«Հասան Ռուհանիի վերընտրվելը մեզ համար լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում». իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ Իրանի նախագահի պաշտոնում Հասան Ռուհանիի վերընտրվելը մեզ համար լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում։

Ըստ իրանագետի՝ Ռուհանիից մեր ակնկալիքները մի քանի ոլորտների են վերաբերում, որտեղ, նրա խոսքով՝ Հայաստանը և Իրանն ակնհայտորեն գրանցել են հաջողություններ.

«Տարբեր մակարդակների վրա են այդ հաջողությունները։ Եթե էներգետիկ ոլորտը հայ-իրանական հարաբերությունների շոգեքարշն է, կառուցվում է երրորդ բարձրավոլտ էլեկտրագիծը, ապա մի շարք ոլորտներ կան, որոնք կաղում են, օրինակ՝ հաղորդակցության ուղիների՝ ճանապարհների խնդիրը։ Անձամբ Ռուհանին է հայտարարել, որ Իրանը Հայաստանը դիտարկում է՝ որպես կարևորագույն հանգուցային երկիր՝ Պարսից ծոցը Սև ծովին կապող միջանցքի ծրագրում, և մենք հնարավորինս արագ պետք է իրականացնենք առնվազն այդ հաղորդակցության ուղիների առաջին բաղադրիչը՝ «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղին»։

Իրանագետը նշեց, որ Չինաստանում «Մետաքսի ճանապարհի» վերաբերյալ տեղի ունեցած համաժողովի ընթացքում փաստվեց, որ չինացիներն ավելի են ակտիվացնում այդ ծրագրի շուրջ իրենց ջանքերը, և ըստ նրա՝ այս համատեքստում մենք պետք է օրակարգից դուրս չթողնենք հայ-իրանական երկաթուղու խնդիրը։

«Այստեղ մենք ունենք մի հետաքրքիր զարգացում ևս. Ռաշտ-Աստարա երկաթգիծը, որը կապելու էր իրանական երկաթուղին ադրբեջանականի հետ, առայժմ չի կառուցվում, և դրա կառուցման համար Ադրբեջանի կողմից խոստացված գումարը չի տրամադրվել։ Ավելին, ադրբեջանական այն բանկը, որը խոստանում էր այդ գումարը տրամադրել, սնանկացել է։ Այսինքն՝ մեզ համար թշնամական երկրի հետ իրականացվելիք ծրագիրն այս պահին առկախվել է, սա ուրախալի փաստ է։ Մեզ համար բացվել են լրացուցիչ հնարավորություններ, որպեսզի ձեռնամուխ լինենք այդ օրակարգի իրականացմանը»։

Մյուս կարևոր ոլորտը, ըստ Ոսկանյանի՝ եռակողմ-քառակողմ ձևաչափերով գործակցության ձևավորումն է՝ ընդգրկելով դրանցում Վրաստանին, Թուրքմենստանին և որոշ դեպքերում՝ Ռուսաստանին. «Գիտեք՝ մեր երկիրը և Իրանը բանակցում են Հայաստան-Իրան-Թուրքմենստան եռակողմ գազային համաձայնագրի շուրջ, Վրաստանի հետ կրկին բանակցում ենք նման եռակողմ գազային համաձայնագրի շուրջ, և այստեղ որոշակի առաջընթաց գրանցվել է։ Այս ձևաչափերը թույլ են տալիս Հայաստանի դերակատարությունը մեծացնել մեր ողջ տարածաշրջանում»։

Իրանագետը նկատեց, որ այս ամենը հաշվի առնելով՝ Հասան Ռուհանին մեզ համար չափազանց ընկալելի, կանխատեսելի և արդեն իսկ Հայաստանի հետ գործակցության որոշակի փորձ և հաջողություն գրանցած անձնավորություն է։ Հետևաբար, նա կարծում է, որ Հայաստանը ստանում է լրացուցիչ հնարավորություններ՝ առանց հապաղման իրականացնելու հայ-իրանական ողջ օրակարգը»։

Տեսանյութեր

Լրահոս