Բաժիններ՝

Ինչպե՞ս խուսափել տարբեր տեսակի համակարգչային վիրուսներից, կիբերգրոհներից

«Վիրուսից խուսափելը շատ հասարակ է։ Ժամանակն է, որպեսզի մարդիկ ավելի լրջորեն մոտենան վիրտուալ աշխարհին՝ facebook-ից սկսած՝ վերջացրած իրենց անձնական տվյալներով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կասպերսկի լաբորատորիայի Հայաստանի և Վրաստանի տարածաշրջանային ղեկավար Արմեն Կարապետյանը՝ ներկայացնելով մի քանի քայլերը, որոնք կօգնեն օգտատերերին խուսափել տարբեր տեսակի համակարգչային վիրուսներից, կիբերգրոհներից։

«Այն մտայնությունը՝ ես հասարակ մարդ եմ, ինձնից ի՞նչ պետք է գողանան, վաղուց մոռացվել է, որովհետև մեր սմարթֆոնը, որը նույնպես համակարգիչ է՝ սկսած մեր անձնական տվյալներից՝ վերջացրած բանկային տվյալներով, անընդհատ մեր ձեռքին է, և տիրելով սմարթֆոնին՝ կարելի է նաև տեղեկատվության տիրապետել»,- ասաց նա։
Ներկայացնելով վիրուսներից խուսափելու քայլերը, Արմեն Կարապետյանն ասաց.

1. Նախևառաջ ցանկացած ծրագիր, որը կա համակարգչում, պետք է լինի լիցենզավորված։

2. Լիցենզավորված ծրագրերը պետք է պարբերաբար թարմացվեն, update արվեն։

Կարդացեք նաև

3. Համակարգչի մեջ անպայման պետք է լինի հակավիրուս։ Հակավիրուսը պետք է միացված լինի համակարգչին և պարբերաբար թարմացվի, ժամանակ առ ժամանակ էլ պետք է ամբողջ համակարգիչը ստուգվի։

4. Ամենակարևոր հարցերից է նաև ինտերնետից օգտվելու նվազագույն գիտելիքներ և փորձառություն ունենալը, սոցիալական ցանցերում ճիշտ գործելը՝ օնլայն բանկային համակարգից օգտվելիս և ընդհանրապես՝ ինտերնետում լինելու ժամանակ։

5. Խնդիրներն առաջանում են նաև գաղտնաբառերից։ Մարդիկ սովորաբար օգտագործում են նույն գաղտնաբառերը բոլոր գաղտնաբառեր պահանջվող տեղերում։ Դրանք պետք է լինեն բացարձակապես տարբեր facebook-ում, gmail-ում և այլուր, որովհետև եթե մի գաղտնաբառը կոտրում են, հնարավոր է լինում կոտրել նաև մնացած account-ները (հաշիվներ.- Ռ.Հ.)։

Սովորաբար հաքերները մեկը կոտրելով՝ կոտրում են նաև մնացած բոլոր հաշիվները։ Գաղտնաբառերը պետք է լինեն շատ բարդ։ Ցանկալի է 8,10,14 նիշանի՝ մեծատառ փոքրատառ, տարբեր սիմվոլների համադրությամբ։ Գաղտնաբառերը պետք է պահվեն այնպիսի տեղերում, որոնք հասանելի չեն լինի այլ անձանց։ Ընդհանրապես Ա.Կարապետյանը խորհուրդ է տալիս գաղտնաբառերը որևէ տեղ գրելուց և պահելուց բացի, որոշակի ալգորիթմ մշակել, որ՝ եթե նույնիսկ այդ գաղտնաբառը հայտնվի որոշ մարդկանց ձեռքում, չկարողանան այն օգտագործել։

Գաղտնի պահեք, օրինակ, վերջին երեք նիշը, որ, եթե մնացած 14-ն էլ հայտնվեն ուրիշի մոտ, ապա միայն ձեզ հայտնի լինի վերջին երեք նիշը։ «Վերջին կտորը միշտ պահե՛ք Ձեր մտքում ու բոլոր գաղտնաբառերի վերջում ուղղակի ավելացրե՛ք այն»,- հորդորում է մասնագետը։

6. Վիրուսները տարածվում են նաև ֆիշինգային լինքերի միջոցով։ «Ձեզ, օրինակ, լինք է գալիս և ասում՝ մտե՛ք, տեսե՛ք՝ ինչ հետաքրքիր բան կա։ Պետք չէ ամեն բան, ինչ աչքի է ընկնում, բացել։ Անգամ հնարավոր է, որ լինքի անվանումը շատ ծանոթ թվա, բայց այնպես պատրաստված լինի, որ մտնելոց հետո լրիվ այլ կայքում հայտնվեք»,- ասում է նա։

7. Վարակվում են նաև հիմնականում mobile banking-ի կամ բանկերի հետ աշխատելիս։ Դրանք կայքեր են, որոնք մեկ տառով կամ գծիկով տարբերվում են սովորական բանկի անվանումից: «Մարդն իր բոլոր բանկային տվյալները հավաքում է, մտնում կայք, բայց կարող է այնտեղ մի մասնիկի տարբերություն լինի, և նա մտնի այլ կայք։ Միշտ ստուգե՛ք, թե որտեղ եք հավաքում Ձեր գաղտնաբառը»,- խորհուրդ է տալիս Ա. Կարապետյանը։

8. Հայաստանում վիրուսի տարածման հիմնական միջոցներից մեկը կից ֆայլերի բացումն է, որը, ըստ մասնագետի՝ շատ վատ սովորություն է: «Օրինակ, ես իմ անձնական համակարգչի մեջ երևի վերջին մեկ ամսվա մեջ մեկ օրվա ընթացքում 10-20 նամակ եմ ստանում, որոնցով կոդավորող վիրուս է գալիս ինձ հենց կցված ֆայլերի միջոցով»,- ասում է նա։

9. Մշտապես պետք է Ձեր համակարգչի տեղեկատվությունն ունենալ նաև առանձին տեղում, կրիչների վրա։

Ռոզա Հակոբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս