Բաժիններ՝

Փարիզի, Լիոնի և Նյու Յորքի թուրքերն աջակցություն են հայտնել Թուրքիայի գլխավոր ընդդիմադիրին

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի նախաձեռնած «արդարության երթ»-ին դրա անցկացման 12-րդ օրը միացել են աշխարհի տարբեր քաղաքներում բնակվող թուրքեր: Այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի Հանրապետության հրապարակում հավաքված թուրքերը բարձրացրել են տարբեր լեզուներով գրված «արդարություն» գրառումը:

Ֆրանսիական մեկ այլ քաղաքում՝ Լիոնում, տեղաբնակ թուրքերը հավաքվել են արդարադատության պալատի դիմաց: Նրանց միջոցառումն անց է կացվել «Արդարության համար մի կրակ էլ դու վառիր» խորագրի ներքո: «Եթե անարդարության դեմ լուռ եք մնում, նշանակում է, որ անցել եք սատանայի կողմը»,- նշել են հավաքվածները:

Ավելի վաղ մի միջոցառում է կազմակերպվել նաև Միացյալ Նահանգների Նյու Յորք քաղաքում: Ցուցարարները պահել են պաստառներ «Արդարություն բոլորի համար», «Թուրքիան աշխարհիկ է, աշխարհիկ էլ կմնա» գրություններով:

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն և նրա կողմնակիցները հունիսի 15-ին սկսել են իրենց երթը Անկարայի Գյուվենպարկ զբոսայգուց: Երթը պետք է ավարտվի Ստամբուլի Մալթեփեի բանտի մոտ: Այն իրականացվում է՝ ի նշան բողոքի նույն կուսակցության պատգամավոր Էնիս Բերբերօղլուին 25 տարվա ազատազրկման մասին դատարանի որոշման: Քըլըչդարօղլուն ասել է, որ օրական պետք է անցնեն 18 կմ: Ակնկալվում է, որ երթը կշարունակվի 28 օր: Քեմալականները քայլելուց հետո գիշերելու են ճանապարհների վրա տեղադրված վրաններում:

Էնիս Բերբերօղլուի դեմ դատական գործ էր հարուցվել «պետական գաղտնիք համարվող տեղեկությունները և փաստերը ռազմական ու քաղաքական լրտեսության նպատակով տարածելու» և «գյուլենականների խմբավորմանը գիտակցաբար և ցանկանալով օգնելու» մեղադրանքներով: Նշվում է, որ հենց նա էր տվյալներ տրամադրել «Ջումհուրիեթ»-ի նախկին գլխավոր խմբագիր Ջան Դյունդարին բեռնատարների վերաբերյալ: Հունիսի 14-ին նա դատապարտվել է 25 տարվա ազատազրկման ու կալանավորվել միանգամից դատարանի դահլիճում:

Cumhurriyet թերթի լրագրողները, այդ թվում և գլխավոր խմբագիր Ջան Դյունդարը ձերբակալել էին դեռևս 2015 թվականի նոյեմբերին նրա համար, որ վերջիններս հրապարակել էին աղմկահարույց մի հոդված այն մասին, թե ինչպես է Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայությունը բեռնատարներով զենք մատակարարում Սիրիայում գործող «Իսլամական պետություն»խմբավորման ահաբեկիչներին:

Դատարանը լրագրողներին մեղադրել էր պետական գաղտնիքներ հրապարակելու, լրտեսության և ահաբեկչական գաղտնի կառույցի անդամակցելու մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս