«Նկատելի ներդրումներ Եվրոպայից հազիվ թե լինեն, եթե կոռուպցիան չստանա իր հստակ պատասխանը». Պյոտր Սվիտալսկի

Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները ճիշտ ուղու վրա են: Այս մասին այսօր «ԵՄ-Հայաստան հարաբերությունները և հեռանկարները կոնֆերանսի ընթացքում ասաց արտակարգ և լիազոր դեսպան, Հայաստանում եվրոպական միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:

«Մենք փորձել ենք ձեռնարկել այն քայլերը, որպեսզի համապատասխան կարգավորումներ լինեն ավելի սերտ համագործակցելու, և վերջնական տեսքի ենք բերել մեր համագործակցության ուղղությունները: Սա եղել է շատ մանրամասն վերլուծության հարց»,- ասաց Պյոտր Սվիտալսկին:

«Հայաստանն առաջին երկիրն էր Արևելյան գործընկերության շրջանակներում, որը շատ կառուցողական ձևաչափով սկսեց համագործակցել ԵՄ-ի հետ, այսպես կոչված, գործընկերության առաջնահերթությունների շուրջ»,- ասաց դեսպանը՝ նշելով, որ իրենք իրենց ընկալում են՝ որպես տրանսֆորմացիայի, փոփոխության գործակալներ, բարեփոխումների սատարողներ։

«Եթե կարող եմ օգտագործել այս բառը՝ որևէ էգոիստական շահեր, հետաքրքրություններ չունենք, որպես ԵՄ՝ մենք շատ լուրջ նպատակներ ունենք աշխատելու քաղաքացիական հասարակության, ինչպես նաև ղեկավարության հետ, որպեսզի կարողանանք տրանսֆորմացիայի ենթարկել երկիրը, բերել ավելի լավ վիճակի՝ ժողովրդավարական իմաստով»,- ասաց Պյոտր Սվիտալսկին։

Նա նշեց, որ ԵՄ-ն որդեգրել է ըստ պահանջարկի մշակվող աջակցության սկզբունքը. ակնկալում են, որ ՀՀ կառավարությունը, ինչպես նաև քաղաքացիական հասարակությունը կմշակեն ռազմավարությունը և կնախանշեն առաջնահերթությունները, որտեղ ԵՄ-ն կարող է ապահովել իր աջակցությունը։

Նրա խոսքով՝ առաջնահերթությունները շատ հստակ են՝ դատական իշխանության անկախություն, կոռուպցիայի դեմ պայքար, խտրականության մերժում, ինչպես նաև երկրում ժողովրդավարական պրոցեսների և ինստիտուտների զարգացում։ «Պատշաճ կառավարման այս տարրերը ոչ միայն կարևոր են մարդու իրավունքների և արժեքների պաշտպանության իմաստով Հայաստանում, բայց նաև տնտեսական բարեփոխումների առումով։

Անհավանական է, որ Եվրոպայից կլինեն ներդրումներ, եթե դատարանները չլինեն անկախ և անաչառ։ Եվ նկատելի ներդրումներ Եվրոպայից հազիվ թե լինեն, եթե կոռուպցիան չստանա իր հստակ պատասխանը։ Եթե խոսում ենք պատշաճ կառավարման մասին, կոռուպցիայի դեմ պայքարը, ինչպես նաև դատական ատյանների անկախությունը շատ կարևոր են, ինչպես և մյուս տարրերը»,- եզրափակեց նա։

Տեսանյութեր

Լրահոս