Բաժիններ՝

«Աբխազիայի տարածքով առևտրային միջանցքի բացման արդյունքում կլինի բեռնափոխադրումների գների նվազեցում, սեզոնայնության վերացում». Գագիկ Աղաջանյան

«Ապավեն» բեռնափոխադրող ընկերության տնօրեն Գագիկ Աղաջանյանի խոսքով՝ բեռնափոխադրումների համար հիանալի այլընտրանք կարող է լինել Աբխազիայի տարածքով առևտրային միջանցքի բացումը, որը, ըստ նրա՝ շատ մեծ հեռանկար ունի, ու հնարավոր է՝ իրականանա: Նրա համոզմամբ՝ եթե լինի Աբխազիայի միջանցքը, բեռնափոխադրումների գների նվազեցում կլինի, բեռնափոխադրումների ժամկետների կրճատում կլինի, սեզոնայնությունը կվերանա:

«Այս փուլում, հաշվի առնելով Ռուսաստանի հետ մեր տնտեսական կապերի ավելացումը և Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին, մեզ հնարավորություն է ընձեռվել օգտագործել փոխադարձ շահերը: Մեր անելիքը Ռուսաստանի հետ է, պետք է հնարավորին չափ ռուսներին հնարավորություն տալ, որ նրանք կարողանան վրացիների հետ ընդհանուր եզրակացության գալ, որ այդ տրանսպորտային միջանցքն իրականություն դառնա: Ես 25 տարվա ընթացքում առաջին անգամ կարող եմ ասել, որ ինձ մոտ կա որոշակի պոզիտիվ վերաբերմունք, որ դա, հնարավոր է՝ իրականանա»,- ասաց բանախոսը:

Նա նկատեց, որ երկար ժամանակ Ռուսաստանի և ԵՏՄ-ի հետ կապը, ըստ էության, իրականանում է Վերին Լարսով և լաստանավերով՝ Փոթի նավահանգստից մինչև Կովկաս նավահանգիստ:

Գագիկ Աղաջանյանի կարծիքով՝ Վերին Լարսում վերջին տարիներին հերթերը նվազել էին, որովհետև Թուրքիայի հետ ՌԴ-ի հարաբերությունները վատացել էին, թուրքական ավտոտրանսպորտը դադարեց Վերին Լարս գալուց:

Բայց հիմա, երբ Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները բարելավվում են, և թուրքական ապրանքները նորից կարող են մտնել ռուսական շուկա, Վրաստանը՝ որպես փոխադրող երկիր, չափազանց շահագրգռված է, որ ինքն ունենա այդ թողունակությունը, քանի որ ցանկացած տրանսպորտային միջոց, որ անցնում է Վրաստանի տարածքով, վճարում է 200 լարի: Վրացիները շահագրգիռ են ունենալ մի նոր հնարավոր ճանապարհ, քանի որ Լարսը բավարար չէ:

Ներկայումս խոսակցություններ կան լաստանավը՝ որպես այլընտրանք, դիտարկելու մասին: Անդրադառնալով այդ խոսակցություններին՝ Գագիկ Աղաջանյանը նշեց, որ լաստանավը մինչ այս էլ եղել է, հետևաբար՝ այլընտրանքի մասին խոսք լինել չի կարող: Նրա կարծիքով՝ կարևոր է նաև հաշվի առնել, թե ինչ լաստանավի մասին է խոսքը: Քանի որ, ըստ նրա՝ այն լաստանավը, որը ներկայումս աշխատում է Փոթիից Կովկաս, բացարձակապես երկաթուղային է, չի կարելի բեռներ բարձել, անթույլարելի է:

Իսկ ինչ վերաբերում է օդանավով բեռներ փոխադրելուն, ապա, բանախոսի դիտարկմամբ՝ սրա մասին խոսակցությունները պարզապես անլուրջ են: Նրա խոսքով՝ ավիացիայով բեռնափոխադրում անում են այն դեպքերում, երբ այլընտրանք չկա, և դա պարտադրված է:

Նա նաև տեղեկացրեց, որ «Ապավեն» բեռնափոխադրող ընկերությունն այս տարվա առաջին եռամսյակին՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բեռնափոխադրումներում 10 տոկոսի աճ է արձանագրել:

Անի Թորոսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս