SHAME, GEORGIA. Վրաց Օմբուդսմենը` ադրբեջանցի լրագրողի առեւանգման մասին
Վրաստանի մի շարք Հասարակական կազմակերպություններ արձագանքել են ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլիի անհետացման փաստին: ՀԿ-ները հայտարարություն են տարածել` կոչ անելով կառավարությանը, խորհրդարանին եւ դատախազությանը, հրապարակավ բացատրել լրագրողի ազատազրկվելու եւ Ադրբեջանում հայտնվելու գործընթացում ՝Վրաստանի հնարավոր մասնակցությունը:
Հարցին արձագանքել է նաեւ Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Ուչա Նանուաշվիլին, իր ֆեյսբուքյան էջում հետեւյալ գրառումը կատարելով.
«Կամ պիտի լսենք բացատրություն ՆԳՆ-ի եւ պետանվտանգության ծառայության կողմից, թե ինչպե՞ս է ադրբեջանցի լրագրողը Թբիլիսիից Բաքվում հայտնվել, կամ էլ թող այս կառուցները քաղաքական պատասխանատվություն կրեն` SHAME, GEORGIA»…
Հիշեցնեք, Թբիլիսում «անհետացած» ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլին գտնվում է Ադրբեջանի տարածքում, ինչի մասին պարզ դարձավ մամուլի հրապարակումներից, որոնց համաձայն լրագրողը զանգահարել է փաստաբան Նեմատ Քերիմլուին և օգնություն խնդրել:
Վրաստանյան մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` լրագրողին Վրաստանի տարածքից առևանգել են ադրբեջանական հատուկ ծառայությունները: Մուխթարլիի փաստաբանները պնդում են, որ լրագրողի առեւանգման մեջ մասնակցել է նաեւ վրաստանյան կողմը:
Ադրբեջանցի ակտիվիստ և լրագրող Աֆգան Մուխտարլիին վերջին անգամ տեսել են մայիսի 29-ին, երեկոյան ժամը 19:00-ի շրջանում: Նա հանդիպել է իր ընկերոջը, այնուհետև զանգահարել կնոջը և ասել, որ շուտով տանը կլինի, ինչից հետո լրագրողի հետ կապ հաստատել հնարավոր չի եղել: Ինչպես «Ազատություն ռադիոկայանի» վրացական ծառայությանը փոխանցել է լրագրողի մեկ այլ փաստաբան Էլչին Սադիկղովը, Մուխթարլիին առեւանգել են Թբիլիսիում սեփական տան հարակից տարածքից եւ բռնի կերպով մեքենա նստեցրել: «Առեւանգողները չեն ներկայացել, սակայն ադրբեջանցի լրագրողը կարծում է, որ դրանք Վրաստանի հատուկ ծառայությունների աշխատակիցներ են եղել»,- ասել է նա:
Լրագրողի կինը հայտարարել է, որ վերջինիս անձնագիրը եւ այլ փաստաթղթերը գտնվում են Թբիլիսիում: Մուխթարլիի կնոջ` Լեյլա Մուստաֆաևայի և ընկերոջ` Դաշգին Աղալարլիի խոսքերով, վերջին ժամանակաշրջանում նրան հետևել են, հավանաբար ադրբեջանցիներ:
Վրաստանի ՆԳՆ-ի փոխանցմամբ` քրեական գործ է հարուցվել Վրաստանի ՔՕ 143-րդ հոդվածի հատկանիշներով (ազատության ապօրինի սահմանափակում):
Մուխթարլին հայտնի է որպես Ադրբեջանի իշխանություններին քննադատող: 2015 թվականից նա ստիպված է եղել բնակվել Թբիլիսիում: Մուխթարլին զբաղվում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ընտանիքի` Վրաստանում ունեցած բիզնես կարողությունների հետաքննությամբ:
aliq.ge
Լուսանկարը` Վրաստանի Օմբուդսմենի ֆեյսբուքյան էջից