Բաժիններ՝

«Հայաստանում 2025 թվականին մահերը գերազանցելու են ծնունդներին»

Մեր զրուցակիցն է պատմական գիտությունների թեկնածու, ժողովրդագետ Արտակ Մարկոսյանը

– Պարոն Մարկոսյան, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ԱԺ ելույթում ասել էր, որ Ժողովրդագրական իրավիճակի էական և կտրուկ բարելավման արդյունքում 2040 թվականին պետք է հասնենք առնվազն 4 միլիոն բնակչի։ Որքանո՞վ է սա իրատեսական։

– Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում ծնելիության անկումը շատ կտրուկ է եղել, միաժամանակ բարձրացել է մահացությունը։ Կարող եմ ասել, որ վերջին 25 տարվա եռամսյակային կտրվածքով ամենացածր բնական աճն է արձանագրվել՝ ընդամենը 497 մարդ։ Թե ինչպես կլինեն հաջորդ եռամսյակները՝ ժամանակը ցույց կտա, բայց կարծում եմ՝ այդքան էլ մեծ աճ չի լինի։

Փորձագիտական տվյալները ցույց են տալիս, որ 2025թ. մահերը գերազանցելու են ծնունդներին, այսինքն՝ ավելի շատ մահեր ենք ունենալու, քան ծնունդներ, և այդ իսկ պատճառով՝ մեր բնական աճը լինելու է բացասական։

Կարդացեք նաև

Անկախությունից ի վեր մեր բնական աճը եղել է դրական, բայց քանի որ ամուսնական տարիք է մուտք գործում 1990-ականներին ծնված սերունդը, որը մոտ 40%-ով քիչ է, քան 1980-ականների սերունդը, այդ իսկ պատճառով ծնունդները նվազելու են։

Միաժամանակ, սոցիալ-տնտեսական զարգացում Հայաստանում չի արձանագրվում, և գոյություն ունի արտագաղթ։ Արտագաղթողների մեծ մասն էլ վերարտադրողական տարիքում գտնվող մարդիկ են։

Բացի այդ՝ կարելի է մի շատ ցավալի փաստ նշել, որ 2013թ. հետո գրանցվող արտագաղթն ընտանիքներով արտագաղթ է։ Դա մի պահ կանգ էր առել, բայց Ռուսաստանում բնակվող այն հայերը, որոնք գնում, այնտեղ աշխատում ու վերադառնում էին, այսօր ռուբլու արժեզրկման և տարբեր այլ պատճառներով ընտանիքներին սկսեցին տանել Ռուսաստան։ Ինչպես նշեցի՝ 2025 թվականին մահերը գերազանցելու են ծնունդներին, և եթե արտագաղթը կանգ չառնի, այս տեմպերով շարունակվի, ապա բնակչության աճ չենք կարող ունենալ։

Ըստ ԱՎԾ տվյալների՝ այսօր մեր բնակչության ցուցանիշը 2 մլն 800 հազար է, իսկ 2011թ. մարդահամարի տվյալներով՝ ֆիքսվել էր 3 մլն 18 հազար բնակիչ։ Այսինքն՝ նույնիսկ ԱՎԾ-ն արձանագրում է այդ փաստը. բնակչության նվազումն այլևս թաքցնել հնարավոր չէ։

Ժողովրդագրության մեջ հեռահար կանխատեսումներ միշտ արվում են, և դրանց տատանումները քիչ են լինում, և 2050թ. ըստ հեռահար կանխատեսումների՝ լավագույն սցենարով ՀՀ բնակչությունը կլինի 3.2 մլն, վատագույն սցենարով՝ 2 մլն։

– Այդ դեպքում՝ ՀՀ նախագահն ինչո՞ւ էր նման թվի մասին խոսում, այսինքն՝ ինչ-որ նախադրյալներ կա՞ն այդ թվին հասնելու համար։

– Քաղաքական ասպեկտից չեմ կարող ոչինչ ասել, իսկ մասնագիտական առումով, արդեն նշեցի, թե ինչ կանխատեսումներ են արվում։

– Ժողովրդագրական աճ ապահովելու համար ի՞նչ քայլեր պետք է արվեն, և արտագաղթի տեմպերն ինչպե՞ս կարելի է նվազեցնել։

– Մարդիկ արտագաղթում են՝ մի քանի գործոնից ելնելով։ Առաջինը գործազրկությունն է. ֆիքսված է 18% գործազրկություն, բայց 18-30 տարեկանների շրջանում գործազրկությունն ավելի բարձր է՝ 25-26%։ Երկրորդ գործոնն արդարության պակասն է, երրորդը՝ ապագայի նկատմամբ հավատը։ Ընտրությունները ևս մեծ ազդեցություն են ունենում արտագաղթի վրա։

1980-ականներին, երբ դեռ Խորհրդային Հայաստան էր, 8 տարվա ընթացքում Հայաստանից հեռացել է 114 հազար մարդ, մեծ մասը մեկնում էր ԱՄՆ։ Դրանք այն սերունդներն ու նրանց հետևորդներն էին, որոնք եկել էին 1940-50-ական թվականներին, վիճակի վատացում էին զգում ու գնում էին ԱՄՆ։ Երիտասարդների մեծ մասը գնում էր Ռուսաստան, որովհետև այդ ժամանակներից արդեն աշխատատեղերը Հայաստանում պակասել էին։

Հետո եղավ Սպիտակի երկրաշարժը, անկախությունը, տնտեսական կապերի խզումը, պատերազմը, շրջափակումը, և երկրում արտագաղթը միանգամից աճեց։ 1992-97թթ. մեր արտագաղթի ցուցանիշը եղել է 490 հազար մարդ։ Նրանց որոշ մասը հետո վերադարձավ, երբ տեսան, որ վիճակը երկրում լավանում է, բայց հետո նորից սկսեցին հեռանալ, և 2000-2001թթ. մոտ 120 հազար մարդ հեռացավ։ Դա էլ պայմանավորված էր ՌԴ ռուբլու արժեզրկմամբ։ Այդ ժամանակ ՀՀ անշարժ գույքի շուկայում էլ գնի կտրուկ անկում եղավ, քանի որ մարդիկ սկսեցին մասսայաբար վաճառել իրենց տներն ու հեռանալ երկրից։

Եթե դիտարկենք 2005-2006թթ., ապա միգրացիայի լրիվ դրական մնացորդ ենք ունեցել, այսինքն՝ ավելի շատ եկել են, քան գնացել։ Մի պահ արտագաղթը կանգ էր առել, դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ այստեղ տնտեսական վիճակը լավացել էր, Ռուսաստանից շատ փող էր գալիս, մարդիկ գնում-աշխատում՝ գալիս էին, մշտապես չէին գնում։

2007թ. մինչ օրս սկսել են բացասական ցուցանիշ արձանագրել, իսկ վերջին 3 տարում արդեն կայուն աճ է արձանագրվում։ Այսինքն՝ եթե արտագաղթը գոնե 5-6 տարով կանգ չառնի, խոսել բնակչության աճի մասին՝ անիրական է։ Մասնագիտական տեսանկյունից ես չեմ տեսնում, որ 2040թ. 4 մլն մարդ կարող է լինել Հայաստանում։

Դրա համար մենք պետք է ունենանք զրոյական արտագաղթ, ունենանք ներգաղթ, ծնելիության կտրուկ աճ, այսինքն՝ 80 հազար ծնունդ արձանագրվի, բայց դա արդեն ֆանտաստիկայի ժանրից է։ Ընդհանրապես, ժողովրդագրական քաղաքականություն Հայաստանում չի տարվում։

– Իսկ ժողովրդագրական քաղաքականությունն ի՞նչ է ենթադրում, ի՞նչ պետք է անել։

– Օրինակ՝ 2006թ. Բելառուսում ընդունվեց Ժողովրդագրական քաղաքականության ազգային ծրագիր, այսինքն՝ ազգային անվտանգության խնդիր էր դրված։ Իրենց մոտ բնակչության արտահոսք չկար, բայց այնտեղ մահերը գերազանցում էին ծնունդներին։ 1990-ականներից ի վեր բնական աճը բացասական էր այնտեղ, և 15 տարվա կտրվածքով մոտ 500 հազար մարդով պակասել էր բնակչությունը։

Ժողովրդագրական քաղաքականությունը շատ թանկ հաճույք է, և իրենք հետևյալն արեցին. նրանք բազմազավակ ընտանիքներին ապահովեցին հիպոթեքային լավ պայմաններով։ Եթե դուք ունեք երկու երեխա, պետությունն առաջարկում էր հիպոթեքային վարկ՝ 5% կանխավճարով, 40 տարի մարման ժամկետով և տարեկան 1% տոկոսադրույքով։ Բայց դրանով չէր ավարտվում. երրորդ երեխայի դեպքում հիպոթեքային մայր գումարի 30%-ը զեղչվում էր, իսկ չորրորդի պարագայում՝ զեղչվում էր 50%-ը։

Եթե ունենում եք հինգերորդ երեխան, պետությունն այդ բնակարանը նվիրում է ձեզ։ Դրանից լավ խրախուսում չկա։ Երկրորդ՝ մինչև 2 տարեկան երեխա ունեցող այն ընտանիքներին, որոնց եկամուտը չի համապատասխանում միջին սպառողական զամբյուղին, պետությունն անվճար սնունդ է տրամադրում։

Երրորդ՝ մինչև 3 տարեկան երեխաներ պահելու գումարն այնտեղ 170 դոլար է, մեզ մոտ 18 հազար դրամ է, երկու երեխայի համար՝ 50 հազար, իսկ երրորդ երեխայի համար՝ 1 մլն դրամ, բայց այդ մեկ միլիոնը հազիվ երեխայի տակդիրի և սնունդի գումարը լինի։ Մեզ մոտ հիմնական խնդիրն այն է, որ երիտասարդ ընտանիքների մեծ մասը բնակարան չունի։ Մեզ մոտ մշակվեց միջնաժամկետ ծրագիր, բայց այս պահին այդ ծրագիրը չի գործում՝ միջոցների սղության պատճառով։

– Տարբեր ծրագրերի դեպքում էլ նշվում է, որ միջոցների սղության պատճառով չեն կարողանում իրականացնել։

– Կներեք, եթե ասվում է՝ 4 մլն, թող բացատրեն, թե ինչպես պետք է լինի դա։ ԱԺ-ում կոնկրետ ծրագիր պետք է գրեն՝ մասնագետների կողմից մշակված, թե չէ՝ 4 մլն ասելով հո չէ՞։ Մասնագիտական տեսանկյունից նման թիվ, նորից եմ կրկնում, չի կարող լինել։ Դա կլինի միայն այն դեպքում, երբ Ռուսաստանում ապոկալիպսիս լինի, ու այնտեղի 2.5 մլն հայերը վերադառնան Հայաստան։

Ծիծաղելի է հնչում, բայց մասնագիտական տեսանկյունից այդ 4 մլն-ն այլ պարագաներում անհնարին է։ Եթե այսօրվանից կոնկրետ միջոցներ ձեռնարկեն, հնարավոր է, որ բնակչության թիվը 3-4 հարյուր հազարով ավելանա, բայց 4 մլն-ը ես իրատեսական չեմ համարում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս