Հայաստանն աշխարհում ռուսական օղու ներկրողների թոփ-10-յակում է

Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության տվյալներով՝ Հայաստանը ներառվել է աշխարհի 10 երկրների թվում, որտեղ արտահանվում է ռուսական օղու մեծ քանակություն:

«2016թ. Ռուսաստանից Հայաստան է արտահանվել 7.8 միլիոն դոլարի օղի: Այդ ցուցանիշով Հայաստանն աշխարհում 10 երկրների թվում զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը ռուսական օղու ներկրման ծավալով»,- ասված է Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության տվյալներում:

Այն երկրների եռյակը, որտեղ Ռուսաստանից ներկրվում է առավել մեծ քանակությամբ օղի, գլխավորում է Գերմանիան (20.6 միլիոն դոլար), որին հաջորդում է Մեծ Բրիտանիան (18.4 միլիոն դոլար): Վերջինս անցած տարի գլխավորում էր վարկանշային աղյուսակը, և Լատվիան, որը ռուսական օղու վրա ծախսել է 17.2 միլիոն դոլար:

2016թ. Ռուսաստանը վաճառել է 119 միլիոն դոլարի օղի, նույնքան, որքան 2015թ.: Իհարկե, տվյալները համեմատելի չեն մինչճգնաժամային ցուցանիշի հետ (2013թ. Ռուսաստանն արտահանել էր 235 միլիոն դոլարի օղի):

Ցուցակում ներառվել են նաև Ղազախստանը, ԱՄՆ-ը (5-րդ հորիզոնական), Ուկրաինան, Իսրայելը և Ադրբեջանը: 2016թ. ԱՄՆ-ը ներկրել է Ռուսաստանի ողջ արտահանվող օղու 7.2%-ը: Դրամային առումով դա կազմել է 8.5 միլիոն դոլար:

Ղազախստանը 2016թ. ՌԴ-ից ներկրել է 10.3 միլիոն դոլարի օղի (4-րդ հորիզոնական), Ուկրաինան՝ 5.6 միլիոն դոլարի օղի, Ադրբեջանը գնել է 2.2 միլիոն դոլարի ռուսական օղի:

Ռուսները օղի  են արտահանում նաև չինական շուկա: Ճիշտ է, Չինաստանը դեռևս ռուսական օղու ներկրողների 20-րդ հորիզոնականում է: Անցած տարի չինացիները գնել են ընդամենը 947 հազար դոլարի ռուսական օղի:

Բացի օղի արտահանելուց, ռուսները գնում են նաև այլ երկրներում արտադրված օղի, և գնում են շատ: Անցած տարի Ռուսաստանը ներկրել է 39.1 միլիոն դոլարի օղի:

Ռուսաստան օղու ամենագլխավոր մատակարարը Ֆինլանդիան է, որին բաժին է ընկնում Ռուսաստան մատակարարվող օղու մեկ երրորդը: 2016թ. ֆինները ռուսական շուկա են մատակարարել 12.4 միլիոն դոլարի օղի:

Բելառուսը Ռուսաստան օղու երկրորդ մատակարարն է: 2016թ. ռուսները բելառուսական օղու վրա ծախսել են 8.5 միլիոն դոլար:

Լատվիան Ռուսաստան օղու երրորդ մատակարարն է՝ ռուսները գնել են 4.6 միլիոն դոլարի օղի:

2016թ. Հայաստանը Ռուսաստան է արտահանել է 151 հազար դոլարի հայկական օղի (զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը):

Ընդհանուր առմամբ՝ ողջ 2016թ. Ռուսաստանը ներկրել 5 միլիոն լիտր մաքուր սպիրտ, արտահանել 20 միլիոն լիտր սպիրտ:

 

Տեսանյութեր

Լրահոս