«Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է տեղի ունենար անկախ Թուրքիայի դիրքորոշումից»

Գերմանիայի Բրանդենբուրգ երկրամասի գիտության, հետազոտության և մշակույթի նախարար, դոկտոր Մարտինա Մյունխի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ եւ ծաղիկներ դրեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի հավերժական կրակի մոտ: Սա պատվիրակության ներկայացուցիչների առաջին այցն էր Հայաստան, որը նրանք որոշել էին սկսել այս այցելությամբ դեպի Ծիծեռնակաբերդ: Պատվիրակությանն ուղեկցում էր ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը:

Գերմանացի հյուրերը շրջեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում եւ ծանոթացան 20-րդ դարի մեծագույն ոճրագործությունը փաստող ցուցանմուշներին:

Գերմանիայի նախարարը նշեց, թե ուրախ է, որ Բունդեսթագը հստակորեն արտահայտվել է Հայոց ցեղասպանության թեմայով եւ նշել «ցեղասպանություն» բառը իր բանաձեւում: Նա շեշտեց, որ դա պետք է տեղի ունենար անկախ նրանից, թե ինչպիսին է Թուրքիայի դիրքորոշումն այս հարցում:

«Այս այցը խորապես տպավորեց մեզ, եւ շատ կարեւորում ենք, որ մենք՝  Բրանդենբուրգ երկրամասի ներկայացուցիչներս,  այսօր գտնվում ենք այստեղ:  Հայոց ցեղասպանության թեման Գերմանիայի երկրամասերից առաջինը հենց  Բրանդենբուրգում է սկսել դասավանդվել, եւ իմ իրավանախորդների օրոք դա արդեն իսկ ներդրվել էր: Այն արդեն առնվազն 10 տարի  դասավանդման թեմա է դպրոցներում»,-ասաց նա:

2016 թվականի հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, որն ունի «1915 թ. հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» անվանումը: Բանաձևն ընդունվել էր ունենալով ընդամենը մեկ դեմ, մեկ ձեռնպահ ձայն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031