«Աշխարհի գիտնականները Խորենացու հարցում, կարելի է ասել՝ երկփեղկված են. Կան Խորենացուն մերժողներ և նրան պաշտողներ»
Քրիստոնեության պետականացումը Մեծ Հայքում և Ագաթանգեղոսի խնդիրը» թեմայով զեկուցմամբ առաջին անգամ քրիստոնեության պետականացումը դիտարկվեց ժամանակի գիտությունների աշխարհաքաղաքական հարաբերությունների համատեքստում՝ եկեղեցական դարձվածաբանական ավանդույթից անկախ: Զեկույցը Մատենադարանի վիրտուալ դահլիճում ներկայացրեց պատմական և բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արծրունի Սահակյանը: Այս առիթով «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցեց հայտնի գիտնականի հետ:
– Պարոն Սահակյան, ինչպե՞ս ստացվեց, որ երկու գիտություններում էլ պաշտպանեցիք դոկտորական աստիճան:
– Կարծում եմ՝ յուրաքանչյուր ոք, ով խորանում է պատմագիտության, բանասիրության մեջ, ի վերջո, հանգում է նրան, որ երկուսն էլ նույն ոլորտն են՝ հայագիտությունը: Երբ սկսում ես խորապես ուսումնասիրել հայագիտությունը, ինչ-որ փուլում վերանում են սահմանները՝ այն մշակութաբանությո՞ւն է, բանասիրությո՞ւն, թե պատմություն: Հայագիտությունում ո՞վ կասի Մանուկ Աբեղյանը, Մառը, Մալխասյանը բանասերնե՞ր են, պատմաբաննե՞ր, թե ազգագրագետներ: Նրանք և՛ այս են, և՛ այն: Իրական հայագիտության բնույթն է այսպիսին:
-Այսինքն՝ դուք ընտրեցիք գիտության երկու ճյուղերն էլ, քանի որ, ըստ էության, դրանց միջև տարբերություն չկա՞ր:
– Ըստ էության՝ համալսարանական կրթությամբ ես ընտրել եմ բանասիրությունը, բայց խորանալով դրա մեջ, հանգել եմ այն սահմանին, որից այն կողմ բանասիրությունն ու պատմությունը միանում են իրար:
– Թեկուզ մի փոքր նախապատվություն չունե՞ք դրանց միջև:
– Այլևս չկա նախապատվություն, որովհետև սա իմ ուսումնասիրության մեթոդն է արդեն:
– Այնուամենայնիվ, դժվարություններն ավելի շատ ո՞ր ոլորտում են հանդիպում:
– Կախված է խնդրից. դժվարությունները ոչ թե ոլորտային են, այլ կախված են այն հարցից, թե ինչ խնդիր ես ուզում լուծել:
– Ներկայումս երկու բնագավառներից ո՞ր թեմաներն են Ձեր գիտական հետաքրքրությունների շրջանակներում:
– Թեմաները, որոնք կթվարկեմ, վերաբերում են երկու բնագավառներին էլ: Դրանք են հայ եկեղեցու պատմությունը, հայ մշակույթի պատմությունը, հայ ժողովրդական քրիստոնեությունը (ոչ թե պաշտոնական քրիստոնեությունը), Մովսես Խորենացու բնագրի պատմության հիման վրա՝ նրա խմբագրական շերտերի դասակարգումը:
– Խոսեցիք Խորենացուց, նրա «Հայոց պատմության» որոշ դրվագների վերաբերյալ ձեր ուրույն գնահատականն ունեք: Եթե կարելի է, խոսենք նաև այս մասին:
-Աշխարհի գիտնականները Խորենացու հարցում, կարելի է ասել՝ երկփեղկված են: Կան Խորենացուն մերժողներ և նրան պաշտողներ: Ոմանք ասում են, որ ուշ ժամանակ ապրած հեղինակի աշխատությունը վերագրվել է 5-րդ դարին, ոմանք էլ ասում են, որ նա հարազատ է մնացել իր դարին և ապրել է հենց 5-րդ դարում: Կողմնորոշվելու համար ես հիմնավորապես զբաղվեցի այս խնդրով և ոչ ավանդական տեսակետներով ցույց տվեցի, որ նա իսկապես ապրել է 5-րդ դարում և Սահակ Բագրատունու պատվերով գրել է«Հայոց պատմությունը», բայց հետագայում այն խմբագրել են, ենթարկել միջամտությունների, ինչն էլ շփոթեցրել է գիտնականներին:
-Այժմ ի՞նչ աշխատության ուղղությամբ եք աշխատում և ե՞րբ եք պատրաստվու՞մ լույս ընծայել:
– Հիմա հրապարակում եմ մի աշխատություն, որը կոչվում է «Հայ միջնադարյան ժողովրդական մշակույթի խնդիրներ», դրանում զետեղված են երկու մենագրություն՝ մեկը նվիրված է միջնադարյան հեքիաթին, մյուսը՝ խաչքարի և ժողովրդական մշակույթի առնչություններին: Այս գրքով հիմք է դրվելու ժողովրդական միջնադարյան մշակույթին նվիրված մատենաշարին: Գիրքը կհրատարակվի առաջիկա մեկ ամսում:
– Իսկ ի՞նչ խնդիրներ կան, որոնք հուզում են Ձեզ, և նախատեսում եք աշխատել այդ ուղղությամբ ապագայում:
– Այնպիսի խնդիրներ կան, որոնց լուծման շուրջ ձևավորվել է ողջ հայ բանասիրությունը: Այդպիսին է Ագաթանգեղոսի խնդիրը: Աղբյուրի գնահատումը ճշտելուց հետո պետք է նորովի փնտրել ու գտնել քրիստոնեության պետականացման պատճառները, դրա միջազգային դերն ու արձագանքը: Խնդիր են նաև Գրիգոր Լուսավորչի պաշտամունքի, սրբացման վերաբերյալ մի քանի հարցեր: