ԱՊՀ-ի ՀՕՊ-ի համակարգի ուժերն անհրաժեշտության դեպքում կարող են ավելացվել
Անկախ պետությունների համագործակցության հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի ուժերի ու միջոցների կազմը բավարար է, բայց անհրաժեշտության դեպքում կարող է ավելացվել: Այդ մասին հայտարարել է ԱՊՀ-ի պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ՀՕՊ-ի համակարգող կոմիտեի նախագահ, Ռուսաստանի օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատար Վիկտոր Բոնդարեւը:
ՀՕՊ-ի միացյալ համակարգը մնում է ԱՊՀ-ի առաջին եւ իրապես գոյություն ունեցող միակ պաշտպանական համակարգը: «Ուժերի եւ միջոցների առկա կազմը բավարար է ՀՕՊ-ի առաջադրանքները հաջողությամբ կատարելու համար, բայց անհրաժեշտության դեպքում այն կարող է ավելացվել»,-ասել է Բոնդարեւը «Կրասնայա զվեզդա» թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել է մայիսի 22-ին:
Գեներալը ճշտել է, որ «այսօրվա դրությամբ ԱՊՀ-ի ՀՕՊ-ի պաշտպանական համակարգի ուժերի ու միջոցների կազմի մեջ մտնում են 19 ավիացիոն զորամասեր, զենիթահրթիռային զորքերի 38, ռադիոտեխնիկական զորքերի 15 զորամասեր, ՀՕՊ-ի ինը բրիգադ, ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի երեք զորամաս:
ԱՊՀ-ի ՀՕՊ-ի միացյալ համակարգն ստեղծվել է համագործակցության տասը երկրների համաձայնագրի հիման վրա, որը 1995 թվականին ստորագրվել է Ալմաթիում: Այժմ համակարգի կազմի մեջ մտնում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը:
1995 թվականից անցկացվում են ԱՊՀ-ի ՀՕՊ-ի միացյալ համակարգի ուժերի «Մարտական համագործակցություն» համատեղ վարժանքները, ինչպես նաեւ հրամանատարաշտաբային վարժանքներ՝ միացյալ համակարգի ուժերի կառավարման մարմինների եւ հակաօդային պաշտպանության հերթապահների մասնակցությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: