000 դրամ (նայած իրենց վճարունակությանը) և այնուհետև այդ 5000-ից 2000-ը բերում եք ինձ, կտա՞ն, թե՞ չեն տա, դա Ձեր պրոբլեմն է, այնպես պիտի անեք, որ տան, կամ էլ, եթե ուզում եք մնալ և աշխատել նույն տեղում, ինքներդ Ձեզ գրպաններից վճարեք։
Կարճ ասած՝ կրկին «Պետական Ռեկետ», որի մեղավորությունն անտերության, անգործության և վերահսկողության մթնոլորտի բացակայությունն է։
Ե՛վ Երևան քաղաքի, և՛ մարզային դիահերձարանի բրիգադի այս աշխատակիցներն իրենց անձի գաղտնիության ապահովման դեպքում պատրաստ են տալ ցուցմունքներ և մանրակրկիտ պարզաբանել այս անմարդկային վերաբերմունքի ու երևույթի մասին»։
168.am-ն այս գրառման մեջ բարձրացված հարցի շուրջ փորձեց պարզաբանում ստանալ Շտապօգնության ծառայության ղեկավար Թագուհի Ստեփանյանից:
«Ես մի նյութ եմ տեսել դիակ տեղափոխելու վճարների հետ կապված, որը շատ անգրագետ էր, որովհետև դիահերձարանները տնային մահեր չեն տեղափոխում։ Դիահերձարանը շտապ օգնության մեքենա չունի ընդհանրապես, էդտեղ ինչ-որ թյուրիմացություն կա։ Էդտեղ ամբողջ գրվածը մեկը մյուսին հակասում է։ Իսկ հիվանդանոցում մահացածը, ըստ օրենքի՝ հիմնականում դիահերձվում է այդ նույն հիվանդանոցի դիահերձարանում։ Դիակները տեղափոխվում են շտապ օգնության մեքենաներով։ Հիմա թե դիահերձարաններում ի՞նչ վարորդների հետ եք դուք զրուցել, ճիշտն ասած՝ չգիտեմ։ Թյուրիմացություն կա այդ ամեն ինչի մեջ։ Ես չեմ կարող ասել, թե դա որտեղի՞ց է գալիս, որովհետև յուրաքանչյուր հիվանդանոցում մահացած մարդու դիահերձումը կատարվում է հիվանդանոցին կից դիահերձարանում։ Երբեք հիվանդանոցի բժիշկը դիակը չի տեղափոխում մի ուրիշ դիահերձարան։ Այդ նյութը բացարձակ ոչինչ չասող նյութ էր»,- ասաց նա։
Մեր զրուցակիցը տեղեկացրեց նաև, որ, եթե տնային մահ է, և Շշտապ օգնությունը տեղափոխում է դիահերձարան, ապա դա կատարվում է վճարովի, իսկ դատական դեպքերի դեպքում պետպատվերի սահմաններում է վճարումը կատարվում։ Եթե տնային մահ է, ապա դիակի տեղափոխման արժեքը 5000 դրամ է։
«Ոչ մեկը չի կարող այդ գումարն ինքն իրեն որոշել, դա հստակ գումար է։ Եթե դուք ինքներդ էլ հետաքրքրության համար զանգահարեք 1-03, և ասեք, որ, ասենք, տնային պայմաններում մահացած կա, խրոնիկ է, և դա դատական դեպք չէ, ապա Ձեզ արդեն իսկ զանգահարելուց զգուշացնում են, որ այդ կանչը կատարվում է վճարովի։ Այսինքն՝ այս ամենը վարորդ-բժիշկ մակարդակի վրա չի որոշվում»,- նկատեց տիկին Ստեփանյանը։
Ի դեպ, մինչ մենք փորձում էինք պարզաբանում ստանալ, վերոնշյալ օգտատիրոջ ստատուսն արդեն հեռացվել էր Facebook-յան էջից։
Ռոզա Հակոբյան
168.am- Օրեր առաջ 168.am-ն այս հրապարակման մեջ մեջբերված ֆեյսբուքյան գրառում-նամակը ստացել էր քաղաքացի Էմիլ Մարկոսյանից, ով ահազանգ էր հնչեցրել, թե` «Յուրաքանչյուր «պաս» տված դիակի համար դիահերձարանից մեկնած բրիգադից պահանջում են 2000-ական դրամ» (ամբողջական գրառումը մեջբերված է հրապարակման սկզբում)։ Էմիլ Մարկոսյանը մեզ էր ուղարկել ֆեյսբուքյան այդ գրառման էջը։
Հուլիսի 24-ին մենք փորձեցինք գրառման մեջ բարձրացված խնդրի կապակցությամբ պարզաբանում ստանալ ՀՀ առողջապահության նախարարությունից, որն էլ այդ հարցի պարզաբանումը ստանալու համար մեզ ուղղորդեց Շտապօգնություն ՓԲԸ։
Պարզաբանումը ստացանք Շտապօգնության տնօրեն Թագուհի Ստեփանյանից, և այն հրապարակվեց մեր կայքում։
Երբ նյութի մեջ ակտիվ հղումը տեղադրելու համար կրկին փորձեցինք մուտք գործել քաղաքացու գրառման էջ՝ այն ջնջված էր ցույց տալիս։
Է. Մարկոսյանի անձնական էջում ևս այն չգտանք, թեև նրա գրառումն ամբողջությամբ պահպանել էինք և ներկայացրել սույն հրապարակման մեջ։
Մեր հրապարակման մեջ նշել էինք, որ քաղաքացին հեռացրել է իր գրառումն էջից, որի կապակցությամբ Է. Մարկոսյանն այսօր հսկայական «պատասխան-գրառումով» էր հանդես եկել իր էջում։
Վերջինս նույնիսկ սպառնալիքներ է տեղադրել, որը, մեղմ ասած, տարօրինակ է այն դեպքում, երբ հրապարակման մեջ մենք ամբողջությամբ ներկայացրել էինք իր գրառման բովանդակությունը։ Այն դեպքում, երբ նա առնվազն ուրախ պետք է լիներ, որ լրագրողն իր ահազանգի հետ կապված պարզաբանում է խնդրել համապատասխան կառույցներից և հրապարակման մեջ բարեխղճորեն ներկայացրել է երկու կողմերի տեսակետները։
Ինչևէ, մենք կապ հաստատեցինք նաև Է. Մարկոսյանի հետ՝ հասկանալու համար՝ ինչո՞ւմ է խնդիրը։ Պարզվեց՝ վերջինիս անհանգստացրել էր այն փաստը, որ հրապարակման մեջ նշվել էր, թե գրառումը հեռացված է իր անձնական էջից։ Այսօր կրկին մուտք գործեցինք նրա էջ՝ գրառումը տեղում էր։