Արտահանման փակագծերը կամաց-կամաց բացվում են
ՀՀ կառավարության, իսկ հետո նաև՝ ՀՀԿ նախընտրական ծրագրում տեղ գտած խոստումները, ինչպես նախկինում նշել էինք, հիմնականում թվային թիրախներ չէին պարունակում։ Որոշակի կոնկրետություն պարունակում էին ընդամենը մի քանի խոստումներ, որոնց թվում էր նաև արտահանման ծավալը ՀՆԱ-ի 40-45% հասցնելու նպատակադրումը։
Այս մասին խոսվում էր նախ՝ ՀՀ կառավարության ծրագրում, իսկ հետո՝ նաև ՀՀԿ-ի նախընտրական ծրագրում։
Մեջբերենք այդ հատվածը. «Հայաստանը, լինելով փոքր ներքին շուկայով երկիր, պետք է իր զարգացման մոդելը կառուցի՝ հիմք ընդունելով արտահանմամբ պայմանավորված տնտեսական աճը: Մեր ախտորոշումն է. դեռևս արտահանումը ՀՆԱ-ի կազմում ունի անբավարար տեսակարար կշիռ: Շարունակում է խնդրահարույց մնալ արտահանման կենտրոնացման մեծ աստիճանն ինչպես՝ շուկաների, այնպես էլ՝ արտահանվող ապրանքատեսականու մասով:
Անբավարար է դեպի հարևան պետություններ ապրանքների արտահանման ծավալը։ Մեր նպատակն է. նեղ ուղղվածությամբ արտահանող տնտեսությունից անցում դեպի դիվերսիֆիկացված, արտահանման խթանման ենթակառուցվածքներով ապահովված, արտաքին, առաջին հերթին՝ հարևան շուկաների պահանջարկին արագ արձագանքող տնտեսության:
Հաշվի առնելով Հայաստանի տնտեսության առանձնահատկությունները՝ արտահանման առաջընթացիկ աճը պետք է հանդիսանա տնտեսության զարգացման հիմնական շարժիչ ուժ: Որպես առաջնային նպատակադրում՝ անհրաժեշտ է սահմանել ՀՆԱ-ի կառուցվածքում արտահանման առնվազն 40-45 տոկոս տեսակարար կշռի ապահովում»:
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2016 թվականին արտահանման ծավալը մոտ 1 մլրդ 783 մլն դոլար է եղել, կամ ՀՆԱ-ի 17%-ը: Սա նշանակում էր, որ արտահանում/ՀՆԱ 45% հարաբերակցություն ապահովելու համար Հայաստանի արտահանման ծավալները պետք է 5 տարում եռապատկվեն։ Հաշվի առնելով մեր արտահանման կառուցվածքը՝ մի շարք տնտեսագետներ համոզված էին, որ արտահանման 40-45% ցուցանիշն անիրատեսական է, այսինքն՝ գործ ունենք պոպուլիզմի հետ։
Սակայն կար մի նրբություն, որի մասին գրել էինք դեռ ապրիլի 14-ին: Բանն այն է, որ կա «ապրանքների արտահանում» հասկացություն, և կա «ապրանքների և ծառայությունների արտահանում» հասկացություն, որն ավելի լայն է։ Ապրանքների արտահանման ծավալը, այո, մոտ 1.8 մլրդ դոլար է, սակայն ծառայությունների արտահանման ծավալն իր հերթին՝ անցած տարի եղել է մոտ 1.6 մլրդ դոլար։ Միասին՝ 2016 թվականին Հայաստանից արտահանվել է 3.4 մլրդ դոլարի ապրանք ծառայություններ, որը ՀՆԱ-ի 32.3%-ն է։
Իսկ 32.6%-ից 45% հասնելը այնքան բարդ չէ, որքան 17%-ից 45%-ի հասնելը։
Մենք ենթադրել էինք, որ, երբ անհրաժեշտ լինի այս ցուցանիշը մանրամասն հիմնավորել, կառավարությունը պատասխանելու է, որ գործ ունենք հենց «ապրանքների և ծառայությունների» արտահանման հետ։
Այդպես էլ եղավ։
ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանը մի քանի օր առաջ հյուրընկալվել էր «Ազատություն» ռադիոկայանի «Տնտեսական ազատություն» հաղորդաշարին։ Հարցին, թե ինչպե՞ս և ինչի՞ հաշվին է հաջողվելու արտահանման ծավալը մինչև 2022 թվականը եռապատկել՝ ՀՆԱ-ի 45% մակարդակին հասնելու համար, Տ. Խաչատրյանը պատասխանեց այսպես. «Մեկ ուղղում՝ մինչև պարզաբանմանն անցնելը։ Դուք նշեցիք, որ արտահանումն առաջիկա վեց տարիների ընթացքում կաճի 3 անգամ։ Այդպես եք գնահատում, որովհետև դիտարկում եք միայն ապրանքների արտահանումը։ Իսկ մենք խոսել ենք ապրանքների և ծառայությունների մասին։
1 միլիարդ 783 մլն դոլարը 2016 թվականի արդյունքներով կազմել է ապրանքների արտահանումը և 1 միլիարդ 610 մլն դոլար՝ ծառայությունների արտահանումը։ Այսինքն, հանրագումարով նրանք կազմում են մոտավորապես 3.4 մլրդ դոլար, որը ՀՆԱ-ի 32.6%-ն է։ Այսինքն՝ մեր նպատակադրումը մինչև 2022 թվականն այդ 32.6%-տոկոսը 45% դարձնելն է, ինչը նշվեց և՛ նախագահի խոսքում, և՛ կառավարության վերջին շրջանի հայտարարություններում»։
Տիգրան Խաչատրյանը նաև ծառայությունների արտահանման մանրամասն բացվածքը ներկայացրեց՝ տեղեկացնելով, որ այդ 1 մլրդ 610 մլն դոլարից մոտ 900 մլն դոլարը կազմել է զբոսաշրջությունը, 150 մլն դոլարը` ՏՏ ոլորտի ծառայությունների արտահանումը։
Նույն օրը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների մյուս փոխնախարարը՝ Հովհաննես Ազիզյանը, «Արմենիա» հեռուստաընկերության եթերում նույնպես խոսեց արտահանման 45%-անոց թիրախի մասին։ Նա նշեց, որ առաջիկա 5 տարիների ընթացքում այդ ցուցանիշի ապահովումը բավականին իրատեսական է։ Հ. Ազիզյանը հիշեցրեց, որ 2016 թվականին արտահանում/ՀՆԱ հարաբերակցությունը եղել է 33%, իսկ դրանից առաջ՝ 2015 թվականին՝ 30%։ «Նման տենդենցը՝ տարեկան 2-3 տոկոսային կետով աճ, մեր նախանշած թիրախն է, որ պիտի հասնենք, և դրա արդյունքում հնարավոր է ապահովել արտահանում/ՀՆԱ 45% ցուցանիշ»,- ասաց փոխնախարարը։
Փաստորեն, երկու փոխնախարարները հստակեցրեցին, որ խոստումը վերաբերում էր նաև ծառայությունների արտահանմանը։
Իհարկե, այս դեպքում արտահանում/ՀՆԱ 45% ցուցանիշ ապահովելն այնքան էլ բարդ չէ։ Անգամ կարելի է մոտավոր հաշվարկ կատարել։ Այսպես, եթե հիմք վերցնենք Սերժ Սարգսյանի նախանշած թիվը՝ ՀՆԱ-ի տարեկան 5% իրական աճ, ապա 2022 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն համադրելի գներով (այսինքն՝ 2016 թվականի գներով) կկազմի մոտ 14 մլրդ դոլար։ Սա նշանակում է, որ 2022 թվականին Հայաստանից ապրանքների և ծառայությունների արտահանման ծավալը պետք է կազմի 6.3-6.4 մլրդ դոլար։ Իսկ եթե հաշվի առնենք նաև գների փոփոխությունը՝ մոտ 7 մլրդ դոլար։
Այսինքն՝ արտահանման ծավալը պետք է ոչ թե եռապատկվի, այլ կրկնապատկվի։ Առաջին հայացքից՝ թվում է՝ չափից դուրս հավակնոտ ցուցանիշ է դրված։ Սակայն դրա ապահովման համար արտահանումն ամեն տարի պետք է ունենա 11% իրական աճ։ Նկատի ունենալով, որ այս տարվա առաջին 4 ամիսներին արտահանման իրական աճը 16% է՝ կարելի է ասել, որ 5 տարի շարունակ 11% աճ ապահովելը բարդ, սակայն ոչ անհնարին բան է։
Ի դեպ, մի նրբություն էլ նշենք։ Եթե սկզբում խոսվում էր 40-45% մակարդակի մասին, ապա վերջերս այդ արտահայտությունը դարձավ «առնվազն 45%»:
Օրինակ՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ապրիլի 19-ին նախագահ Սերժ Սարգսյանի հետ աշխատանքային հանդիպումից հետո ասաց, որ քննարկել են՝ ինչ եղանակներով և որ ոլորտներով են հասնելու այդ ցուցանիշներին, որ արտահանումը 2022 թվականին կազմի ՀՆԱ-ի առնվազն 45%-ը։ Այսինքն՝ կառավարությունը դեռ մի բան էլ բարձրացնում է նշաձողը։
Թվում է՝ ամեն ինչ նորմալ է։ Սակայն մի բան, ամեն դեպքում, մտահոգիչ է շարունակում մնալ։ Թե՛ անցած տարվա հոկտեմբերին՝ կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ, թե՛ դրան հաջորդած խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում, ոչ մի անգամ չպարզաբանվեց, թե 40-45%-ի խոստումն ինչին է վերաբերում։ Ոչ մի անգամ չնշվեց, թե քանի՞ տոկոսից ենք հասնելու այդ թվին։ Այդ թեմայով մամուլում տեղ գտած հրապարակումներով ոչ մի անգամ պարզաբանում չհնչեց, որպեսզի հասկանալի լիներ՝ ոչ թե 17%-ից ենք հասնելու 45%-ի, այլ՝ 33%-ից։
Փակագծերը բացվում են միայն այժմ՝ ընտրություններից հետո։ Բացվում են, որպեսզի պարզ դառնա՝ մարդիկ իրականում շատ համեստ խոստում են տվել, որպեսզի ընտրողներն ավելին չպահանջեն։