Բիլ Գեյթսը ներկայացրել է 2016թ. իր կարդացած 5 լավագույն գրքերը
Ամերիկացի միլիարդատեր Բիլ Գեյթսն ամեն տարի մոտ 50 գիրք է կարդում։ «Ցանկացած նոր թեմայի վերաբերյալ որևէ բան սովորելու իմ ամենասիրելի տարբերակը գիրք կարդալն է,- cnbc.com-ի հաղորդմամբ՝ այս մասին Գեյթսը գրել է իր բլոգում՝ նշելով,- Մեկ շաբաթվա ընթացքում մի գիրք էի կարդում դեռ այն տարիներից, երբ երեխա էի։ Նույնիսկ, երբ ծրագրերս դուրս են գալիս վերահսկողությունից, շատ ժամանակ եմ հատկացնում ընթերցանությանը»։ Գեյթսը ներկայացրել է 2016թ. իր կարդացած 4 լավագույն գրքերը, ինչպես նաև նշել ևս մեկը։
1. Դեյվիդ Ֆոսթեր. Ուոլես «Լարերի տեսություն»։ «Լարերի տեսություն»-ը թենիսի մասին էսսեների ժողովածու է, բայց ինչպես գրում է Բիլ Գեյթսը, պարտադիր չէ թենիս խաղալ կամ դիտել՝ այս գիրքը սիրելու համար։
2. Ֆիլ Նայթ. «Կոշիկ վաճառողը»։ Գրքի հեղինակը «Nike» ապրանքանիշի համահիմնադիր Ֆիլ Նայթն է։ Ըստ Բիլ Գեյթսի, այս գիրքն ազնվորեն հիշեցնում է, թե ինչի է նման բիզնես հաջողության ճանապարհը՝ կեղտոտ, վտանգավոր, լի սխալներով։ «Չեմ կարծում՝ Նայթը փորձում է որևէ բան սովորեցնել ընթերցողին։ Նա այլ, ավելի լավ բան է անում՝ իր պատմությունը պատմում է այնքան անկեղծորեն, որքան կարող է։ Դա իսկապես զարամահրաշ պատմություն է»,- ասում է Գեյթսը։
3. Սիդհարթա Մուհերժի. «Գեներ»։ Մուհերժին Կոլումբիայի համալսարանի բժշկագիտության պրոֆեսոր է, Պուլիցերյան մրցանակակիր։ Գեյթսի խոսքով՝ գրքում հեղինակը ներկայացնում է գենետիկայի անցյալը, ներկան ու ապագան՝ հատուկ շեշտադրելով էթիկական հարցերը, որոնք առաջացնում են տեխնոլոգիաները։
4. Արչի Բրաուն. «Ուժեղ առաջնորդի առասպելը»։ «Այս տարվա կոպիտ ընտրական պայքարն ինձ դրդեց կարդալ 2014թ. գրված այս գիրքը, որի հեղինակն Օքսֆորդի համալսարանի գիտնականն է, ով ավելի քան 50 տարի ուսումնասիրել է քաղաքական լիդերությունը»,- գրել է Գեյթսը։ Ըստ նրա՝ Բրաունը ցույց է տալիս, որ այն առաջնորդները, ովքեր ամենամեծ ներդրումն են ունենում պատմության ու մարդկության համար, հիմնականում նրանք չեն, ովքեր ձգտում են «ուժեղ լիդերներ» լինել։ Հակառակը, նրանք հակված են համագործակցության, լիազորությունների փոխանցման և բանակցության ու հասկանում են, որ որևէ մեկը չի կարող կամ պարտավոր չէ ունենալ բոլոր հարցերի պատասխանները։
5. Գրեթչեն Բաքե. «Ցանց»։ Էներգետիկ ցանցի մասին Բաքեի այս գիրքը ևս տեղ է գտել Գեյթսի ցանկում։ Գեյթսի համոզմամբ՝ նույնիսկ, եթե երբեք չեք մտածել այն մասին, թե ինչպես է էներգիան հասնում ձեզ, այս գիրքը կհամոզի, որ էներգետիկ ցանցերը ժամանակակից աշխարհի ինժեներական ամենամեծ հրաշքներից են։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը