Բաժիններ՝

«Նաիրիտի» սնանկության գործով կառավարիչը արդեն վաճառքի է հանել գործարանի գույքը

«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանն արդեն վաճառքի է հանել գործարանի գույքը։ Ապրիլի 28-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի շենքում անցկացվել է «Նաիրիտին» պատկանող գույքերի աճուրդը: 552 լոտերով վաճառքի են դրվել սարքավորումներ, հաստոցներ, պահեստամասեր (վենտիլների, փականների), քիմիական նյութեր, տարողություններ և այլն: Խմբում ներառված լոտերի մեկնարկային գինն ընդհանուր կազմել է 621 մլն 300 հազար ՀՀ դրամ:
Հաջորդ աճուրդը նախատեսվում է հունիսի 9-ին։

168.am-ն արդեն գրել էր, որ «Նաիրիտում» դեռևս նախքան պարտատերի ժողովը սկսվել էր արագացված կարգով որոշ ապրանքների վաճառք, մասնավորապես՝ վաճառում էին օդի բաժանման տեղամասի 2 բլոկ՝ կոմպրեսորով, որը նախատեսված է թթվածնով, ացետիլենով կաուչուկ արտադրելու համար, և որի վաճառքի դեպքում ացետիլենով արտադրություն սկսելն այլևս անհնար կլինի։

ՀՀ կառավարությունն այնքան սնանկ գտնվեց, որ չկարողացավ կամ չցանկացավ այսօր ևս Հայաստանի տնտեսության լոկոմոտիվ համարվող «Նաիրիտը» ոտքի կանգնեցնել, և այժմ ծվեն-ծվեն է արվում երբեմնի քիմիական հսկան։ Ընդ որում՝ աճուրդով և աճուրդից դուրս գույքի և հումքի վաճառքը գործարանի սնանկության կառավարիչ Կարեն Ասատրյանն իրականացնում է շուկայականից խիստ ցածր գներով։ Օրինակ՝ տոլուոլ նյութը վաճառվում է 20-80 դրամով՝ այն դեպքում, երբ դրա շուկայական գինը 800-900 դոլար է՝ 1 տոննան, այսինքն՝ շուրջ 400 դրամ։ Գնային տատանումն էլ պայմանավորում են, իբրև թե, որակով, սակայն այդ որակը լաբորատոր հետազոտությամբ է որոշվում, որն իրականում չի արվել։

Դեռևս աշխատելու տարիներին «Նաիրիտն» ամսական 100 տոննա տոլուոլ ներմուծել է Իրանից՝ 800-900 դոլարով՝ հավելած տրանսպորտային ծախսը։ Տոլուոլը քիմիական նյութ է, որն օգտագործվում է քլորոպրենի արտադրության մեջ։ Կենցաղում այն կարելի է օգտագործել նաև որպես վառելիք, բենզինի փոխարեն։ Եվ այս նյութի 5-20 անգամ էժան վաճառքն ուղղակի աբսուրդ է։ Նույն կերպ շուկայականից զգալի ցածր գներ են սահմանվել մնացած սարքավորումների ու նյութերի համար, իսկ մետաղե սարքերն ու խողովակները վաճառում են՝ որպես ջարդոն։

Ընդ որում, այս ապրանքների գնորդները հիմնականում «Նաիրիտի» նախկին աշխատողներ են, որոնք լավ գիտեն, թե ում ինչ կարելի է վաճառել, և այս գործընթացում վերավաճառողների դեր են ստանձնել։  Այսինքն՝ աճուրդի անվան տակ երկակի խաղ է տարվում։

Այնպիսի տպավորություն է, կարծես սնանկության կառավարչի առջև խնդիր է դրված՝ շուտափույթ պատմության գիրկն ուղարկել «Նաիրիտ» գործարանը և մոռացության տալ բոլոր կոռուպցիոն պատմությունները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս