«Կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմինը կունենա շատ ավելի լայն լիազորություններ». Հերիքնազ Տիգրանյան

Վարչապետ Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարությունը որոշել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի փոխարեն՝ ստեղծել Կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմին։ Ի՞նչ է արել գործող հանձնաժողովը, և ի՞նչ կարող է անել նոր կառույցը։ Այս հարցերի շուրջ զրուցել ենք «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանի հետ։

 – Տիկին Տիգրանյան, Կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի ստեղծման նպատակը ո՞րն է։

– Կոռուպցիայի կանխարգելման նոր ստեղծվելիք հանձնաժողովը կունենա շատ ավելի լայն լիազորություններ, քան Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն ուներ։ Այս գործող մարմնի հենքի վրա ստեղծվելու է ավելի ընդգրկուն լիազորություններով օժտված հանձնաժողով, որի գործունեության համար, կարծում եմ, կարևոր է դրա անկախության հարցը և ձևավորման սկզբունքը։ Եթե ներկա հանձնաժողովը ձևավորվում է ՀՀ նախագահի կողմից, ապա նոր հանձնաժողովը կձևավորվի խորհրդարանի կողմից՝ ԱԺ կանոնակարգ-օրենքով նախատեսված կարգով, ինչն ավելի անկախություն է հաղորդում այս մարմնին, քան գործող հանձնաժողովն ունի։

Բացի դա, գործող հանձնաժողովի անդամների լիազորությունները նշանակող մարմինը՝ ՀՀ նախագահը, կարող էր վաղաժամկետ դադարեցնել, եթե նրանք թերացել են աշխատանքի մեջ։

Կարդացեք նաև

Սա շատ չհստակեցված ձևակերպում էր, ինչը նշանակում էր, որ այս հանձնաժողովը և՛ իրավաբանորեն, և՛ գործնականում չուներ այն անկախությունը և գործելու ինքնուրույնությունը, որը մենք ակնկալում էինք՝ որպես կոռուպցիայի դեմ գործող մարմին։

Գործող հանձնաժողովը նաև չունի նյութատեխնիկական անկախություն և շենքային առանձին հարմարություն, ֆիզիկապես գտնվում է նախագահի աշխատակազմում, ավելին՝ օրենքով ամրագրված է, որ դրա պահպանման ծախսերը կատարվում են նախագահի աշխատակազմի բյուջետային տողից։ Դա արդեն իսկ նշանակում է, որ այս մարմինն իր գործունեության մեջ, եթե անգամ ջանա էլ, չի ունենա այն անկախությունը, որը մենք սպասում ենք։ Նոր նախագծով անկախության համար բավականին ռեալ երաշխիքներ են սահմանվել, ընդ որում՝ այդ մարմինն ունենալու է և՛ ինքնավարություն, և՛ ինքնուրույնություն, և՛ բյուջետային անկախ տող, և՛ նաև իր ձևավորման կարգն ամբողջությամբ փոխվել է։ Հանձնաժողովն իր մեջ ընտրում է նախագահին և տեղակալին, որոնք պաշտոնավարում են 6 ամսով։

Կարևոր է, թե ինչ գործառույթներ են տվել այս հանձնաժողովին։ Այն ունի գործունեության մի քանի ոլորտներ` կոռուպցիայի կանխարգելման ոլորտում իրավական ակտերի, նախագծերի, ռազմավարությունների մշակում, հայտարարագիր ներկայացնող անձանց հայտարարագրերի ռեեստրի վարում, կոռուպցիայի կանխարգելման ոլորտում կրթական ծրագերի մշակում և իրականացում, ինչպես նաև իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջոցառումների անցկացում։ Կարևոր է նաև, որ այս հանձնաժողովը, ըստ էության, դառնում է մյուս գերատեսչություններում գործող հանրային ծառայողների էթիկայի հանձնաժողովների գործունեությունը համակարգող և խորհրդատու կառույց, ինչպես նաև քննելու է հանրային ծառայողների էթիկայի շահերի բախման հետ կապված հարցերը։

Բնականաբար, հանձնաժողովն իրավասու է հարուցել վարույթներ և օրենքով սահմանված դեպքում կիրառել սանկցիաներ։ Կարծում եմ՝ այս հանձնաժողովը շատ արդյունավետ պիտի աշխատի իրավական այս լծակների առկայության պայմաններում, քան գործող հանձնաժողովը, որը խիստ սահմանափակ ռեսուրսներ ուներ և՛ մարդկային, և՛ նյութական, և՛ իրավական մեխանիզմների առումով։ Հանձնաժողովում լինելու են 5 անդամներ, բայց լինելու է նաև աշխատակազմ։

– Նշեցիք, որ ի տարբերություն գործող հանձնաժողովի՝ այս նոր հանձնաժողովին ընտրելու է ԱԺն։ Բայց ինչպե՞ս է ԱԺն ընտրելու, ո՞վ կարող է լինել թեկնածու, թեկնածուներին ո՞վ է առաջադրելու, ընդդիմադիրներն ի՞նչ լիազորություններ ունեն, որոշիչ ձայնը նորից քաղաքական մեծամասնությա՞նն է պատկանելու։

– Հաշվի առնելով, որ Ազգային ժողովում մենք, այսպես թե այնպես, ունենք կայուն մեծամասնություն, եթե անգամ օրենքով նախատեսվի, ինչը մենք ուզում ենք առաջարկել, որ ընդդիմադիր խմբակցություններն ունենան հանձնաժողովի անդամներ առաջադրելու իրավունք, բայց այս նախագծով սահմանված է, որ ԱԺ կանոնակարգ-օրենքով է դա լինելու։ Թե ո՞ւմ են առաջադրելու, նախատեսված է օրենքով, կան չափորոշիչներ հանձնաժողովի անդամների համար՝ տարիքային սահմանափակում, կրթական ցենզ, օրինակ՝ առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ պետք է ունենա, մենք առաջարկում ենք՝ դա լինի մասնագիտական աշխատանքային փորձ, և այս չափորոշիչներին համապատասխանող յուրաքանչյուր անձ կարող է առաջադրվել։

Կանոնակարգ-օրենքը կորոշի, թե որ հանձնաժողովը կանի թեկնածուների առաջադրումները։

Մենք, իհարկե, ուզում ենք ձևակերպել առաջարկ, որպեսզի հնարավորություն տանք ընդդիմադիր կուսակցություններին թեկնածություն ներկայացնելու, բայց նաև ռեալ հասկանում ենք իրականությունը, որ, եթե ընդդիմադիրները ներկայացնեն թեկնածու, միևնույն է, ԱԺ-ում կա մեծամասնություն, և այդ թեկնածուն պետք է ԱԺ-ով հաստատվի։ Այստեղ կարևոր է, որ պահպանվեն չափորոշիչները։

Բայց հաշվի առնելով քաղաքական գործընթացների ավանդույթները, թե ինչպես անցան ընտրությունները՝ «ազատ և թափանցիկ», մտավախություն չկա՞, որ բոլոր չափանիշներին համապատասխան հանձնաժողով կձևավորվի, բայց, ըստ էության, իրականում այն ամուլ կլինի և կոռուպցիայի դեմ որևէ լուրջ քայլեր չի անի։

– Իհարկե, մտավախություն միշտ էլ կա, որովհետև որքան էլ օրենքը լավ գրված և ճիշտ ձևակերպումներով լինի, խնդիր կա, թե ով է այն կիրառողը։ Այստեղ շատ կարևոր է, թե ովքեր կնշանակվեն այս մարմնում, այդ անձինք ինչ մոտիվացիայով կգան հանձնաժողով աշխատելու, և որքանով իրենք կլինեն ինքնուրույն, որքանով կունենան ներքին ինքնուրույնություն, որքանով կունենան համարձակություն՝ անելու բոլոր այն լիազորությունները, որով օժտված են։

Անձերից, ցավոք, շատ բան է կախված, և հուսանք, որ կընտրվեն անձինք, ովքեր, ինչպես սահմանված է նախագծով, ունեն բարոյականության բարձր չափանիշներ, հասարակության կողմից ճանաչված են, այստեղ պետք է լինի նաև այդ անձանց նկատմամբ վստահելիությունը, չլինեն մարդիկ, որոնց որևէ մեկն ուղղակի չի ճանաչում, բայց նշանակվել է, որովհետև ունի բարձրագույն կրթություն։ Սուբյեկտիվ գործոնը կա, և դա միշտ էլ կարող է մտավախության տեղիք տալ։

Նախագծում նշվում է, որ հանձնաժողովի ձևավորումից հետո հայտարարագրեր պետք է ներկայացնեն նաև ռիսկային գոտում ընդգրկված պաշտոնյաները՝ քննիչներ, դատախազներ և այլք։ Նախ՝ ինչպե՞ս կգնահատեք մինչ այս գույքի և եկամուտների հայտարարագրման ինստիտուտը, և այս նորամուծությունն ի՞նչ կփոխի։

– Մինչ այս հանձնաժողովն արել է այն, ինչի իրավունքն ուներ այդ ոլորտում, այսինքն՝ հայտարարագրերի վերլուծման և հրապարակման հետ կապված։ Ավելի հնարավորություններ, գուցե, իրավական առումով չուներ։ Այս նախագծով ոչ միայն ընդլայնվել է շրջանակը, թե ովքեր պետք է գույքի և եկամուտների հայտարարագիր ներկայացնեն, այլև հանձնաժողովի հնարավորություններն են ընդլայնվել հայտարարագրերի ռեեստրը վարելու համար, համադրելու այդ տվյալների հավաստիությունը, ստուգելու դրանց իրականությանը համապատասխանությունը և պետական մարմինների հետ համագործակցության ճշգրտելը։

Այսինքն՝ պետական մարմինների՝ ՏԻՄ-երի, և պաշտոնատար անձանց հանձնաժողովի կողմից ներկայացվող կատարման պահանջներն իմպերատիվ են։ Մոտ 1500 պաշտոն է ներգրավված հայտարարագիր ներկայացնողների ցանկում: Բայց եթե հանձնաժողովը բավարար կամք դրսևորի, կարծում եմ՝ իր աշխատակազմով կկարողանա համադրումներ և բացահայտումներ անել։

Գումարենք նաև, որ սանկցիաներ կիրառելու լիազորություն է տրվում հանձնաժողովին հայտարարագիր չներկայացնելու, կամ կեղծ տվյալներ ներկայացնելու, կամ ուշ ներկայացնելու համար, որը ևս ստիպելու է պաշտոնատար անձին՝ իրավաչափ վարքագիծ դրսևորել և ժամանակին ճշգրիտ լրացնել ու ամբողջական հայտարարագիր ներկայացնել։

Տեսանյութեր

Լրահոս