«Լեզուն մեռել է. մենք ընդամենը հուղարկավորության մասին ենք խոսում». Արմեն Մարտիրոսյան
«Եթե բանակը կրակում է քո ժողովրդի վրա, հարամ լինի այդ բանակը, եթե Լեզվի տեսչությունը չի ծառայում լեզվին, հարամ լինի այդ տեսչությունը: Ջերմոցային պայմաններում միշտ էլ կարելի է աճեցնել բանջարեղեն, բայց դա կոչվելու է բանջարեղեն: Խնդիրն այն է, որ մոլախոտ դուրս գա, բնության ծաղիկ, բույս, գրականության մեջ մենք այդ բույսերին տեղ չենք տալիս»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:
Լեզվի տեսչության հիմնական գործառույթը պետք է լինի հայոց լեզվի պահպանումը, սակայն, բանախոսի կարծիքով՝ այն այդպիսի գործառույթ չի իրականացնում, քանի որ Լեզվի տեսչությունում պաշտոն ունեն այն անձինք, որոնք միայն պաշտոնի մասին են մտածում:
Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ երբ պաշտոնը գրավում են մարդիկ, ովքեր իրենց չեն պատկերացնում իշխանությունից դուրս, ստացվում են այսպիսի արդյունքներ: Պաշտոնը ժողովրդին ծառայելու միջոց է, այն առաքելություն է, ու քանի որ մարդիկ դրան նայում են՝ որպես վայր, որտեղ կարելի է նստել, օրն անցկացնել, դրա համար էլ ստացվում է Լեզվի տեսչության այսպիսի պատմություն:
«Հիմա, եթե Լեզվի տեսչության նախագահը լիներ Զավեն Բոյաջյանը, նա կլիներ նույնպիսի սահմանապահ, որքան իր գործում է: Նա չի թողնում երբեք հայոց լեզվի տիրույթը որևէ տառ անցնի: Թող նշանակեն այդպիսի մարդկանց, կամ, ովքեր ստանձնել են այդ պաշտոնը, թող իրենք անեն այդ քայլը»:
Ներկայումս ՀՀ կառավարությունը նախատեսում է լուծարել Լեզվի տեսչությունը, իսկ թե ի՞նչ հետևանքներ կունենա սա, բանախոսը պարզաբանում է.
«Հետևանքն արդեն կա, սա ֆորմալ կողմն է միայն. լեզուն մեռել է, մենք ընդամենը հուղարկավորության մասին ենք խոսում»:
Անի Թորոսյան