«Պարտվելուց հետո ՕՐՕ-ի «խիզախ» առաջնորդները պարզապես ծլկեցին «մարտի» դաշտից, մեկը՝ ԱՄՆ, մյուսը՝ ՌԴ»

Հարցազրույց «Շրջադարձ հանուն զարգացման» հ/կ-ի նախագահ, «Երրորդ Հանրապետություն» կուսակցության փոխնախագահ, Politinfo.org կայքի հիմնադիր Էդվարդ Անտինյանի հետ

 – Պարոն Անտինյան, օրերս Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ հարկավոր է համախմբել ընդդիմադիր դաշտը՝ թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական: Քանի որ Դուք եղել եք ՕՐՕ դաշինքի ծրագրերի ակունքներում, ինչպե՞ս եք վերաբերվում այդ հայտարարությանը:

– Մեր թիմն ավելի շուտ է դադարեցրել իր մասնակցությունը Սեյրան Օհանյանի քաղաքական ծրագրին, քան ՕՐՕ-ն ստեղծվել է, ուստի այդ դաշինքի հետ որևէ առնչություն չենք ունեցել: Համախմբման ձեր նշած առաջարկ-կոչը կուսակցությունում չի քննարկվել, ուստի ես կարող եմ հայտնել միայն իմ կարծիքը: Այդ առաջարկին վերաբերվում եմ մեղմ, հեգնախառն ժպիտով ու իրենց քաղաքական ռեինկարնացիային մեր աջակցությունը բացառում եմ: Ուղղակի կոչը հնչել է հրապարակայնորեն, պարզաբանումն էլ իմ կողմից տրվում է նույն կերպ, երբ հարցն ինձ եք ուղղում:

Օհանյանի մոտեցումն էր՝ մարտը պետք է հաղթել մարտից առաջ, իսկ ինքը մարտից առաջ ջախջախիչ ձևով պարտվեց այն՝ մանրակրկիտ մշակված ծրագիրը, ստրատեգիան, տակտիկան, թիմը հընթացս փոխելով, գործընկերներին զոհաբերելով: Արդյունքում՝ հաղթած խաղը մեզնից գողացողները տանուլ են տվել այն ու հիմա մի ախուվիշ են անում, թե չեն հաշտվում իրենց պարտության հետ:

Բա որ այդպես էրվում, խորովվում էիք համախմբման անհրաժեշտության դարդից, ինչո՞ւ էիք ընտրություններից առաջ դուրս մղում այն գործիչներին, որ հենց նրանք էին լայն կոնսոլիդացիայի կողմնակից ու իրենք են ձեզ հրավիրել՝ միանալու Օհանյանի ծրագրին: Իսկ պարտվելուց հետո ՕՐՕ-ի «խիզախ» առաջնորդները պարզապես ծլկեցին «մարտի» դաշտից, ու դա սովորական փախուստ չէր, այլ՝ կոմպլեմենտար, մեկը՝ ԱՄՆ, մյուսը՝ ՌԴ:

Ասում են՝ հետընտրական ընդվզման հասարակական պահանջ չկար, դրա համար ոչինչ չձեռնարկեցին: Ի՞նչ է՝ հասարակությունը պետք է ՕՐՕ-ի լիդերների դռները ծեծեր, ասեր՝ հանրահավաք ենք պահանջո՞ւմ, թե՞ պիտի գնային հանրահավաքը սկսեին, որ հետո ՕՐՕ-ն գար, իրենց ղեկավարեր: Երբ հայտարարում ես, որ՝ եթե 50+1 չհավաքենք, ուրեմն՝ փողոց ենք դուրս գալու՝ պայքարի, գոնե վաղօրոք ապրիլի 3-ի համար պետք է հանրահավաքի վայրը որոշես, սկսես այն քո թիմակիցներով ու համակիրներով, մինչև ժողովուրդը կմիանար: Այլ ոչ թե ընտրություններից հետո թիմակիցներին ու համակիրներին թողնես անորոշության մեջ ու թռնես, ըստ էության՝ բարոյալքելով «զորքդ»:

Պատերազմի ժամանակ նման հրամանատարները համարվում են դասալիքներ, ի՞նչ է՝ իրենց կարծիքով, քաղաքական մարտի կանոնները շատ ե՞ն տարբերվում:

– Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, ասել է, որ Ս. Օհանյանը վերադարձել է Հայաստան, ու որ նա ոչ մի պաշտոնյայի հետ խնդիր չունի, որ բոլորի հետ էլ հանդիպում է ու լավ հարաբերություններ ունի նրանց հետ:

Ընտրություններից առաջ ակնարկել էի այն տիրույթը, որը պետք է զբաղեցներ Օհանյանը՝ քաղաքական պայքարի մեջ մտնելիս: Դա ասվել է, երբ նա դեռ նախարար էր, իսկ Վիկտոր Դալլաքյանը՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, այսինքն՝ քաղաքական հողն էր նախապատրաստվում աստիճանաբար: Դեռևս 2016թ. սեպտեմբերի 22-ին 168.am-ին տված հարցազրույցում ասել էի. «Այն, որ իշխանությունների հանդեպ վստահություն չկա՝ դա միանշանակ է, ու մեզ անհրաժեշտ են արմատական և համակարգային փոփոխություններ, ու դրան հասնելու ձևն այլևս մնացել է գալիք ընտրություններն ու դրանց արդյունքում ձևավորվելիք՝ հասարակության վստահությունը վայելող իշխանությունները: Համամիտ եմ, որ ընդդիմությունն էլ իր բարձրության վրա չէ, ուստի այստեղ էլ առաջիկայում պետք է ունենանք արմատական փոփոխություններ, որ հասարակության մոտ հույս արթնանա առաջիկա ընտրական զարգացումների հանդեպ:

Երբ վերջերս Գևորգ Կոստանյանը հրաժարական ներկայացրեց գլխավոր դատախազի պաշտոնից, դուք տեսա՞ք, թե ինչպիսի գովեստի խոսքեր էին շռայլվում նրա հասցեին համացանցում ու որոշ լրատվամիջոցներով: Մարդիկ մոռացել էին, որ նրա պաշտոնավարման ժամանակ ինչում ասես չէին մեղադրում նրան: Բայց բավական է մարդը հրաժարական տար, անգամ իշխանությունների հասցեին քննադատական խոսք չասեր՝ նույնիսկ չմիանալով ընդդիմությանը, ուղղակի սուսուփուս հեռանար, որ նրան մեծարեին ու միայն դրականորեն ներկայացնեին:

Ես՝ որպես ընդդիմադիր գործիչ, այդ օրերին ուղղակի ամաչում էի՝ հասկանալով, որ մեր հասարակությունն այնքան է ընդդիմությունից հիասթափվել, որ արժանապատիվ ու պատվախնդիր պաշտոնյա է փնտրում, որպեսզի նրա հետ հույս կապի, ու եթե այդպիսին չի գտնում, պատրաստ է անգամ հորինել: Ու այս օրինակը մեզ լուրջ դաս է, որ ժողովուրդը հոգնել է ճղճղան ընդդիմադիրներից ու նրանց ոչնչի չհասցնող կոչերից:

Ու սա նաև դաս պետք է լինի մեր շատ իշխանավորների համար, որպեսզի որոշեն՝ ուզո՞ւմ են իրենց ջանքերն այսուհետ ևս ներդնել, որպեսզի ամեն գնով Սերժ Սարգսյանի վերարտադրությունն ապահովեն, թե՞ պատրաստ են անկեղծորեն ասել, որ այսպես ապրել այլևս չի կարելի, ու մեր երկրին անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ՝ լինեն դրանք «վերևից» թե «ներքևից», բայց պարտադիր՝ հասարակական վստահությամբ ու աջակցությամբ»:

Պատերազմող երկրի պաշտպանության նախարարը նախագահի համար ավելի մտերիմ ու վստահելի անձնավորություն է, քան անգամ ԱԺ նախագահն ու վարչապետը, ուստի չէր կարող Օհանյանը պաշտոնանկությունից անմիջապես հետո դառնալ արմատական ընդդիմադիր: Բացի այդ, ապակառուցողական ընդդիմությունից հոգնել էր ժողովուրդը, ես դրանք էի ակնարկել իմ հարցազրույցում:

Օհանյանը, դառնալով դաշինքի առաջնորդ, պետք է լիներ վերկուսակցական լիդեր՝ պատկառելի, զուսպ կեցվածքով ու խորհրդավոր լռությամբ, լրագրողների հետ խիստ դոզավորված շփումներով, իսկ իշխանությանը կոշտ քննադատողների պակաս չունեինք թիմում. հարվածը կվերցնեինք մեզ վրա, որպեսզի լրացվեր Օհանյանի քաղաքական փորձառության պակասը:

Երկրում կան հսկայական թվով բյուջետային աշխատողներ, տարբեր տրամաչափի պաշտոնյաներ՝ լավ ինֆորմացված, արհեստավարժ, որոնք գործի բերումով քաջատեղյակ են պրոբլեմներին, դժգոհ են երկրի ու իրենց վիճակից, բայց չեն բարձրաձայնում, որպեսզի աշխատանքը չկորցնեն, ու նաև ընդդիմության մեջ չեն տեսնում այն վստահելի ուժն ու լիդերին, որ սատարեն՝ ուղղակի կամ միջնորդավորված:

Այդ լիդերը կարող էր լինել Սեյրան Օհանյանը, որն այդքան տարի առանցքային նախարարություն էր ղեկավարել, ու շատերն էին պատրաստակամություն հայտնում՝ ամեն կերպ աջակցելու նրա ծրագրին: Սա այն էլեկտորատն էր, որ կամ Օհանյանի ղեկավարած դաշինքին էր ձայն տալու, կամ դժկամությամբ՝ իշխանություններին: Ու եթե ընդդիմադիր դաշտի ֆավորիտ ուժի՝ «Ծառուկյան» դաշինքի հետ միասնաբար հանդես գալու հնարավորությունը կյանքի կոչվեր, ապա այս երկու ուժերն իրար կփոխլրացնեին, ու բավական ազդեցիկ դաշինք կձևավորվեր՝ անկախ նրանից՝ իշխանափոխություն տեղի կունենար ընտրություների միջոցո՞վ, թե՞ խորհրդարանում կունենայինք բավական լուրջ ընդդիմադիր ուժ, որը կարող էր կարևոր գործոն լինել հիմա ու նաև 2018-ի փոփոխությունների պարագայում:

Բայց Օհանյանը գտավ, որ պետք է հանդես գա արմատական ընդդիմադիր դիրքերից, օրական մի տեսաուղերձով կամ հարցազրույցով՝ Ադամ Սմիթի տեսությունը բացատրի, քաղբանտարկյալների մասին խոսի, երկրի ողբալի վիճակին համակողմանիորեն անդրադառնա, իշխանափոխության պահանջ դնի, իշխանության դեմ ուժային մեթոդներով պայքարողներին քաջալերի, մի խոսքով՝ այնքան «ջրիկանա», որ ովքեր նրան մոտիկից չէին ճանաչում, ու պատկառանք ունեին նրա հանդեպ, խորը հիասթափություն ապրեին:

Այժմ Սեյրան Օհանյանը, կնոջ միջոցով, մեղայականով է հանդես գալիս, թե իշխանությունների հետ պրոբլեմ չունի: Իսկ Օհանյանի ձևակերպումով ասած՝ հարգելի հայրենակիցների, մարտական, զինակից ու գաղափարակից ընկերների առջև ո՞վ պիտի մեղայականով հանդես գա: Երբ թիմի լիդերություն ես ստանձնում, մարդկանց հավաքում, ոգևորում, խրոխտ ձայնով ասում, որ պետք է տապալենք այս իշխանություներին, որ գնալու ենք մինչև վերջ, իսկ հիմա այդ մարդկանց տապալված թողնում ես «մարտի» դաշտում, թիմակիցներիդ հեռախոսազանգերին չես պատասխանում, հանդիպումներից խուսափում ես, որպեսզի տարբեր պաշտոնյաների հետ հարաբերություններդ կարգավորե՞ս:

Չեմ կարողանում մտաբերել, բայց որ չարչարվեմ՝ կհիշեմ, թե ով էր վճռական տոնով ասում. «Սեյրա՜ն, եթե Սերժին աթոռից չգցես, իշխանափոխություն չանես, ես քեզ կթույնեմ», դրանով իսկ Արցախի հերոսին, գեներալ-գնդապետին, տևական ժամանակ պատասխանատու պաշտոններ զբաղեցրած անձավորությանը դրդելով արկածախնդրության:

Հիմա էլ ուզում են Օհանյանի կողմից «քցվածներին» հասկացնել, թե պաշտպանված են իշխանության կողմից՝ այդ նույն իշխանության, որին ուզում էին ամեն գնով տապալել:

Օհանյանը չի էլ պատկերացնում, թե իշխանավորների հետ իր պրոբլեմ չունենալու ակնարկը որքան մարդու է զայրացրել, ու հիմա ինքն ինչքան շատ պրոբլեմներ կունենա: Նախընտրական քարոզչության փուլում քաղբանտարկյալներից էիր խոսում, նրանց մշտապես, նաև՝ ընտրություններից հետո, սատարելու պատրաստակամություն հայտնում, իսկ հիմա մեկի դատն է սկսվել, մյուսի կալանքի ժամկետն է երկարացվել, մի քանիսի գործերն են դատարան ուղարկվել, բա հիմա ինչո՞ւ ծպտունդ դուրս չի գալիս: Չէ, ինչ նեղություն. ավելի լավ է տարբեր տոնական առիթներով «թախտի տակից» հայրենասիրական կոչեր հնչեցնելը, դա շատ ավելի անվտանգ է ու շահավետ:

Քաղաքականության մեջ մեկին կարող ես գումարել մեկ՝ ստանալ 10, կամ 10-ից հանել 1՝ ստանալ 0.1, քանի որ ցանկացած միացում կամ պառակտում առաջին հերթին առաջացնում է որակական փոփոխություն:

Իսկ քաղաքականությունը թվաբանությունից վերև չպատկերացնողները գուցե վերլուծեն, թե՝ բավական լուրջ մարդկային ու նյութական ռեսուրսի, ազդեցիկ աջակցության, ինտելեկտուալ ու փորձառու գործիչների, լրատվական ու քարոզչական բավարար հնարավորությունների, հասարակական հսկայական հետաքրքրության պարագայում, ինչպես նաև՝ երկրում այսքան պրոբլեմների ու իշխանություններից ահռելի դժգոհության դեպքում, այդ ի՞նչն ինչին գումարեցին ու ինչի՞ց ինչ հանեցին, որ ստացան 2.07 տոկոս ձայն:

ՕՐՕ-ի լիդերները հենց դա հասկանան, երկրի ապագայի ու առաջիկա քաղաքական զարգացումների մասին իրենց դատողությունները գուցե այլևս ամաչեն հանրայնացնել:

Տեսանյութեր

Լրահոս