Դաշնակահար Արկադի Վոլոդոսը մենահամերգով հանդես կգա Երևանում
«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում առաջին անգամ Երևան և ընդհանրապես տարածաշրջան կժամանի հանրահայտ դաշնակահար Արկադի Վոլոդոսը:
Նրա բացառիկ մենահամերգը տեղի կունենա հունիսի 8-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում: Վիրտուոզ դաշնակահարը կկատարի Շոպենի, Բրամսի և Շուբերտի ստեղծագործությունները: Գերաստղին բնութագրում են որպես «չգերազանցված վիրտուոզ և ռոմանտիկ երաժշտական պատումների իրական վարպետ»:
Վոլոդոսն այն երաժիշտներից է, ովքեր հատուկենտ համերգներ են ունենում տարվա ընթացքում: Վոլոդոսն ընտրում է մի շարք եվրոպական քաղաքներ, որտեղ իրեն հաճելի է հանդես գալը և շարունակաբար մերժում առավել հեռու գտնվող քաղաքներ մեկնելու առաջարկները: Վոլոդոսի համերգների տոմսերը սպառվում են համերգից ամիսներ առաջ, իսկ բազմաթիվ հեղինակավոր համերգասրահներ տարիներ ի վեր սպասում եմ նրան հյուրընկալելու հնարավորությանը:
Երկարամյա բանակցությունները վերջնականապես պսակվեցին հաջողությամբ, և նշանակվեց Երևանյան համերգի օրը: Արկադի Վոլոդոսը, համաձայնելով գալ այս աշխարհամաս, լրջորեն քննարկել և հաշվի է առել «Երևանյան հեռանկարներ» փառատոնի բարձրագույն գեղարվեստական մակարդակը: Նրա հետ Երևան է ժամանելու «Ստեյնվեյ ընդ սանս» ռոյալների հայտնի մասնագետներից մեկը, ով երկու օրում պետք է նախապատրաստի Արամ Խաչատրյան համերգասրահի ռոյալը Արկադի Վոլոդոսի մենահամերգի համար:
Արկադի Վոլոդոսը ծնվել է 1972 թ. Սանկտ Պետերբուրգում: Ուսանել է Մոսկվայի կոնսերվատորիայում՝ Գալինա Եղիազարովայի հետ, այնուհետև շարունակել կրթությունը Փարիզում և Մադրիդում։
1996-ին Նյու Յորքում կայացած հիշարժան առաջնելույթից մինչ այժմ Արկադի Վոլոդոսը մենահամերգներով և հռչակավոր նվագախմբերի նվագակցությամբ հանդես է գալիս ողջ աշխարհում։ Նա կանոնավոր կերպով ելույթներ է ունենում Բեռլինի ֆիլհարմոնիայում, Վիեննայի Մուզիքֆերայնում, Լոնդոնի արքայական փառատոնային համերգասրահում, Ամստերդամի Կոնսերտգեբաուում, Շանզելիզե թատրոնում։
2002 թվականին Զալցբուրգի փառատոնում ահռելի արձագանքի արժանացած առաջնելույթից հետո նա յուրաքանչյուր տարի հրավիրվում է մասնակցելու այդ փառատոնին։ Վոլոդոսը ելույթ է ունեցել այնպիսի աշխարհահռչակ նվագախմբերի հետ, ինչպիսիք են Փարիզի նվագախումը, Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Ֆիլհարմոնիան, Ցյուրիխի «Թոնհալե» նվագախումբը, Սեուլի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Ամստերդամի արքայական Կոնցերտգեբաու նվագախումբը և Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախումբը։
2013-ին համերգներով շրջագայել է Վիեննայում, Լոնդոնում, Լայպցիգում և Փարիզում՝ Լայպցիգի «Գևանդհաուս» նվագախմբի և Ռիկարդո Շայիի հետ։
2014-2015 թթ. համերգաշրջանի շրջանակում Արկադի Վոլոդոսը եղել է Բեռլինի համերգասրահի հրավիրյալ արտիստ, որտեղ ելույթ է ունեցել դաշնամուրային կոնցերտների, մենահամերգների և կամերային երաժշտության ութ տարբեր ծրագրերով։ Երկու անգամ ելույթ է ունեցել Զալցբուրգում՝ Զատկի փառատոնին՝ Դրեզդենի պետական նվագախմբի ու Դանիել Գատիի հետ, ինչպես նաև 2015-ի ամառային փառատոնի
շրջանակում՝ այս անգամ արդեն մենահամերգով։
Փարիզի ֆիլհարմոնիայում հանդես է եկել Փարիզի նվագախմբի և Ջեյմս Կոնլոնի հետ։ 2015-2016 թթ. համերգաշրջանը նշանավորվեց Զալցբուրգի փառատոն իր վերադարձով` Համբուրգի հյուսիսգերմանական ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի և Քրիստոֆ Էշենբախի հետ։
Ընթացիկ համերգաշարի շրջանակում ելույթ է ունեցել Լյուքսեմբուրգում, Բեռլինում (համերգասրահ), Ցյուրիխում, Բեռնում, Մյունխենում, Լուգանոյում, Ժնևում, Բոլոնիայում, Բռեսկիայում և Բերգամոյում, ինչպես նաև Ամստերդամում, Լայպցիգում և Բարսելոնայում։
Նրա «Վոլոդոսը նվագում է Լիստ» ձայնասկավառակն արժանացել է բազմաթիվ պատվավոր մրցանակների։ 2010-ին Մուզիքֆերայնի իր մենահամերգը թողարկվել է տեսասկավառակով ու ձայնասկավառակով և արժանացել միջազգային քննադատական խանդավառ գովեստների։
Իր սոլո ալբոմը՝ նվիրված կատալոնացի կոմպոզիտոր Ֆրեդերիկ Մոմպուին, արժանացել է «Գրամոֆոն» մրցանակի և «Էխոփրայզի»։ Վերջերս թողարկված «Բրամս» ձայնասկավառակն արժանացել է «Դիապազոն Դ՛ Օր»ի՝ գերելով լսարանին և ողջ երաժշտասեր հանրությանը։