«Թրամփը թիրախավորել է Իրանին և նրա դաշնակիցներին». արաբագետ
Արաբագետ Արմեն Պետրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Մերձավոր Արևելք կատարած այցելությանը, ասաց, որ նա հերթական անգամ խախտեց ավանդույթը, քանի որ դեռևս Ռեյգանից սկսած՝ ԱՄՆ նախագահներն առաջին պաշտոնական այցով մեկնում են հարևան երկրներ՝ Մեքսիկա կամ Կանադա.
«Բացի այն, որ սա այց էր Սադուդյան Արաբիա և հանդիպում այնտեղի իշխանությունների հետ, այստեղ տեղի ունեցավ արաբա-իսլամա-ամերիկյան գագաթաժողով, որին մասնակցում էին 55 արաբական և մուսուլմանական երկրների առաջնորդներ և բարձրաստիճան պաշտոնյաներ, և սրա արդյունքում հռչակվեց ռազմավարական ծրագիր, որը շատ կարևոր է իր բովանդակության առումով։
Սա նպատակ է հետապնդում հիմնականում սուննիական ուղղվածության երկրներին միավորել մեկ ընդհանուր գաղափարի շուրջ՝ ընդդեմ ահաբեկչական սպառնալիքի։ Հետաքրքիր էին նաև Թրամփի կողմից հայտարարված թիրախները՝ Իրան և նրա տարածաշրջանային դաշնակիցներ՝ լիբանանյան «Հիզբալլահ», պաղեստինյան «Համաս»։ Սա մեսիջ էր՝ ուղղված նաև Իսրայելին»։
Արաբագետը նկատեց՝ ֆինանսական գործարքները նշանակում են, որ ԱՄՆ-ը Սաուդյան Արաբիային զինում է մինչև ատամները. «Սաուդյան Արաբիան և նրա կոալիցիան այդ սպառազինությունը երկու հիմնական ուղղությամբ կարող է ուղղել՝ Իսրայել կամ Իրան։ Բայց քանի որ հետո ականատես եղանք Իսրայել կատարած այցին և այնտեղ հնչած մեսիջներին, պարզ է, որ արաբաիսրայելական հակամարտությունը մղվում է երկրորդ պլան, և առաջին թիրախն այնուամենայնիվ Իրանն է և նրա գլխավորած շիայական դաշինքը»։
Այս գործընթացների մեկնարկը, ըստ նրա՝ ցույց է տալիս, որ ականատես ենք լինելու մերձավորարևելյան տարածաշրջանում իսլամի երկու ուղղությունների ներկայացուցիչների միջև հակամարտության սրման. «Զարգացումներն ընթանալու են Իրան-Սաուդյան Արաբիա կամ շիայական և սուննիական երկրների միջև մրցակցության, իսկ առանձին վայրերում՝ նաև հակամարտության տեսքով»։
Ինչ վերաբերում է արաբական երկրների գագաթաժողովին Ադրբեջանի նախագահ Ալիևի մասնակցությանը, ապա Ա. Պետրոսյանը նշեց, որ այդ իրողությամբ հերթական անգամ բևեռացվում են Իրան-Ադրբեջան հարաբերությունները. «Այս գործընթացը և Ադրբեջանի հետագա մասնակցությունն այն տարբեր ձևաչափերին, որոնց հիմքը դրվեց Էր Ռիադում և որոնց հիմնական թիրախն Իրանն է, հանգեցնելու է Իրան-Ադրբեջան հարաբերություններում ցնցումների»։
Մյուս կարևոր իրողությունը, ըստ արաբագետի՝ Թուրքիայի մեկուսացումն է. «Այս այցով, Էր Ռիադում ձեռք բերված պայմանավորվածություններով և Սաուդյան Արաբիայի լիդերության ակնհայտ ընդգծմամբ՝ փաստացիորեն նշվում է, որ սուննիական աշխարհում ԱՄՆ-ի հիմնական գործընկերը Սաուդյան Արաբիան է»։
Այս ամենը, արաբագետի խոսքով, կարող է հանգեցնել Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների էլ ավելի մերձեցման. «Այս համագործակցությունը, բացի Սիրիայի տարածքից, կարող է տարածվել նաև այլ տարածաշրջաններ, և գուցե՝ նաև մեր տարածաշրջան»։