«Եթե մեր դատավորներն ազնիվ դատեն, վաղը կրակոցներ չե՞ն լինելու»

Այսօր կազմակերպված ««Ազգ-բանակ. անհրաժեշտ մոբիլիզացիա վտանգի դե՞մ, թե՞ միլիտարիզացիայի խորացում» թեմայով քննարկման ժամանակ «Խաղաղության երկխոսություն» հ/կ նախագահ Էդգար Խաչատրյանն ասաց, որ «Ազգ-բանակ» կոնցեպտը ՀՀ արտաքին քաղաքական մեսիջն է.

««Ազգ-բանակն» առաջին հերթին՝ Հայաստանի համար արտաքին քաղաքականության հայեցակարգ է, այսինքն՝ Հայաստանն ի՞նչ տեսքով է ներկայանում աշխարհին։ Հայաստանի մեսիջն ամբողջ աշխարհին ինչո՞ւ է ձևակերպում ՊՆ-ն։ Ստացվում է, որ մեր ուղերձն աշխարհին այն է, որ մեր յուրաքանչյուր քաղաքացի զինվոր է։ Արդյո՞ք դա այն ուղերձն է, որ ամբողջ աշխարհին ուզում ենք ասել։ Արդյո՞ք այս կոնցեպտն առաջարկում է լուծումներ կոռուպցիայի դեմ պայքարի, տնտեսության զարգացման համար։ Արդյո՞ք սա է ճանապարհը՝ հզոր բանակ ունենալու, Հայաստանի պաշտպանությունը կազմակերպելու համար»։

Քննարկման մյուս բանախոսը՝ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը, այլ կարծիքի էր.

«Եթե ես ցանկանում եմ դիտարկել որևէ բան բացասական, ապա կթվարկեմ բացասական արգումենտները։ Եթե խոսում ենք կոռուպցիայի դեմ պայքարի մասին, իսկ ո՞վ է  ասում, որ դա չի նպաստելու կոռուպցիայի դեմ պայքարին։ Այլ հարց է, եթե ինձ մեկն ասի՝ «Ազգ-բանակը» քո պատկերացմամբ ինչպե՞ս պետք է լինի, և ես կասեի, որ դա պետք է մշակի կոռուպցիայի դեմ պայքարի մեխանիզմներ, բացասական երևույթների դեմ պայքարի քայլեր, և միգուցե այդ առաջարկների հիման վրա ձևավորենք այդ կոնցեպտը։ Դրանից հավաքական կձևավորվի «Ազգ-բանակը»»։

Կարդացեք նաև

Պողոսյանն ընդգծեց, որ ՀՀ-ն ստեղծված օրվանից եղել է «Ազգ-բանակ» կոնցեպտի մեջ. «Հազարավոր մարդիկ կռվել են, հազարավոր մարդիկ Սփյուռքից գումարներ են ուղարկում, դա ազգ-բանակ չէ՞։ Պետք է բաց հանրային քննարկումների դաշտ մտնենք ու ներկայացնենք մեր առաջարկները, որովհետև երբ «ազգ» բառն ասում ենք, ես պատկերացնում եմ ամբողջ հայությունը»։

Պողոսյանը նկատեց՝ մեր այսօրվա անվտանգության խնդիրը լուծվո՞ւմ  է, եթե պատկերացնենք, որ Հայաստանը կոռումպացված երկիր չէ. «Եթե մեր դատավորներն ազնիվ դատեն, վաղը կրակոցներ չե՞ն լինելու։ Այս տարբեր խնդիրների քննարկումից պետք է ձևավորվի այս ամենը։ Այն, ինչ բացասական է, բոլորս գիտենք»։

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը համակարծիք էր Թևան Պողոսյանի հետ. պետք է հանրային քննարկումների առարկա դառնա «Ազգ-բանակ» կոնցեպտը. «Բայց ես պետք է ասեմ, որ հենց սկզբից արատավորեցինք ազգ-բանակի և ընդհանրապես բանակի գաղափարը։ Եթե կռվի ավարտից մեկ տարի հետո նայենք՝ ինչ է մեզ համար զինվորը, ինչ վիճակում է պատերազմում հաշմանդամ դարձած մարդը, եթե տեսնենք, թե ում են ուղարկում բանակ, ինչքան հիվանդ երեխաների, ովքեր են ազատվում բանակից, ապա կտեսնենք, որ այդ գաղափարն արժեզրկված է»։

Ինչ վերաբերում է Էդգար Խաչատրյանի այն դիտարկմանը, թե Հայաստանն աշխարհին ներկայանում է անվտանգության համատեքստում, նա այսպես արձագանքեց. «Այո, մենք ունենք անվտանգության խնդիր, որի պատճառով է ռուսական ռազմաբազան այստեղ, անվտանգության պատճառով ենք ԵՏՄ-ի մեջ, որը, թեև տնտեսական, բայց իրականում քաղաքական միավոր է։ Մենք ունենք ահռելի ոստիկական գունդ, օլիգարխների խմբեր՝ թիկնապահներով զինված, և զենքին չտիրապետող՝ հատկապես իգական սեռի քաղաքացիներ։ Այս ամբողջ զանգվածն իրական միլիտարիզացիայի համար օգտագործելու դեպքում՝ չգիտեմ՝ ինչի կբերի դա»։

Էդգար Խաչատրյանն էլ հավելեց, որ հասկանում է անվտանգության խնդիրների վերաբերյալ Խառատյանի ակնարկը, բայց ըստ նրա՝ ստացվում է, որ պաշտպանության նախարարն է երկրի օրակարգը թելադրում։

Ի պատասխան՝ Թևան Պողոսյանն  ասաց. ««Ազգ-բանակից» պետք է պաշտպանության նախարարը խոսեր. հո առողջապահության նախարարը չէ՞ր խոսելու»։

Տեսանյութեր

Լրահոս