«Թրամփի և Պուտինի առաջիկա հանդիպումը բարենպաստ ելք չի խոստանում». Արման Նավասարդյան
«ԱՄՆ-ն բոլորովին նոր ծրագրերով է մտնում Մերձավոր Արևելք»,- այսօր՝ մայիսի 21-ին, խոսելով ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների մասին՝ ասաց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։
Ըստ բանախոսի՝ ԱՄՆ-ի այս քաղաքականությունը գալիս է ասելու հետևյալը. Միացյալ Նահանգները վերականգնում է այն կորցրածը, որը եղավ վերջին տարիների ընթացքում։
«Սաուդյան Արաբիան այսօր դառնում է, կոպիտ ասած, Միացյալ Նահանգների տեղապահը տարածաշրջանում, և միանշանակ երկրորդական պլան է մղվում Թուրքիայի դերակատարությունը։ Սաուդյան Արաբիան սուննիզմի միջնաբերդն է, և այս իրավիճակը մեծ տեղաշարժեր և խնդիրներ կարող է առաջացնել սուննիզմի և շիիզմի միջև։ Առանձնապես պետք չէ խորաթափանց լինել՝ հասկանալու համար, որ այս բոլորը, վերջին հաշվով, ուղղվում է դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն»,- ասաց Արման Նավասարդյանը։
Նա այն համոզման է, որ շիիզմի և սուննիզմի բախումը կարող է ունենալ լուրջ հետևանքներ ոչ միայն տարածաշրջանում, այլև ամբողջ երկրագնդի համար։
«Կարող ենք գուշակել, որ Թրամփի և Պուտինի առաջիկա հանդիպումը շատ բարենպաստ ելք չի խոստանում։ Եթե սրվեն միջազգային հարաբերությունները, ապա Պուտինը և Թրամփը կհայտնվեն բարիկադի տարբեր կողմերում»։
Պարոն Նավասարդյանի դիտարկմամբ՝ մոտ ժամանակներս Թուրքիան չի հրաժարվի ՆԱՏՕ-ից, քանի որ, վերջին հաշվով, Թուրքիան հենվում է ՆԱՏՕ-ի արժեքների վրա, բայց ԱՄՆ-ի կողմից սառնությունը կարող է Թուրքիայի համար ազդակ հանդիսանալ ավելի մոտենալու Ռուսաստանի հետ, խնդրելու այն, ինչը որ նրա մեծագույն երազանքն է՝ ռազմական համագործակցություն։
«Եթե մերժվելով ԱՄՆ-ից՝ Թուրքիան շրջադարձ կատարի դեպի Ռուսաստան և կարողանա առևտրատնտեսական հարաբերությոնւններից անցնել ռազմաքաղաքական հարաբերությունների, դա նույնպես լավ բան չի խոստանա»,- ասաց բանախոսը։
Ռոզա Հակոբյան